...

Սպառողները բոյկոտում են

Սպառողները բոյկոտում են

Ընտրել տեղական ապրանք

Թուրքական արտադրության ապրանքների ներկրումն արգելելու կառավարության որոշումից հետո Հայաստանի սպառողների շրջանում բոյկոտի նոր ալիք է բարձրացել ուկրաինական և բելառուսական արտադրության ապրանքների դեմ։

Սոցիալական կայքերում քաղաքացիները կոչ են անում որևէ ապրանք գնելիս ընտրել դրա հայկական տարբերակը՝ խուսափելով թուրքական, ուկրաինական և բելառուսական ապրանքներից։

Facebook-ում ակտիվորեն տարածվում է «Մի՛ գնեք ուկրաինական և բելառուսական ապրանք» ակցիան, որի մասնակիցները գրում են. «Ուկրաինական ապրանք գնելով՝ դուք զինում եք թուրքերին։ Թուրքական անօդաչու թռչող սարքերի` Bayraktar-ի շարժիչներն արտադրվում են Ուկրաինայում», «Հիշի՛ր՝ Ստեփանակերտը հրթիռակոծվում է բելառուսական «Պոլոնեզ» համակարգով»:

Ի տարբերություն թուրքական ապրանքների՝ ուկրաինականի դեպքում շտապել պետք չէ: «ՉԻ»-ի հետ զրույցում նկատում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ասում է՝ ինքնաբավ երկիր լինելու դեպքում կարող ենք ցանկացած երկրի ապրանք բոյկոտել, բայց այս պահին նման հնարավորություն չունենք: Ուստի, ըստ փորձագետի, պետք չէ էմոցիոնալ որոշումներ կայացնել, որի հետևանքով կարող են տնտեսության մեջ ցնցումներ առաջանալ:

«Պետք չէ հուզական և պահի տակ կայացրած որոշումներով առաջարկություններ անել՝ չմտածելով, թե հետագայում ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատերազմական վիճակում գտնվելու դեպքում պետք չէ նման որոշումներ ընդունել և ասել՝ այս երկրից չենք ուզում ապրանք ներկրել, այն երկրից չենք ուզում, դա զգայուն է մեզ համար»,- նշեց նա:

Կարեն Չիլինգարյանի խոսքով, եթե այս տրամաբանությամբ գործենք, պետք է բոյկոտենք բոլոր այն երկրների ապրանքները, որոնք Թուրքիային կամ Ադրբեջանին զենք են վաճառում: Այդ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում նաև Ռուսաստանի Դաշնությունը:

«Ադրբեջանն ամենամեծ քանակությամբ զենքը հենց ՌԴ-ից է գնում, պետք է նաև ՌԴ-ից ներկրվող ապրանքները բոյկոտե՞նք, այդպես է ստացվում: Դա սխալ մոտեցում է: Թուրքական ապրանքների բոյկոտումն ու արգելքը հասկանալի է, քանի որ այդ երկիրը ներգրավված է պատերազմում: Թուրքական ապրանքների դեպքում մոտեցումը ճիշտ է»,- մատնանշեց փորձագետը:

Կարեն Չիլինգարյանը, սակայն, կոչ է անում չմերժել թուրքական այն ապրանքները, որոնք արդեն վաճառվում են հայկական շուկայում։

Այս դեպքում վնասում ենք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին, որոնք մաքսատուրքեր են վճարել՝ ապրանքը հասցնելով մեր երկիր: Չկարողանալով այն իրացնել՝ գործարարները զգալի վնաս կկրեն, տնտեսություններն էլ կհայտնվեն ծանր վիճակում:

Պետք է նոր շուկաներ որոնել

Ռուսաստանից հետո Ուկրաինան երկրորդ պետությունն է, որտեղից մեծ քանակությամբ ապրանքներ են ներկրվում մեր երկիր:

Ուկրաինայից ներկրվում են հիմնականում պարենային ապրանքներ, թռչնամիս, ծխախոտ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ այս տարի, օրինակ, Ուկրաինայից մեր երկիր է ներկրվել անգամ թուրքական մաստակ:

Իսկ ընթացիկ տարում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 9696 տոննա թռչնամիս:

Նշենք, որ հայ թռչնաբույծները մշտապես բողոքում են, որ Ուկրաինայից էժան և անորակ գներով թռչնամիս բերելով տեղական արտադրողները չեն կարողանում իրացնել սեփական արտադրանքը: Նրանք արդեն տարիներ շարունակ պահանջում են արգելել Ուկրաինայից թռչնամսի ներկրումը:

Բոլոր դեպքերում «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը հորդորում է կշռադատված մոտեցում ընդունել:

«Բելառուսական ապրանքները ավելի մատչելի են, քան այլ երկրներինը: Ուրեմն, պետք է բոլորին բոյկոտե՞նք: Այդպիսի գործունեություն ծավալելու դեպքում և՛ տնտեսությունը, և՛ ժողովուրդը կտուժեն: Պատերազմական իրավիճակ է, ցանկացած սխալ շարժում ցնցում կլինի մեր տնտեսության համար: Ուկրաինայից կոնֆետ, հրուշակեղեն է բերվում: Այո, որոշակի ապրանքներ կան, որոնք մենք տեղում կարող ենք արտադրել, բայց կան ապրանքներ, որոնց բացը լրացնելը դժվար է: Դրա համար որոշակի ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, որ տեղական արտադրությունը զարգանա: Կենցաղային ապրանքներ էլ են բերվում: Պետք է նոր շուկաներ գտնել, նոր բոյկոտի կոչեր անել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի տարբերություն թուրքական ապրանքների դեմ ծավալված ակցիայի՝ ուկրաինական և բելառուսական ապրանքների բոյկոտին հայաստանյան խոշոր սուպերմարկետներն առայժմ չեն միացել։

«Իրացման ցանցերը չեն կարող իրենց վնասների հաշվին բոյկոտել ապրանքները: Սպառողները, եթե չգնեն այդ ապրանքները, տնտեսվարողները կտուժեն: Թուրքականի դեպքում խնդիրն այլ հարթությունում է, դրա համար բոլորը միաձայն որոշում կայացրին: Չպետք է մոռանալ, որ այս իրավիճակում պետք է տնտեսությունն ուժեղացնել և ոչ թե հակառակն անել»,- ընդգծեց նա:

Առևտրաշրջանառությունը նվազել է

Այս տարվա 5 ամիսների տվյալներով՝ Ուկրաինայի և Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6 տոկոսով:

Նախորդ տարի, չնայած ներմուծման ծավալների կրճատմանը, Ուկրաինայից Հայաստան են ներմուծվել մոտ 150 մլն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 2.7 տոկոսը։

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ