...

Ձկնապաշարի նվազումը՝ Սևանի «ծաղկման» պատճառ

Ձկնապաշարի նվազումը՝ Սևանի «ծաղկման» պատճառ

Սևանա լիճը «ծաղկում» է

Սևանա լճում նկատվում է կապտականաչ ջրիմուռներ աճ՝ լճի «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Փոխնախարարը լճի «ծաղկման» համար երեք հիմնական պատճառ է նշել՝ լճի մակարդակի իջեցում, օրգանական նյութերի կուտակում և գլոբալ տաքացում:

«SOS Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ Սևանա լճի խնդիրների մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են: Նրա կարծիքով՝ լիճը «ծաղկում» է ձկան պաշարների նվազման հետևանքով:

«Մեզ ոչ ոք չէր ուզում լսել, նույնիսկ այն գիտնականները, որոնք հիմա պնդում են, թե վիճակը վատ է: Հիմա սիգի ազատ որս է, ինչին դեմ դուրս եկան մասնագետները: Ասացին, որ ձկան պաշարի հետընթացը կարող է բերել նրան, որ լճի էկոլոգիան չվերականգնվի, և ծաղկումը շարունակվի: Այս առումով, իհարկե, լուրջ խնդիր կա: Բոլորս խոսել ենք այդ մասին, գիտնականները ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն նախարարությունը չի ուզել այդ կարծիքները հաշվի առնել: Սիգի որսի օրինականացումը բացատրում են, որ այսպես թե այնպես տարածաշրջանի բնակիչները ձուկն անօրինական ճանապարհով լճից հանում են: Դա արդարացում չէ: Դա պատճառներից ամենակարևորն է, որ տարեցտարի ծաղկումը տեսնում ենք: Ջրի մակարդակի իջեցման հետ կապված ձկնապաշարներն էլ են քչացել: Ձկնապաշարների վերականգնումը կբերի նրան, որ ծաղկումը հետընթաց կունենա»,- նկատեց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը նշեց, որ բնապահպանները զգուշացրել են, որ այս տարի էլ Սևանա լճի «ծաղկումն» անխուսափելի է, բայց նախարարությունը դրան մատների արանքով է նայում:

«Հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականներն անընդհատ խոսում են այն մասին, որ կանգնած ենք լճի «ծաղկման» խնդրի առաջ: Մենք պետք է երկու խնդիր լուծենք: Պետք է բարձր պահենք լճի մակարդակը և ավելացնենք ձկնապաշարները մեծ քանակությամբ: Իրոք, ձուկն է, որ այդ լուրջ խնդիրը՝ «ծաղկումը», կարող է վերացնել»,- մատնանշեց նա:

Սևանի խնդիրների մասին խոսելիս մասնագետը բարձրացնում է նաև լճից ջրառ կատարելու հարցը: Դեռ 2 տարի առաջ են «S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն ու բնապահպանները ԱԺ-ի դիմաց ցույց արել՝ պնդելով, որ ջրառը լճի համար աղետալի հետևանքներ կունենա: Այս տարի էլ ոռոգման նպատակով Սևանից ջուր կվերցնեն: Կառավարության որոշմամբ լճից ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170.0 մլն խմ:

«2 տարի շարունակ խոսում ենք լճի ծաղկման մասին: Չնայած ասում են, որ ջրառը քիչ է լինելու, բայց ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ոռոգման շրջանն ինչպես կլինի և Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն, թե՝ ոչ: Շատ վատ վիճակ է ստեղծվելու, լիճը կկորցնենք: Հիմա արդեն ճահճացման վտանգ կա: 3- 4 տարի առաջ խոսել եմ կլիմայական փոփոխությունների մասին և զգուշացրել, որ կլիմայական փոփոխությունների պատճառով Սևանա լճի հետ կապված խնդիրներ կառաջանան: Ինձ պատասխանել են, որ գլոբալ կլիմայական փոփոխությունները մեզ չեն սպառնում: Բայց նկատեմ, որ հրդեհներ եղան, Սևանում խնդիրներ կան, ամբողջը կլիմայական փոփոխությունների հետևանքն է»,- նշեց նա:

Բնապահպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Սևանա լճի «ծաղկումից» խուսափելու համար պետք է ձկնապաշարներն ավելացնել: Մինչդեռ կառավարությունը լճում ձկան պաշարների ավելացման փոխարեն հակառակ գործընթացն է սկսել՝ օրինականացնելով սիգի որսը:

Քննարկման է ներկայացված այս տարվա որսի չափաքանակի կառավարության որոշման նախագիծը: Թույլատրվելու է 500 գրամից ոչ պակաս սիգի արդյունագործական որս 200 տոննայի սահմանում, իսկ կարասի որս՝ անսահմանափակ: Որսը նախատեսվում է թույլատրել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի 17 տեղամասերում 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ի դեպ, հաշվարկների համաձայն, եթե 2018-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ. այն նվազել է 9.5 % -ով՝ հասնելով 660 տոննայի: Իշխանի պաշարները 2017-ին գնահատվել են մոտ 17 տոննա, իսկ 2018-2019 թթ. իշխանի պաշարները 1-1,5 տոննայի սահմաններում են: Նվազել է նաև կարասի պաշարը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ