...

Ղալաթը միասին եք արել

Ղալաթը միասին եք արել

Չէ՛, Վազգեն Մանուկյանը մեղք չունի: Վազգեն Մանուկյանի հետևից երևում են բոլորին լավ հայտնի ականջներ: 

Ո՞ւմ: Իսկ ո՞ւմ օրոք էր բազմել անպետք ու անիմաստ Հանրային խորհրդի նախագահի բազկաթոռին: Ո՞ւմ օրոք ծպտուն չէր հանում երկրում տեղի ունեցող այլանդակությունների մասին: Համաշխարհային ազգի գաղափարական հայրն ո՞ւմ ներեց «գույք պարտքի դիմաց» ղալաթը: Կարծում ենք՝ հասկացաք: Վազգեն Մանուկյանն այսօր պարզապես խամաճիկ է նրանց ձեռքին, ովքեր ռուսների աչքին ուզում են ավելի ռուսամետ երևալ, քան Վլադիմիր Պուտինը: Այո՛, հենց այսպես, համաշխարհային ազգից վերածվում ենք համառուսաստանյան բոշայի:

Բայց դառնանք հայրենիքի փրկությանը: Ուրեմն 16-ը կամ 17-ը ուզում են փրկել հայրենիքը Նիկոլ Փաշինյանից՝ մեղադրելով նրան խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար: Որ փաստաթուղթը խայտառակ է, կասկած չունենք: Բայց որ այդ խայտառակությունը չէր լինի, եթե 22 տարի շարունակ երկիրը չտանեին դեպի կործանարար պատերազմ և կապիտուլյացիա, նման փաստաթուղթ չէր լինի: Ուրեմն, նորընծա՛ խմբակային փրկիչներ, դուք և Նիկոլ Փաշինյանը հավասարապես եք պատասխանատու այս ազգակործան վիճակի համար: Պատասխանատու եք, որովհետև երբեք չեք ունեցել պետական մտածողություն: Որովհետև դու՛ք եք ոչմիթիզականությամբ խաբել ժողովրդին: Դու՛ք եք դավաճանություն որակել ցանկացած ռացիոնալ միտք: Դուք երբեք չեք մտածել երկրի զարգացման մասին: Ձեր հիմնական մտահոգությունը սեփական իշխանությունն է եղել՝ որպես հարստության աղբյուր: Դուք քողարկվել եք կեղծ ազգայնականությամբ, դուք մաս-մաս քանդել եք պետականությունը: Նիկոլ Փաշինյանը շարունակել է ձե՛ր ուղին: Ուրեմն ղալաթը միասին եք արել:

Հիմա հարց տանք փրկիչներին: Ի՞նչն եք փրկելու: Նոր պատերա՞զմ եք հրահրելու: Նոր զոհե՞ր են պետք: Բացատրե՛ք:

Ինչպե՞ս եք փրկելու Հայաստանը: Ծրագիր ունե՞ք, թե՞ Փաշինյանի ճանապարհային քարտեզի նման դատարկաբան թղթեր եք հրամցնելու ծանր հարվածից ուշքի չեկող հանրությանը:

Հիշեցնենք մեր ընթերցողներին ձեր խոստումներից մեկը. «Հայաստանը 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման մեջ»: Զարգացա՞վ: 1998-ից 2018-ը գործնականում անվերահսկելի իշխանություն ունեիք: Տնտեսությո՞ւնը զարգացրիք, թե՞ ԵՊՀ-ն դարձավ Կովկասի Օքսֆորդ: Բանակի վիճակի մասին խոսելն ավելորդ է, գիտենք, իմացանք: Ի դեպ, 10 տարի Հանրային խորհուրդ կոչվածը ղեկավարող սուպերփրկիչը քանի՞ անգամ է հետաքրքրվել մեր զինված ուժերով: Ժամանակին Պաշտպանության նախարար էր, չէ՞: 

Իսկ հիմա տեսնենք, թե ինչո՞ւ եք հայտնվել հրապարակում: Դուք հատատ գիտեք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, հաղթելու որևէ շանս չեք ունենա: Արտահերթ ընտրություններից է վախենում նաև ձեր հավատարիմ հետևորդը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ահա այդ պատճառով ձեզ պետք է ժամանակավոր կառավարություն: Ձեզ պետք է շրջանցել ընտրությունները և զավթել իշխանությունը: Ու հիմա օգտագործում եք Հայաստանի վիրավոր վիճակը՝ նորից իշխանության գալու համար: Հիմա նաև բարձր, շա՜տ բարձր եք աղաղակում, որ ներկա իշխանությունը դավաճան է, որ հող է հանձնել: Բախտներդ բերել է. Փաշինյանի «հեղափոխությունը» ձե՛զ է փրկել հողատուի խարանից: Իսկ հիմա Փաշինյանի արկածախնդրության հետևանքով իրավունք եք ստացել ձեր ոչմիթիզական, հայդատական պետականակործան հռետորաբանությունը նորից մեյդան բերելու, որ խաբեք ժողովրդին, նորից կերակրեք նրան Սևրի պայմանագրով ու ծովից ծով Հայաստանի պատրանքով: Սարսափած եք, որովհետև հասարակության ուղեղ ունեցող հատվածն սկսել է մտածել և պատերա՛զմն է դավաճանություն համարում: Լավ կլինի՝ ազատեք մեզ ձեզանից էլ, ձեր հոգեզավակ Փաշինյանից էլ: 

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Իսկ Վազգեն Մանուկյանը ե՞րբ է Ն. Փաշինյանից ներողություն խնդրելու՝ համաշխարհային ազգի բարդույթով նրան վարակելու համար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ