...

Թշվառականների խաղաղասիրությունը

Թշվառականների խաղաղասիրությունը

Պարտված երկրին ժամանակ է պետք ուշքի գալու համար: Մենք ամեն օր ժամանակ ենք կորցնում: Մենք շատ ենք խոսում, բայց ելք չենք գտնում: Ունենք իշխանություն, որ ձախողվել է բոլոր ասպարեզներում, բայց շարունակում է ձևացնել, թե ոչ մի սարսափելի բան չի եղել:

Ահա այս իշխանությունն է վերջին օրերին օգտագործում խաղաղության թեման: Այո՛, օգտագործում է, բայց ոչ հանուն երկրի, այլ սեփական շահերի: Այսպես.

1. կա՛մ իմքայլականները հասկացել են, որ հասարակական խոսույթում թեման շահեկան է, մարդիկ պատերազմ չեն ուզում.

2. կա՛մ, ինչպես ենթադրում են իրենց հակառակորդները, պատվեր են կատարում:

Ն. Փաշինյանի քաղաքական գործունեությունը անսկզբունքայնության քրեստոմատիա է: Այսպես, 2016թ. ՊՊԾ գնդի գրավման օրերին նա մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին հող հանձնելու մեջ: Ուզում էր համապատասխանել Սասնա ծռերի գաղափարներին և միավորներ հավաքել նաև այդտեղ: 2018թ. հեղափոխությունից հետո հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից՝ փաստորեն Հայաստանը դուրս մղելով գործընթացից: Արցախում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ՝ միմիայն սեփական վարկանիշը բարձր պահելու նպատակով: 2020թ. նա և մեր երկրի քաղաքական վերնախավը հաճույքով նշում էին Սևրի պայմանագրի 100-ամյակը՝ Թուրքիային անուղղակիորեն հողային պահանջ ներկայացնելով: Եվ դարձյալ պետության շահը երկրորդական էր, կարևորը գավառական դմփդմփոցն էր, որ պետք է հաարակությանն ապացուցեր, թե որքան հայրենասեր են իշխանությունները: Էլ չենք խոսում պատերազմի ժամանակ վարչապետի արած բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնք անհարմար վիճակի մեջ էին դնում նույնիսկ նրա կառավարության անդամներին: 

Կրկնենք՝ բոլոր ասպարեզներում ձախողված իշխանության ներկայացուցիչներն իրենց բնորոշ աննախադեպ ապաշնորհությամբ փորձում են հասարակությանը համոզել, որ պետք է փոխել թշնամանքի խոսույթը: Արդյունքը, բնականաբար, հակառակն է լինելու: Ընդ որում, բնավ չենք ուզում բարոյական փաստարկներ բերել: Անօգուտ է:

Մարդուն բնորոշ այդ հատկանիշը սրանց չի վերաբերում: Փաստերն են գործուն.

1. Ն. Փաշինյանն ու իր թիմը ոչինչ չեն արել պատերազմից խուսափելու համար:

2. Հայաստանը ջախջախիչ պարտության է ենթարկվել:

3. Ցավոք, այս պահին մենք փաստորեն չենք ապահովում Արցախի անվտանգությունը:

3. Մեր պետությունը երբեք այսքան թույլ չի եղել, իսկ իշխանությունը՝ այսքան, մեղմ ասած, անհեռատես:

4. Պարտված իշխանությունը չի կարող ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտներում արդյունավետ լինել:

5. Պարտվածներին կարող են խղճալ, ցավակցել, բայց երբեք չեն վերաբերվի որպես գործընկերոջ: 

Թուրքիան և Ադրբեջանն այսօր ըմբոշխնում են իրենց հաղթանակը և չեն թաքցնում Հայաստանը վերջնականապես ծնկի բերելու նպատակը:

Հետևաբար հիմա՝ այս պահին, Ն. Փաշինյանի և նրա թիմի խաղաղասիրությունը կեղծ է: Հայաստանն ու Արցախը կործանարար պատերազմի հորձանուտը նետողներն իրավունք չունեն խաղաղության մասին խոսելու:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ