...

Տանը վեր ընկնելու ժամանակները

Տանը վեր ընկնելու ժամանակները

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է. «ՀԱԿ-ը թող կույս չձևանա, այն, ինչ իրենք արել են 1994-ից հետո, բոլորը հիշում են, թող հանգիստ նստեն տեղները ու սրբի դիմակով հանդես չգան։ Եթե մենք 1994-ի զինադադարից հետո գնայինք ժողովրդավարական ճանապարհով, մենք հիմա եվրոպական երկրների մակարդակի երկիր էինք դարձել։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դրվածքով են շարժվել. թող խելոք նստեն տեղները»։

Մի կողմ թողնենք այն փաստը, որ 1994-ին ՀԱԿ չի եղել, համարենք, որ պրն Մակեյանն այդքանը չի ջոկում: Մի անգամ՝ 2000-ականների սկզբներին, այն ժամանակ դեռ ԱԺՄ խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե «նախկինները այնպես են քանդել երկիրը, որ հիմա սարքել չի լինում»:

Սրան ի պատասխան, ԱԺ նախկին փոխնախագահ, այն ժամանակ «Արմատ» կազմակերպության անդամ Արա Սահակյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ Սադոյանի և նրա նմանների այդպիսի հայտարարությունները անտրամաբանական են. «Դու պատգամավոր ես, քաղաքական գործիչ, եթե չես կարողանում երկիր սարքել, ի՞նչ գործ ունես խորհրդարանում, դուրս արի այնտեղից, գնա ձեր տանը վեր ընկի: Թող խորհրդարան գան նրանք, ովքեր նվնվալու փոխարեն ցանկանում են երկիր սարքել»:

Նույնը վերաբերում է Պետրոս Մակեյանին: Իրենց չկայացվածությունը, քաղաքական դաշտում զրո դերակատարությունը, գաղափարական սնանկությունը պայմանավորում են նրանով, որ «սաղ Լևոնն ա մեղավոր»:

Ավելի քան 20 տարի Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել, բայց մինչև հիմա իր դեմ պայքարում են: Մինչև հիմա բազմաթիվ գործիչներ, քաղաքական ուժեր իրենց անհաջողությունները կամ երկրում ընթացող զարգացումները պայմանավորում են Տեր-Պետրոսյանի գործոնով ու շարունակում պայքարել Առաջին նախագահի ստվերի դեմ: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը, այսպես թե այնպես՝ իր տեղում խելոք նստած է:

Նույնքան ուշագրավ է Մակեյանի այն միտքը, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի և նրա ղեկավարած ուժի դրվածքով են շարժվել: Ճիշտ հակառակը. ձեր դրվածքով են շարժվել: Մենք հո գիտենք, որ ՀՀՇ-ի հայտնի համագումարից հետո, որտեղ Էդվարդ Եգորյանը չկարողացավ ընտրվել կուսակցության ղեկավար, ինչպիսի պայքար եք սկսել Տեր-Պետրոսյանի դեմ: Այս մասին գրեթե չի բարձրաձայնվել, բայց դա էլ գիտենք, որ մակեյանենք 1997-ի աշնանից պերմանենտ հանդիպումներ են ունեցել Ռ. Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի ու Վազգեն Սարգսյանի հետ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցի շուրջ: Ի վերջո հասել էիք ձեր նպատակին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Քոչարյանն եկավ: Այնպես որ, ձեր դրվածքով է եկել: Ձեն հանել ե՞ք, երբ Ռ. Քոչարյանը առաջադրվում էր նախագահի թեկնածու: Չէ: Ծպտուն չեք հանել: 

Այդ հետո, ամիսներ անց, Է. Եգորյանն ու իր թիմը, որի ներկայացուցիչ էր նաև Պ. Մակեյանը, հասկացան, թե ինչ է տեղի ունեցել ու թե ինչ են արել, բայց գնացքն արդեն գնացել էր. Հայաստանը թևակոխեց բանդիտիզմի դարաշրջան: 

Մեծ հաշվով, Պետրոս Մակեյանը վաղուց է դադարել որևէ գործոն լինել քաղաքական դաշտում, ինչպես և շատերը: Ու մեր խոսքը ուղղված է ոչ միայն նրան, այլև՝ բոլոր նրանց, ովքեր իրենց սխալները, իշխանությունների հետ ստվերային համաձայնություններ ձեռք բերելը, գաղափարական համոզմունքների և սկզբունքայնության բացակայությունը ընդունելու, դրանք վերացնելու, շտկելու և առաջ գնալու փոխարեն շարունակում են մեղքը գցել ուրիշների վրա: Եթե ի վիճակի չեք գործ անել, գնացեք, վեր ընկեք ձեր տանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   44342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ