...

«Տրոյական ձիու» վտանգը

«Տրոյական ձիու» վտանգը

Իշխանության նկատմամբ տոտալ անվստահություն սերմանելու և վերջնականապես հեղինակազրկելու գործընթացը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Դրան, ի դեպ, նպաստում է նաև իշխանությունն իր որոշ չհաշվարկված քայլերի ու անփութության հետևանքով: 

Այս համատեքստում առավել ուշագրավ է այն ուժերի պահվածքը, որոնք հեղափոխության վերմակն իրենց վրա քաշելով դեռ մեկ տարի առաջ կարողացան ինդուլգենցիա ստանալ ժողովրդից և արտահերթ ընտրությունների միջոցով մուտք գործել ԱԺ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԲՀԿ-ին, որի քաղաքական կենսագրությունը շատ բան կարող է հուշել վերջինիս հետագա ծրագրերի մասին: Ակնհայտ է, որ Ծառուկյանը քաղաքական չիրացված ամբիցիաների խնդիր ունի, որոնց հագուրդ տալու ուղղությամբ նա արդեն մեկ անգամ փորձ արել է, սակայն հետևանքը եղել է «քաղաքական չարիք» բնութագրվելն ու առժամանակ քաղաքականության էջը փակելը: 

Այժմ էլ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո մոտ մեկ տարի անց, երբ իշխանությունը հասցրել է ցույց տալ իր պերճանքն ու թշվառությունը, ԲՀԿ ղեկավարը փորձում է քաղաքական ռեաբիլիտացիայի նոր կուրս վերցնել և վերստին փորձել իրացնել մեկ անգամ ձախողված ամբիցիաները: Այն դրսևորվում է իշխանության հասցեին պարբերաբար «կծողական» հայտարարություններ անելով, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող` պետության համար վճորոշ նախաձեռնությունները բոյկոտելով: Վերջին թարմ օրինակը ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի հարցով ԱԺ դիմումի նախագծի քվեարկությանը չմասնակցելն էր: Նախօրեին էլ ԱԺ-ում Ծառուկյանը կասկածի տակ դրեց ՍԴ նախագահի լեգիտիմությանը կասկածողների կոմպետենտությունը, այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն դեմ էր քվեարկել Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալուն: Գործարարը նաև իշխանության որոշ ներկայացուցիչների մեղադրեց քարը քարին չդնելու ու միայն Նիկոլի կողքով քայլելու համար պաշտոն ստանալու մեջ: 

Նման հայտարարությունները, որքան էլ առաջին հայացքից ինքնաբերական թվան, պատահական լինել չեն կարող: Հավանաբար որոշ սրտացավ քաղտեխնոլոգներ հուշել են Ծառուկյանին, որ իշխանության բոստանն ամեն անգամ քար նետելով և ժողովրդի աչքից գցելով, ԲՀԿ-ն այսպիսով կկարողանա վերջապես վերցնել իշխանության միակ ռեալ այլընտրանքի էստաֆետը, քանի որ քաղաքական մնացած ուժերը կա՛մ մինչև վերջին խազը մերժված են, կամ էլ` մարգինալ: Նկատենք, սակայն, որ Ծառուկյանն իր «ամբողջատիրական» ամբիցիաներով կարող է օգտագործվել ռևանշիստների կողմից, որոնք իրենց այդ նպատակը սպասարկելու համար, ինչպես ցույց են տալիս զարգացումները, չեն խնայում ոչինչ ու ոչ մեկին, անգամ Արցախի հերոսներին:  

Սցենար «անվստահություն վարչապետին»

Ռևանշի հասնելու հավանական սցենարներից մեկը, որի մասին ժամանակ առ ժամանակ ակնարկվում է մամուլում, վարչապետին անվստահություն հայտնելն է: Իսկ որպեսզի դա համոզիչ դիտվի, պետք է այս ընթացքում եփել այդ սցենարն ու հանրության լայն շերտերին ԱԺ ամբիոնից և հնարավոր այլ հարթակներից  հոգեբանորեն նախապատրաստել դրան` կանխելով հետագայում փողոցները հեղեղելու և նախկինի պես վարչապետի մեջքին կանգնելու հեռանկարը: Հենց այդ գործին էլ, ըստ էության, լծված է ԲՀԿ-ն` ձայնակցելով արտախորհրդարանական ռևանշիստների «երգչախմբին»:  

Ըստ Սահմանադրության 115-րդ հոդվածի`վարչապետին նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, կարող է անվստահություն հայտնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Այս գործընթացը  ենթադրում է կոնստրուկտիվ անվստահության գործընթաց, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե ԱԺ-ում նման գործողություն նախատեսվի, պետք է ոչ միայն վարչապետի պաշտոնանկություն, այլև նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի: 

Իսկ որ Ծառուկյանը նման ամբիցիաներ ունի և դրանք կարող են հմտորեն օգտագործվել ռևանշիստների կողմից` «Տրոյական ձիու» էֆեկտով, բացառել պետք չէ: Թվում է` այս պահին «Իմ քայլը» տիրապետում է շատ ավելի մեծ քվեների, և զուտ իրավական առումով անվստահություն հայտնելու սահմանադրական ընթացակարգը տեսանելի չէ: Սակայն հաշվի առնելով իշխանական թիմի ոչ մոնոլիտ բնույթը, որոշ իմքայլականների «տարբերվող» դիրքորոշումները կոնկրետ հարցերի շուրջ, չպետք է բացառել, որ նրանցից ոմանք, խոստացվելիք ճոխ երաշխիքների դիմաց կարող են միանալ Փաշինյանին «հանձնելու» գործընթացին: Իսկ թե ինչ տեղի կունենա այն բանից հետո, երբ ի դեմս ԲՀԿ-ի և «կլասիկ» ընդդիմադիրների «վլաստն» անցնի նախկինների ձեռքը`սարսափելի է նույնիսկ կանխատեսելը: 

Սցենար «Հոկտեմբերի 27-ի կրկնություն»

Այն, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունը խաթարել է նախկին կոռուպցիոներների, «Հոկտեմբերի 27-ի» և «Մարտի 1-ի» արյան մեջ թաթախվածների անդորրն ու անվտանգությունը, կարող է համախմբել վերջիններիս և ստիպել հանդես գալ «հինգերորդ շարասյան» կարգավիճակում: Իսկ թե ինչի է պատրաստ այդ շարասյունը` հայտնի է պատմությունից` սաբոտաժ, լրտեսություն, դիվերսիա` դրանից բխող հայտնի ու անհայտ հետևանքներով: Օրերս, ի դեպ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Հոկտեմբերի 27-ի» 20-րդ տարելիցին ընդառաջ հայտարարեց, թե քանի բացահայտված չէ այդ ոճրագործությունը, «Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի»: 

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   39215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ