...

Թքած ունենալու արվեստը

Թքած ունենալու արվեստը

Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում...

Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և... և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց... Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին»:

«ՉԻ». Հա, հաստատ: Այդպես էլ եղել է: Տեր-Պետրոսյանի ինադու հողեր էին ազատագրում: Երբեմն՝ թաքուն: Պատմության մեջ նման բան չի եղել, միայն մեզ մոտ էր հնարավոր: Հայաստանի աջակցություն, զենքի ու սպառազինությունների, վառելիքի, ՀՕՊ համակարգերի մատակարարում, հայկական զորամիավորումներ, ջոկատներ, երկրապահներ... այս ամենը չի եղել: Կամ էլ Ղարաբաղի բանակը այդ ամենը օդից էր ստանում: 

Ու աշխարհն էլ լռում էր: Արցախում տարածք էինք վերցնում, ու օրինակ, ԱՄՆ-ի նախագահը հուսահատ ձեռքերն էր պարզում. ա, դե, ուժեղ են, էլի, դե, հիմա ի՞նչ անենք: Եկեք հարգենք ու լռենք: Միջազգային հանրությունը ծպտուն չէր հանում, ասում էր՝ թե որ այդպես կարողանում են տարածքներ վերցնել, բա մեզ պե՞տք է խառնվենք: Թող ինչ ուզում է, անեն:

Ու սա ասողը կոչումով գնդապետ է: Չի եղել բարդ և հաշվենկատ արտաքին քաղաքականություն, չեն եղել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևեր, չի եղել Բուդապեշտի գագաթնաժողով, Արցախը ինքն իրենով է բանակցությունների կողմ դարձել: Կամ էլ, Ղարաբաղին հարգելով են բանակցությունների կողմ դարձրել:

Այսքանը ասում եք, բայց ահա չեք պատասխանում այն հարցին, թե եթե այդքան ուժեղ էիք, որ կարող էիք աշխարհի վրա թքելով` Հայաստանից թաքուն տարածքներ վերցնել, բա ինչի՞ չշարունակեցիք, Գյանջան ու Բաքուն չգրավեցիք: Մանավանդ, որ աշխարհն էլ ձեն չէր հանում: Գնայիք մինչև վերջ, Բաքվին ծնկի բերեիք, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: 

Ահա այսպես են տարիներ շարունակ խեղաթյուրել Արցախյան պատերազմի էջերն ու նսեմացրել, ուրացել մեծ ավանդ ունեցած գործիչներին: 

Եվ աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց... հաստատ լռե՞լ էր: Եթե լռած լիներ, Մինսկի խմբի համանախագահությունը չէր լինի, բանակցություններ չէին լինի, բոլորը կասեին՝ եղածը եղած է, թող այսպես էլ մնա: Մի վայրկյան անգամ չի լռել: Էդ դուք եք 20 տարի խուլ եղել, չեք լսել, թե աշխարհն ինչ է ասում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ