...

Տարին սակավաջուր կլինի՞

Տարին սակավաջուր կլինի՞

Ջրամբարները կիսադատարկ են

Անձյուն ձմեռն անհանգստություն է առաջացրել: Գյուղատնտեսներն ու մասնագետները մտահոգվում են՝ հնարավոր է տարին սակավաջուր լինի:

Անհանգստությունների պատճառը կիսադատարկ ջրամբարներն են:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հինգ ջրամբարների լցվածության մակարդակը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացառությամբ` Ախուրյանի ջրամբարի: 

Ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի տարողությունը 525 միլիոն խմ է: Ջրի ծավալը հունվարի 30-ի դրությամբ կազմել է 237 մլն խմ՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում լցվածությունն ավելի քիչ է եղել՝ 142 խմ:

Արփի լիճ ջրամբարի տարողությունը՝ 105 միլիոն խմ է: Այսօրվա դրությամբ լցվածությունը 7.80 միլիոն խմ է՝ 2019 թ. նույն օրվա 39.5 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Ապարանի ջրամբարի տարողությունը 91 միլիոն խմ է: Ջրի ծավալն կազմել է 15.52 միլիոն խմ, իսկ նախորդ տարի այս շրջանում՝ 18.0 խմ: 

Ազատի ջրամբարի տարողություն 7.0 միլիոն խմ է: Ջրի ծավալը ներկայիս դրությամբ կազմել է 15.1 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 24.9 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Իսկ Մարմարիկի ջրամբարի տարողությունը 24.0 միլիոն խմ է: Ջրի ծավալն այս օրվա դրությամբ կազմել է 2.55 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 5.27 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Ջրամբարներում ջուրը պակաս է, քանի որ նախորդ տարվա աշունը չորային էր, այս ձմռանն էլ ձյան ծածկույթը բացակայում է՝ «ՉԻ»-ի հետ զրույցում նկատում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Հուսով է, որ դեռ ձյուն կգա, գարնանային անձրևներն էլ առատ կլինեն և սակավաջուր տարի չի լինի: Մտավախություն ունի. հակառակ դեպքում լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: 

«Լուրջ խնդիր կառաջանա և դարձյալ Սևանին ենք նայելու, որն, իհարկե, լավ չէ: Բոլոր ջրամբարներն այնպես չեն կարգավորված, որ ձյան հալոցներն այնտեղ լցվեն: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված մեր տարածաշրջանում տարեցտարի չորացում է նկատվում: Մոլորակը, սակայն, այնքան է ապակայունացված, որ լուրջ կանխատեսում անել հնարավոր չէ: Կարող են շատ անձրևներ գալ: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում ջերմաստիճանը նորմայից բարձր էր, հիմա ջերմաստիճանը խիստ իջել է և այնքան ձյուն է գալիս, որ տները գրեթե ծածկվում են»,- նշեց նա:

Բնապահպանի խոսքով՝ տարին սակավաջուր չի լինի, եթե ջրի կորուստի ծավալները կրճատվեն: Ոռոգման ցանցերի մաշվածության պատճառով ամեն տարի մինչև 70 տոկոս ջրի կորուստ ենք ունենում:

«ԱՄՆ-ն այստեղ ծրագիր իրականացրեց ոռոգման ցանցերի վերականգնման հետ կապված: Բավականին գումարներ ծախսվեցին, հետո մեզ բացատրեցին, որ այդ գումարները բավարարել են միայն հիմնական մեծ կանալները կարգի բերելուն, իսկ ներքին ցանցերը նույն վիճակում էլ մնացել են: Լուրջ խնդիրներ կան ոռոգման ցանցի հետ կապված, որովհետև այդքան ջուր կորուստ տալ չի կարելի»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը:  

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ