...

Թե ինչ ընդհանուր բան կա ալիքների տեսության, ամերիկյան «Օսկարի» և հայ մտավորականի վզի ոսկե շղթայի միջև

Թե ինչ ընդհանուր բան կա ալիքների տեսության, ամերիկյան «Օսկարի» և հայ մտավորականի վզի ոսկե շղթայի միջև

ԿԵՂԾ ԱՐԺԵՔ

Ալիքային մի քանի դաշտերի զուգակցման դեպքում տեղի է ունենում դրանց ինտերֆերենցիա, այսինքն` յուրաքանչյուր տատանումների հանրագումարը ժամանակի ցանկացած հատվածում հավասար է առանձին տատանումների վեկտորային հանրագումարին: Սեպաձև հարթության դեպքում, եթե հարթության հաստությունը չնչին է լուսային ալիքի նկատմամբ, արտաքին թաղանթը փոխում է գույնը՝ առաջանում է ծիածանի էֆեկտը:

Այժմ անցնենք բուն թեմային: Այս ամենի մասին (ինտերֆերենցիա, սեպաձև հարթությունում լուսային ալիքների արտացոլման օրենքներ) հիշեցի, երբ օրերս պատահականորեն միացրեցի Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումները: Եթե չեմ սխալվում եթերում «02»-ն էր կամ նման մի հաղորդում: Հաղորդումը նվիրված էր վերջին օրերի հանրահավաքներին և կազմված էր խորհրդային դասական օրենքներով, իսկ գործնականում` ավելի լավ: Եթե ողջ խորհրդային ԿԳԲ-ն երկար փնտրտուքներից հետո ընդամենը մի խեղճ ու կրակ կթվորուհու կարողացավ ստիպել, որ ակադեմիկոս Սախարովին ասի. «Մենք ձեզ անարգում ենք», ապա մեր հարազատ հեռուստատեսությունը ցույց տվեց դեմքերի մի աստղաբույլ, որոնք միահամուռ խարազանում էին միտինգավորներին: Իսկ մի տատիկ, հավանաբար հիշելով ստալինյան պիոներիայի բովով անցած մանկության տարիները` վատ թաքցված կարոտախտով ասաց, որ երկրում կարգուկանոն է պետք:

Հեռուստատեսությամբ ցուցադրվող դեմքերը պետք է պատկերեին բանվորին, գյուղացուն և մտավորականին: Բնականաբար, իսկույն մտածեցի, որ այդ բոլոր խոսացողները դերասաններ են, որոնք կայունության մասին խոսում են կոնֆետ և լոտո գովազդելու արանքում: Հետո մտածեցի, որ «բանվորի» ու «գյուղացու» դերերում ամենայն հավանականությամբ իսկապես դերասաններ էին (դեմքերը ոնց-որ արտանկարած լինեին սոցռեալիզմի գլուխգործոց «123» մոնումենտալ կտավից): Ինչ վերաբերում է մտավորականներին, ապա այստեղ ոչ մի դերասան էլ պետք չէր. խոսացողներն իսկը մեր մտավորականներն էին, քանի որ աշխարհում չի գտնվի որևէ դերասան, որն այդպիսի անկեղծությամբ ելույթ ունենա սեփական ժողովրդի դեմ և այդպիսի անկեղծությամբ քծնի իշխանություններին:

Ընթերցողն իհարկե կհարցնի տողերիս հեղինակին. «Լավ, էս ի՞նչ է, ընդհանրապես գրելու բան չունե՞ս, որ հանկարծ առանց տեսանելի առիթի սկսեցիր վերլուծել մեր վաստակավոր սազանդարների և ժողովրդական յալանչիների բարքերը, և ի՞նչ կապ ունի այս ամենի հետ տեսական ֆիզիկան»: Շտապում եմ բավարարել ընթերցողների հետաքրքրասիրությունը և բացատրել հոդվածս գրելու բուն առիթը:

Անցած շաբաթ Հոլիվուդում տեղի ունեցավ «Օսկարի» մրցանակաբաշխություն: Եվ ինչ տեղի ունեցավ: Հոլիվուդի աստղերը, որոնց հազարամյա պատմությամբ պարծենալ սիրող հայերը հեչ մտավորական չեն համարում, հանկարծ վեր կացան և ի լուր աշխարհի իրենց նախագահին ասացին. «Ամոթ»: Սեփական կառավարության դեմ հանդես գալը ենթադրում է մեծագույն պատասխանատվություն, և եթե այդ պատասխանատվությունն իր վրա է վերցնում մտավորականությունը, նշանակում է, որ այդ հասարակությունը առողջ է: Դա նշանակում է, որ կառավարության ցանկացած սխալ քայլ իր ադեկվատ պատասխանը կստանա հասարակական կարծիքը ձևավորող մարդկանց կողմից: Ֆիզիկայի լեզվով ասած` մենք այստեղ գործ ունենք հարթ մակերեսի հետ, որտեղ լուսային ալիքների կոտրվելը, հետևաբար պատկերի աղավաղումը մինիմալ է:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզանում: Արդյո՞ք մտավորական կոչեցյալներից որևէ մեկը մի ծպտուն հանեց` երբ Հայաստանում արձանագրվեցին այնպիսի զանգվածային ձերբակալություններ, ինչպիսիք չէր համարձակվում կատարել նույնիսկ Մակաշովը: Ո՛չ, նրանք այդ րոպեին մտածում էին, թե ինչպես կահավորեն ընտրությունների արդյունքներով ստացված բնակարանը: Արդյո՞ք որևէ մեկը, որևէ Խորեն Աբրահամյան կամ Սոս Սարգսյան, արձագանքեց Բաղրամյանով քաշած փշալարին: Տո, գեներալ Մակաշովը ամենամղձավանջային երազում անգամ նման բան չէր կարող տեսնել: Բերիան կդատապարտեր դա որպես ժողովրդավարության նորմերի խախտում: Սակայն մեր սոս սարգսյանները լռում են, որովհետև մայիսին էլի են ընտրություններ լինելու: Այդ ժամանակ կարելի է ամենայն համարձակությամբ հիշեցնել իշխանություններին, որ մեկը ջիպ ունի, մյուսին էլ է պետք, իսկ երրորդի վզի ոսկե շղթան մաշվելու վրա է:

Մեր մտավորականների վերջին փայլուն մտահղացումն էր թումանյանական վերնատան գաղափարի վերակենդանացումը: Ամեն ինչ հեչ, գուցե պետք չէ՞ր նման խոզություն անել Թումանյանի հիշատակի նկատմամբ: Այդ «վերնատան» անդամների դեմքերից տպավորություն էր ստեղծվում, որ գտնվում ես Քոչարյանի նախընտրական շտաբում: Իսկ ելույթները կասկած չէին թողնում, որ այդ վերնատունը գտնվում է պրեզիդենտականի ձեղնահարկում: Այս ամենը չի վկայում հասարակության հիվանդության մասին, քանի որ այդ պարոնները, որոնք խաշի սեղանի շուրջ իրենց մտավորական են անվանում, վաղուց դուրս են վանվել հասարակական կյանքից, նույն հասարակության, այսինքն` չաշխատող գործարանի բանվորի, սակավաջրությունից տառապող գյուղացու և ամիսներով աշխատավարձ չստացող ուսուցչի կողմից: Ֆիզիկայի լեզվով ասած` մենք գործ ունենք սեպաձև հարթության հետ, որի հաստությունը, այսինքն` համակարգի գաղափարական ներուժը չնչին է լուսային ալիքների նկատմամբ: Արդյունքում առաջանում են ծիածանի էֆեկտ, կեղծ պատկերներ և կեղծ արժեքներ: Բայց որքան էլ արտաքուստ գեղեցիկ լինեն սեպաձև համակարգերը, դրանց կայունությունը դեռ շատ հարցական է արդի գիտության տեսակետից:

Ա. Ալեքսանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 281, մարտի 28, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ