...

Սպասե՞լ «Բեյբի բումի»

Սպասե՞լ «Բեյբի բումի»

«Բեյբի բումի» մեկնարկի հետքերով

Առաջին և երկրորդ երեխայի նպաստի բարձրացումը Հայաստանում «Բեյբի բումի» չի բերի: «ՉԻ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Կառավարությունն արդեն սկսել է իրականացնել ժողովրդագրական իրավիճակի բերալավման առաջին քայլերը: 
2020-ի հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ներկայիս 50 և 150 հազարի փոխարեն կդառնա 300 հազար։

Բայց մի կարևոր փոփոխություն էլ կա. նպաստը կստանան նաև աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում։ Իսկ եթե մայրը գյուղական վայրում նաև աշխատանք ունի, ապա երեխայի խնամքի նպաստը մինչև նրա 2 տարեկան լրանալը կլինի կրկնակի՝ ամսական 53.000 դրամ։ 

Կառավարությունը նպատակ ունի ֆինանսական խրախուսման այս տարբերակով նպաստել ծնելիության աճին՝ այսպիսով կոչ անելով «Բեյբի բում» ապահովել:

Ժողովրդագիրը նկատում է՝ անգամ, եթե այս տարբերակը նպաստի ծնելիության աճին, այն նշանակալի արդյունք չի տա: Ըստ նրա՝ ծնելիությունը խրախուսելու համար քիչ են դրամական միջոցները:  Ծնելիության աճի վրա ազդող մի շարք հանգամանքներ կան:

«Ծնելիությունը նվազում է նաև այն պատճառով, որ ծնող տարիք են մտել 2000-ականների թվին ծնվածները, որոնց թիվը քիչ է: Նրանք քիչ են, հետևաբար, իրենց կողմից ծնվածների թիվը ևս պակաս է: Գործոններից է նաև բնակարանային խնդիրը և այլն»,- նշեց նա:

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի կնվազել, եթե համալիր միջոցառումներ չիրականացվեն։

«Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել կամ հետաձգում են ամուսնությունը, իսկ ստեղծելուց հետո էլ զույգերը շատ երեխաներ չեն ունենում՝ կրկին պայմանավորված սոցիալական խնդիրներով»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մասնագետները նշում են, որ մեր երկրում առաջին և երկրորդ երեխայի խնդիրը սուր չէ, որպես կանոն ամուսնական զույգերը առաջին երկու երեխաներին ունենում են՝ անկախ պետության հոգածությունից։

Մտահոգիչ է հատկապես երրորդ, չորրորդ ու ավելի երեխաների հարցը:

«Մինչև հիմա նման քաղաքականություն վարվում էր՝ առաջին, երկրորդ երեխայի նպաստը սիմվոլիկ էին: Քիչ թե շատ օգնություն էր տրվում նաև երրորդ և ավելի երեխա ունենալու դեպքում, բայց կարելի է նայել դրա արդյունքը՝ այդքան էլ բարենպաստ չէր: Կան որոշակի դրական կողմեր, բայց դա խնդրի լուծում չէ»,- ընդգծում է ժողովրդագիրը:
 
Ըստ նրա՝ բոլոր ժողովրդագրական հարցերը համակարգային են: Իրավիճակը շտկելու համար քաղաքական, տնտեսական, սոցիալական ուղղություններով համալիր ծրագիր պետք է իրականացվի։ 

Ցուցանիշները ոգևորիչ չեն

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը բնութագրող ուղղություններում՝ ծնելիության, միգրացիայի և ծերացման ցուցանիշները դեռ անհանգստացնող են:

Օրինակ ծնելիության ցուցանիշները ևս ոգևորիչ չեն: Հանրապետությունում առաջին կիսամյակում ծնվել է 16 111 երեխա, որից 8 450-ը՝ տղա: Ծնելիությունը ընդհանուր առմամբ նվազել է 0.5%-ով: Ծնելիության ամենամեծ նվազումը գրանցվել է Սյունիքի մարզում` 9 %: Հաջորդիվ գալիս է Շիրակի մարզը՝ 6.4 % նվազում:

Ծնելիության ցուցանիշների ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում (1400 ծնունդ) և Արագածոտնում (668 ծնունդ):

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ