...

Թիկունքային առնետների ժամանակը

Թիկունքային առնետների ժամանակը

ՈՉ ՄԻ ԹԻԶ

Մայիսի 9-ը մեր պատմության մեջ նույնպես մտավ որպես հիշարժան օր: Այդ օրը ազատագրվեց Շուշին: Եվ այն, որ դա համընկավ Հաղթանակի օրվա հետ, շատերն էին համարում խորհրդանշական ու հետն էլ խորամանկ ժպտում՝ իբր «դե ռուսները որ չլինեին...»: Խորհրդանշական ոչինչ չկար դրանում: Եվ ռուսներն էլ ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում միայն մի անգամ են անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին, այն էլ՝ ադրբեջանցիների կողմից:

Իսկ այդ օրը պարզապես միացան բոլորը՝ Ղարաբաղում ձևավորված առաջին կանոնավոր զորամիավորումները, Հայաստանից մեկնած կամավորական ջոկատները, Ստեփանակերտի ու հարակից գյուղերի ամենօրյա հրետակոծումներից զզված զենքի ունակ բոլոր տղամարդիկ... Ու երկօրյա իսկապես ծանր մարտերից հետո գրավեցին Շուշին: Այդ հետո էին ավտոբուսներով այնտեղ հասնելու սփյուռքահայ մեր եղբայրները՝ շորտիկներով ու տեսլականով, որ արագ-արագ իջնեին ավտոբուսից, որևէ փլատակի մոտ պարզեին «Մահ կամ ազատություն» բառերով դրոշը, արագ-արագ «պատկեր մը քաշվեին», որևէ ցուցանակի վրա արագ-արագ գրեին «Արժանթին, Ուրուկուայ, ՀՅԴ» ու ետ դառնային՝ իրենց հայրենասիրության առհավատչյան ամրագրած «Կոդակի» ժապավենի վրա: Այդ հետո էր Շուշիում ստեղծվելու դաշնակցական «առանձնակի գումարտակը»՝ ԼՂՀ պաշտպանության բանակի կառուցվածքով որևէ կերպ չնախատեսված: Որովհետև կանոնավոր բանակում կուսակցական «առանձնակի գումարտակը» ո՞րն է, եթե բանակ է՝ պիտի պետության շահերին ծառայի:

Հայաստանի բնակչությունն այդպես էլ պատերազմ չտեսավ: Սա ի՞նչ պատերազմ էր. պատերազմը 1941-45 թվականներին էր, երբ անծայրածիր Ռուսաստանում հացը կտրոնով էր. աշխատողներին՝ 200 գրամ, մյուսներին՝ 100 գրամ, ու փոքրիկ Հայաստանից էլ 300 հազար տղամարդ մեկնեց ռազմաճակատ: Իսկ Ղարաբաղը տեսավ այդ պատերազմը. տոկոսային հարաբերությամբ՝ հսկայական զոհեր, համընդհանուր զորահավաք, պատերազմական դրություն... Դրա համար էլ, երբ հրադադար հաստատվեց, ու մարդիկ արդեն հասկացան, որ ցեցը ներսից է նաև, սկսեցին թողնել-հեռանալ «կյանքի ճանապարհով»:

Մայիսի 9-ը որպես ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի օր չի նշվում: Նախ՝ որովհետև վերջնական հաղթանակ չի տոնվել, և երկրորդ՝ այդ ի՞նչ հաղթանակ է, որ նույն Շուշիում 88 թվականին ավելի շատ հայ էր ապրում, քան ազատագրումից հետո: Այդ ի՞նչ հաղթանակ է, որ կերտողներից՝ հայկական զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ է և մերձմոսկովյան ամառանոցներում իրենց «ազգային նկարագիրը» կերտող ռուսախոս հացկատակների կողմից ամեն օր մեղադրվում է «Ղարաբաղը ծախելու» մեջ, Վազգեն Սարգսյանը սպանված է, իսկ սպանությունն իրականացրած վիժվածքի մասին ցանկացած թթու խոսք ընկալվում է որպես հարված «երկրի կայունությանը», Սամվել Բաբայանը բանտում է, հաղթանակն իրականացրած գեներալները պատրաստ են մկան ծակը յոթ թումանով առնել, որովհետև հասկացել են՝ ահաբեկչության դեմ խաղ չկա...

Խոսք չկա նաև «հաղթանակի դափնիները կիսելու» մասին: Որովհետև հաղթանակի դափնիների գինը կիմանա միայն այն հասարակությունը, որը հասկանում է, թե ինչ ասել է պատերազմ, հաղթանակ և խաղաղություն: Իսկ որոճացող զանգվածի համար դափնին ընդամենը համեմունք է: Նայեք ձեր շուրջը. երկրում իրական իշխանություն ունեցողներից քանի՞սն են կերտել հաղթանակը, և քանի՞սն են ընդամենը «որոշ առնչություն ունեցել» այդ գործին: Եվ այդ ի՞նչ ինքնավստահությամբ են իշխանություններն աջուձախ փչացնում մարտական գեներալներին՝ կարծես պատերազմի հավանականությունն իսպառ վերացել է: Թե՞ հույս ունեն, որ այս անգամ էլ չգիտես որտեղից մահապարտների նոր սերունդ կհայտնվի, որ իրենք նրանց թիկունքում տանկի սալյարկա ծախեն ու գոյացած միջոցներով «ազգային լրատվամիջոցներ» ֆինանսավորեն՝ հանձնարարելով սևացնել պատերազմի հերոսներին: Այս անգամ երևի չստացվի: Ազգը գիտի, թե ով է իր միակ վոյինը, և իր միջից նոր հրամանատարներ չի ծնելու: Մանավանդ, նրանց վախճանն ի սկզբանե հայտնի է. բանտ կամ փամփուշտ:

Այնպես որ, չարժե մայիսի 9-ին նշել ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի օրը: Անհարմար է: Ավելի լավ է գլուխներս կախենք ու ծաղկեպսակներ դնենք Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանին: Ու Ղարաբաղի մասին ծպտուն չհանենք:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 196, մայիսի 9, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ