...

Սիգի և կարասի որսն օրինականացվում է

Սիգի և կարասի որսն օրինականացվում է

Նոր նախագծով՝ արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից: Ըստ նախարարության՝ այս ծրագրով ձկնորսությունը Սևանա լճում խիստ հսկողության տակ կպահվի:

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից:

Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը

Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։

Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

Ի դեպ, փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ ձկնորսության դեմ պայքարի այս ծրագիրը կանաչ լույս է վառում սիգ տեսակի ձկան արտադրությամբ զբաղվողների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ