...

Սոպրոմատի հանրամատչելի դասընթաց

Սոպրոմատի հանրամատչելի դասընթաց

ԸՆԹԱՑԻԿ

Պետությունը բավականաչափ բարդ մեխանիզմ է: Բարդ և անհասկանալի: Պետական կառուցվածքին առնչվող տեսական հարցերը հասարակական գիտակցության մեջ սովորաբար նույնացվում են բարձրաստիճան իրավաբանների դասախոսության հետ: Թեպետ պետք է նշենք, որ պետության և պետականության գաղափարներն առավել հաջող նկարագրել է Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը՝ «Տո պետությունը դու՞ ես, պետությունը ե՛ս եմ, ե՛ս»: Փորձենք և մենք քննել, թե ինչ է պետականությունը և ինչ կապ ունի այն իշխանության հետ:

Պատկերացնենք շարժվող մարդկանց ամբոխ: Դա ժողովուրդն է, որի ներկայացուցիչները ծավալում են տնտեսական-քաղաքական կամ այլ տեսակի ակտիվություն: Գործունեության յուրաքանչյուր ձև յուրովի ազգային է, յուրովի ազգանպաստ: Եվ որքան այդ գործունեությունը ակտիվ է, այնքան արագ է ձևավորվում շրջանակը, կաղապարը: Ճիշտ այնպես, ինչպես մեղրի թանձրությունն ուղիղ համեմատական է մեղուների քանակին և ակտիվությանը: Այդ կաղապարը պետությունն է:

Պետք չէ հասկանալ այդ շրջանակը որպես շոշափելի փշալարապատ պետական սահման կամ որպես օրենքների ժողովածու: Ոչ՝ դա հասարակական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ողջ համալիրն է, ժողովուրդ և իշխանություններ, գործատու և արհմիություններ, պետություն և տնտեսվարող, իշխանություն և ընդդիմություն, խորհրդարան և կառավարություն: Հենց այս հարաբերությունների անխափան զարգացման շնորհիվ ձևավորվում է պետականություն կոչվող շրջանակը, ժողովուրդը դառնում է հասարակություն: Գործընթացներում նկատվում է տրամաբանություն: Իսկ այժմ իջնենք տեսական եթերային բարձունքներից մեր մեղսական երկիր, իսկ ավելի ճիշտ՝ Երկիր մոլորակի այն հատվածը, որը Հայկ Նահապետի բարի անունով կոչվել է Հայաստան: Հայաստան ասելով նկատի ունենք ոչ թե ծովից ծովը, այլ 29 հազար քառ. կմ-ի վրա պարփակված կազմավորումը: Ըստ տրամաբանության Հայաստանում վերոհիշյալ շրջանակը պետք է խարսխված լինի նույն գործընթացների վրա, ինչ որ ամբողջ աշխարհում: Ամբողջ աշխարհում կան ժողովուրդ-իշխանություններ հարաբերություններ: Դա նշանակում է, որ ժողովուրդն օրենքի համաձայն ստանում է իշխանություններ, որոնք և պատասխանատու են նրա առջև:

Մեզանում իշխանությունները ստանձնելով իրենց պաշտոնները բոլոր հնարավոր օրենքների խախտումով (միայն 1998թ. նախագահական ընտրություններն ի վիճակի էին շարքից հանել Հայաստանից շատ ավելի հզոր պետություն), ցուցադրում են իրենց լիակատար անկախությունն ու սուվերենությունը հասարակությունից: Ավելին, իշխանությունը օրենքների պերմանենտ խախտումով այլասերում է հասարակությանը:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, մենք դեռ կարող էինք էլ չանհանգստանալ մեր երկրի ապագայի համար: Գոյություն ունեն, չէ՞, լատինաամերիկյան երկրներ, որտեղ ամեն մի երկրորդ նախագահ ապօրինի է: Բայց մեզանում իրավիճակն ավելի բարդ է, որովհետև եթե սկսենք քննել իշխանության կառուցվածքը, որի հիմքն է նրա թևերի անկախությունը, մենք կպարզենք, որ խորհրդարանն արդեն վաղուց ֆիկցիա է, որովհետև հլու-հնազանդ կատարում է գործող նախագահի ցանկացած քմահաճույք, և իշխող կուսակցությունն ի վիճակի չեղավ նույնիսկ խորհրդարանի նախագահ փոխել: Ֆիկցիա է նաև կառավարությունը, որի ձեռքից օր-օրի խլում են լիազորություններ:

Թարմ օրինակ. կապի նախարարը բողոքում է, որ րոպեավճարի ներմուծումը օրենքի խախտում է: Եվ բողոքում է ու՞մ: Լրագրողներին:

Չէ, դուք երևի չհասկացաք, կառավարության անդամը բողոքում է, որ տնտեսվարող սուբյեկտը խախտում է օրենքը: Երկրորդ իշխանության ներկայացուցիչը բողոքում է՝ փոխանակ գործերը երրորդ իշխանությանը հանձնելու, որն, ի դեպ, նույնպես գոյություն չունի (հոկտեմբերի 27-ի դատը ձեզ օրինակ): Չխոսեցինք ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին: Իշխանությունների համառ ջանքերով ընդդիմությունը Հայաստանում ոչ ևս է. ԱԺՄ-ն նախ «փչացվեց», հետո արհեստականորեն տրոհվեց, իսկ հիմա վերջնականապես ոչնչացվում է: Աշոտ Բլեյանը երկու տարուց ավելի նստեց բանտերում, Մանուչարյան Աշոտին այցելել է քննիչը, Վանո Սիրադեղյանը տարագրության մեջ է: Ամեն օր ցեխի դույլ է լցվում ՀՀՇ-ի վրա: Լիկվիդացնելով իրական քաղաքական դաշտը, երկրի փաստացի ղեկավարը ստեղծում է գրպանի կուսակցություններից, ծախու չինովնիկներից կազմված սեփական մարգինալ քաղաքական դաշտ: Ոչնչացնելով իրական տնտեսական դաշտը, փաստացի նախագահը ստեղծում է մարգինալ տնտեսական դաշտ՝ կազմված գրպանի ձեռներեցներից, չինովնիկ-գործարարներից: Ոչնչանում են ոչ միայն առաջին երեք իշխանությունները, այլև չորրորդը:

Անկախ մամուլը ճնշվում է, և նույն տրամաբանությամբ սնկի պես աճում են ծախու գրչակները: Ինչպես չհիշես Հրանտ Բագրատյանի խոսքերը. «Մեզ մոտ չկա կուսակցական մամուլ: Կա վատ նոմենկլատուրային մամուլ»: Դե իսկ վերջում ընթերցողին մի քիչ ուրախացնելու համար հիշեցնեմ մի լրիվ վիրտուալ թանկ գործոնի` արհմիությունների մասին: Այսպիսի պայմաններում պետությունն ի վիճակի չի գոյություն ունենալ, իսկ ինձ համար ճիշտն ասած նշանակություն չունի, թե ով է քանդում 9 հազ. քառ. կմ-ում պարփակված տարածքը՝ հանցագո՞րծը, թե՞ գործող նախագահը: Սոպրոմատի հիմքերից է Նյուտոնի երրորդ օրենքը, ըստ որի ուժը հավասար է հակաուժին: Հակաուժի բացակայության պայմաններում քայքայվում է նաև ուժը: Հասարակությունը դառնում է ժողովուրդ: Իսկ չունենալով պետության պես պահպանիչ շրջանակ, հասարակությունը քայքայվում է և ուծանում:

Ա. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 266, սեպտեմբերի 21, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ