...

Թանկացումներ թռչնամսի շուկայում

Թանկացումներ թռչնամսի շուկայում

Թռչնամսի ներկրումը 2020 թվականին դառնալու է 25 տոկոս, իսկ վերջնական՝ 2022թ.-ից մեկ ընդհանուր մաքսատուրք է սահմանվելու` 80 %:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո ներկրվող թռչնամսի մաքսատուրքը տարեցտարի ավելանում է:

Հայաստան խորը սառեցված թռչնամիս է ներկրվում թե՛ ԵԱՏՄ-ի անդամ երկրներից՝ ՌԴ-ից, Բելոռուսից, Ուկրաինայից,  թե՛ երրորդ երկրներից՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից: Ստեփանյանը մատնանշում է, որ մաքսատուրքերի բարձրացումը կբերի շուկայի փոփոխության:

«Քանի տոկոսը բարձրանում է, երրորդ երկրներից ներկրումը պակասում է: Երրորդ երկրներից արդեն ավելի քիչ կներկրվի, քան ԵԱՏՄ-ից»,- նկատեց  միության նախագահը:

Թանկացումները խփելու են սպառողի գրպանին: Նա առայժմ չի հաշվարկել, թե այդ թանկացումները քանի տոկոսով կազդեն սպառողական զամբյուղի վրա:

«Հիմնականում ազդելու է սոցիալական այն խավերի վրա, որոնք ի վիճակի չեն ավելի բարձր գնով թանկ միս գնել, գնում են խորը սառեցված բդիկները, որոնք ժամկետն անց են կամ արդեն ժամկետին են մոտենում»,- մտահոգություն հայտնեց նա:

Իսկ սոցիալապես անապահով խավն իր գրպանին համապատասխան կարողանում է ավելի շատ թռչնամիս օգտագործել: Համեմատության  համար նշենք, որ հարևան երկրների համեմատ Հայատանում ավելի շատ է թռչնամիս սպառվում:

Սերգեյ Ստեփանյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ տեղական պաղեցված թռչնամիսը մեծ ծավալներով սպառվում էր: Արտադրողներն էլ պահանջարկի ծավալներից ելնելով ավելացրեցին արտադրությունը: Հիմա, սակայն, հակառակ տենդենցն է նկատում:

«Գնողունակությունը սկսել է նվազել, այսօր էլի մարդիկ ներկրված խորը սառեցված միս են գնում: Այդ միսն  էժան է և կասկածելի որակ ունի»,- շեշտեց նա:

10 տարվա մեջ տեղական արտադրությունը կրկնապատվել է: Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրեց, որ ներկայումս թռչնամսի արտադրության ծավալները 11 000 տոննայի են հասնում: Իսկ  10 տարի առաջ 5800 տոննա էր կազմում: Տարեկան արտադրության 4 տոկոս աճ է գրանցվում:

«Օրական 27-30 տոննա թարմ պաղեցված միս ենք շուկա հանում: Շուկայում թռչնամսի պահանջարկը օրական 120-130 տոննա է: Մենք մոտ 30 տոննան ենք ապահովում, մնացածը ներկրվում է»,-  շարունակեց մեր զրուցակիցը: 

Ներկրված և տեղական արտադրության թռչնամիսը շուկայում դաժան մրցակիցներ են: Տեղական արտադրության պաղեցված թարմ մսի կիլոգրամի արժեքը շուկայում սկսվում է 1200 դրամից, իսկ դրսից բերվածը՝ 700-ից: Ստեփանյանը նշեց, որ հայ արտադրողները գնային մրցակցությանը դիմակայելու համար սկսել են գինը նվազեցնել:

«Գինը նվազեցրել են՝ տարվա սկզբին 1400 դրամ էր վաճառվում, հիմա՝ 1150 դրամով են արտադրողները տալիս: Մեր էներգոռեսուրսները թանկ են, դրա համար արտադրանքը  թանկ է նստում»,-  ասաց Թռչնաբույծների միության նախագահը:

Ոլորտում զարգացում ապահովելու նպատակով Կառավարությունում քննարկում է եղել թռչնամիս արտադրողների հետ: Պետությունը կաջակցի նրանց: Սերգեյ Ստեփանյանը տեղական արտադրանքը խթանելու համար կարևորում է հատկապես տոհմասելեկցիոն կենտրոնի հիմնադրումը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ