Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է. «Ի՞նչ կարող եմ ասել, իրականության զգացումը կորցրած մարդ է… 2008-ին էլ էր իրականությունից կտրված, դրա համար էլ տանից դուրս չեկավ, տանը նստած էր, էդպես էլ իր համախոհների հարցերը չհասցեականացրեց…Իսկ ես այնտեղ էի մինչեւ վերջ, ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել»:
Մի կողմ թողնենք այն, որ մարտի 1-ին Ազատության հրապարակից հեռացած (հեռացված) վերջին մարդը Տեր-Պետրոսյանն է եղել, որին պարզապես բռնել, տարել են իր առանձնատուն: Մի կողմ թողնենք այն փաստը, որ մարտի 1-ի ցերեկը նաև ՀԺ թղթակիցն է եղել այդ առանձնատանը, տեսել է, թե ոստիկանության, սպեցնազի՝ մինչև ատամները զինված ինչ ուժեր են այնտեղ լցված եղել, տեսել է, թե ինչպես ոչ մեկին չեն թողնում ոչ ներս մտնել, ոչ դուրս գգալ, բացառությամբ այն անձանց, որոնց ելումուտը պետք է համաձայնեցվեր Քոչարյանի աշխատակազմի հետ:
Սա բոլորս էլ գիտենք, տեսել ենք, Նիկոլն էլ գիտի, բայց դե, մարդու համար դժվարը առաջին անգամ ուրանալն է, հետո դա արդեն կենսակերպ է դառնում:
Հիմա մի բան պատմենք: 2007թ. հոկտեմբերի 23-ին Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքին մասնակցելու կոչերով երթ է տեղի ունենում երեկոյան։ Երևանի կենտրոնում: Երթի մասնակիցներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է լինում, որը բարձրախոսով քաղաքացիներին կոչ է անում մասնակցել գալիք հանրահավաքին: Շուտով կարմիր բերետավորները լցվում են, երթի մասնակիցների մեծ մասին ծեծում, ծեծելով լցնում մեքենաներն ու տանում Կենտրոնի քաղմաս:
Ձերբակալվածների թվում են լինում Նիկոլ Փաշինյանը, ՉԻ գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանը, կուսակցությունների ղեկավարներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, որքան հիշում ենք, «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը:
Քաղմասի մոտ բազմություն է հավաքվում: Այնտեղ են ժամանում օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ոչ մեկին բաց չեն թողնում:
Գիշերը 11-ի կողմերը Լևոն Տեր-Պետրոսյանն է գալիս: Մտնում է քաղմաս: Դուրս չի գալիս, մինչև բոլորին ազատ չեն արձակում: Նոր գիշերը ժամը 3 անց կես սկսում են հերթով բաց թողնել: Այսինքն, Առաջին նախագահն ավելի քան 4 ժամ քաղմասում է մնում: Քաղմասի դեմն էլ լիքը ժողովուրդ, լրագրողներ:
Ու որ ձերբակալվածները դուրս են գալիս քաղմասի շենքից, Փաշինյանն անմիջապես վերցնում է բարձրախոսը.... տեսնում եք, լուսանկարը: Բարձրախոսով Առաջին նախագահի անունն է վանկարկում, երախտիքի խոսքեր ասում, մեծարում, հիացմունք հայտնում, որ Նախագահն իրենց թիկունքին կանգնած է: Բան ենք ասում, Փաշինյանը 5 րոպեում Տեր-Պետրոսյանին ավելի շատ է շնորհակալություն հայտնել, քան Զելենսկին Թրամպին, էս քանի օրը Սպիտակ Տանը կայացած հանդիպման ժամանակ:
Այսինքն, Առաջին նախագահը տնից եկել, հասել է քաղմաս, ժամերով մնացել այնտեղ, որ մեկը Նիկոլին բաց թողնեն:
Հիմա էս մարդը եթե մարտի 1-ին տնից դուրս գալու հնարավորություն ունենար, դուրս չէր գա՞: Հը՞, Նիկոլ: Տեղդ նեղ է լինում, քոչարյանական ստերից ե՞ս կառչում:
Վերջում մի բան ասենք. Փաշինյանը էս վերջերս հաճախ է Ավետարանից մեջբերումներ անում, Մատթեոսից, սրանից, նրանից: Ապեր, Ավետարանը մի քիչ ուշադիր կարդա, բալքիմ հասնես այն հատվածին, թե ինչ ճակատագիր է սպասվում ուրացողներին: