...

Շուկայում հայկական լոլիկ չես գտնի

Շուկայում հայկական լոլիկ չես գտնի

Ջերմոցը քանդել է

Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանը քանդել է վարունգի ջերմոցը: Այժմ սածիլներն է ջերմոցից աղբավայր տեղափոխում: 2 ամիս առաջ վարունգ է ցանել, բայց հիմա ամեն ինչ վերացնում է: Պատճառը դրսից ներմուծվող գյուղմթերքն է: Ներկրված վարունգը տեղականի համեմատ էժան է վաճառվում, տեղականը մրցակցությանը չի դիմանում:

Արկղերով են վաճառվում, կիլոգրամը 450 դրամից սկսած: Մենք այդ գնով չենք կարողանում վաճառել, մեր բերքի ինքնարժեքը թանկ է նստում: Մրցունակ չենք, գազի  գինը մեզ մոտ թանկ է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում դժգոհեց ֆերմերը:

Ասում է՝ գյուղատնտեսությունը քայքայման եզրին է: Իսկ ֆերմերը մտածում է, թե ինչպես է վարկերը մարելու:

«7 միլիոնի վարկ ունեմ: Մենք ունենք արտադրություն, որի ինքնարժեքը հավասար է, կամ նույնիսկ մի քիչ բարձր է ներկրվածների վաճառքի գնի համեմատ»,- նշեց Դարակերտի բնակիչը:

Փաստի առաջ նաև լոլիկ մշակողներն են կանգնած: Շուկայում այսօր ոչ մի կիլոգրամ հայկական լոլիկ չես գտնի, վաճառվող լոլիկները թուրքական են: Մոտավոր հաշվարկով  5 տոկոսն է տեղական: Ի տարբերություն այս մթերքների՝ պղպեղի մի մասը հայկական է:

Քիչ են մշակել

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20տ:

Լոլիկը ներկրվել է Իրանից՝ 693, Վրաստանից` 46.1  և հիմնական քանակը` 2756 տոննան Թուրքիայից:
Ֆերմերի խոսքով՝ նախորդ տարի լոլիկ շատ են մշակել, երբ դրսից ներմուծել են, իրենք թուրքական լոլիկի գնից էլ էժան չեն կարողացել բերքն իրացնել: Այս տարի էլ քիչ են մշակել:

«Ներմուծում եղավ և ունեցանք լճացում: Այս տարի ջերմոցատերերի մոտ 70 տոկոսը լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեն սկսեցին քիչ մշակել: Մեզ մոտ բանջարեղեն մշակելը ոնց որ հակացուցված լինի: Դրա համար աստիճանաբար սկսեցին ավելի շատ ներկրել: Յուրաքանչյուր ֆերմեր գիտեր, որ մինուսով է  աշխատելու, դրա համար էլ չի ցանել»,- նկատեց հողագործը:

Թուրքական, պարսկական լոլիկները վաճառվում են կիլոգրամը 500 դրամով:

«Ինքնարժեքի և ներկրվածի գինը պետք է հավասար լինի, ոչ թե մեկը մյուսից ցածր ու բարձր: Այս պարագայում ներկրվածի գինը մեր արտադրանքի ինքնարժեքից բարձր է: 500 դրամ մեր արտադրանքի ինքնարժեքն է, որովհետև դեկտեմբերին բերքատվությունը ցածր է: Եթե գարնանը մեկ քառակուսի մետրից ստանում ենք մինչև  25 կիլոգրամ, ապա աշնանը մոտ 10-15: Ծախսերի 70 տոկոսը գնում է էներգակիրների վրա»,- բացատրեց հողագործը:

Ազգին թունավորում են

Հայաստանում մեծ թափով կառուցվում են ժամանակակից ջերմատներ: Բույսերը ոռոգվում են կաթիլային ոռոգման համակարգով, մշակության համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաները նորարարական են: Չնայած աշխատանքի հեշտացմանը՝ Արմեն Սիմոնյանն այլ խնդիր է տեսնում:

«Հիդրոպոնիկան (բույսերի աճեցում առանց հողի) մեր ժողովրդի համար աբսուրդ է: Եթե հիդրոպոնիկայով մենք մշակում ենք բանջարեղեն, նշանակում է, որ  թունավորում ենք մեր ազգին, որովհետև լրիվ նյութերը քիմիական են: Ճիշտ է՝ մարդ չի սպանում, բայց դանդաղ մահ է առաջացնում: Բույսը վիտամիններով հարուստ չէ: Մեզ էլ են հորդորում այս սիստեմով աշխատել, նշանակում է՝ մեր ազգի թշնամին ենք»,- նոր տեխնոլոգիայով աճեցված բույսերի վտանգավորությունն է ներկայացնում հողագործը:

Հիդրոպոնիկայով բանջարեղեն աճեցնում են «Սպայկա» ընկերությունն ու Հրազդանում գործող ջերմոցային տնտեսությունը: Այս ընկերությունների արտադրանքը մեր շուկայում գրեթե չի վաճառվում, արտահանվում է: 
«Մեծ բիզնեսի արտադրանքը դուրս է գնում, իսկ  միջին և փոքր բիզնեսն այսօր «կռախի» առաջ են»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Գյուղացիները պնդում են՝ կարող են մեծ ծավալի բերք արտադրել: Չեն մշակում, որովհետև ներկրումների հետ չեն կարողանում մրցակցել: Ասում են, եթե պետությունը թույլ չտա, որ դրսից բերք մտնի, կարող են զարգացնել գյուղատնտեսությունը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ