...

Սամվել Բաբայանը կողմ է, բայց դեմ է

Սամվել Բաբայանը կողմ է, բայց դեմ է

Պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը չորսուկես ամիս) 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, պետք է ծառայի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ «Եթե այս ամբողջ ընթացքը ստուգենք, կտեսնենք, որ անձինք զինկոմների, ծանոթների միջոցով գումար են տվել ու չեն ծառայել, հիմա պետությունն ասում է՝ վճարիր ու մի ծառայիր։ Չորսուկես ամիս պատրաստվիր, դրանից հետո հինգ տարի քեզ մոբռեսուրս չեն հրավիրելու, բայց դրանից հետո տարեկան մեկ շաբաթով գալու ես, պատերազմ սկսվի, գնալու ես առաջին գիծ. հիմա հարց է առաջանում՝ զինվորն ազատվի՞ բանակից, թե՝ ոչ։ Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե փո՞ղ ենք աշխատում։ Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է, բայց եթե չենք գնում պրոֆեսիոնալ բանակի և փող ենք աշխատում, սա անընդունելի է»,- News.am-ի փոխանցմամբ նշել է Սամվել Բաբայանը։

Բայց ամենակարևորի մասին Սամվել Բաբայանը լռում է՝ ընդամենը հռետորական հարցադրում անելով։ Փող աշխատելու ուղղությա՞մբ ենք գնում, թե՞ ոչ։ Ո՞րն է Սամվել Բաբայանի կարծիքը։ Պարզ չէ։ Փոխարենն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի հետ Բաբայանի սիրախաղը չի ընդհատվում։ Իրեն լավ աչքով շարունակեն նայել՝ կասի՝ ամեն բան անում են, որ պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Հանկարծ թարս նայեցին՝ ապացուցելու է, որ իշխանությունը պարզապես գնում է ուղիղ փող աշխատելու ճանապարհով։ Եթե առաջ գումարը ստվերում էր շրջանառվում և ստվերից էր գնում ոմանց գրպանը, ապա հիմա ուղիղ կհավաքագրեն ու կյուրացնեն։ Անկապ ծրագրեր ու հիմանդրամներ կմոգոնեն, գումարը կուղղեն էդտեղ՝ ցույց տալով իբր նպատակային են ծախսում, բայց, թե ինչ կլինի այն նպատակի տակ ծածակագրված՝ կարևոր չի լինի։  Բոլոր դեպքերում Բաբայանի՝ Հ1-ի տաղավարում հայտնվելը պատահական չէ․ այստեղ յուրայիններն են հայտնվում և հենց նրանց միջոցով է մոդելավորվում հանրային կարծիքը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ