...

Ճեղքվածք ամրոցում

Ճեղքվածք ամրոցում

ՎՏԱՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Դոսյե Հայաստանի հատուկ ծառայությունների դեմ

«Վերսիայի» և «Ագենտուրա.Ռուի» համատեղ ծրագիր 19.08.2002թ.

Վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը ունի Անդրկովկասի ամենահզոր բանակը, հատուկ ծառայությունները, որոնք չտուժեցին բարեփոխումներից և վերաձևումներից, Ռուսաստանի մշտական օգնությունը: Եվ պետանվտանգության համակարգի ամենածանր տապալումը, որը կարելի է միայն պատկերացնել՝ հենց խորհրդարանի շենքում վարչապետի և պատգամավորների՝ ոչ մեկի կողմից չկանխատեսված գնդակահարությունը:

Կառլոսի գերատեսչությունը

Երկրի գլխավոր հատուկ ծառայությունը Ազգային Անվտանգության Նախարարությունն է (ԱԱՆ): Ինչպես և Ռուսաստանում, Հայաստանում ևս Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունները մեկ գերատեսչության մեջ միավորելու փորձ կատարվեց: Այդ տարօրինակ հիբրիդը երկար չմնաց. 1996 թվից մինչև 1998թ.: Արդեն չորս տարի է ԱԱՆ-ը գործում է որպես ինքնուրույն կառույց, ճիշտ է, արդեն մի քանի ամիս համառորեն շշուկներ են տարածվում, որ ԱԱՆ-ը ռուսների օրինակով տրոհելու են մի քանի գերատեսչությունների: Առայժմ նախարարությունը պահպանում է ԿԳԲ-ի՝ գործնականում անփոփոխ կառուցվածքը. ԱԱՆ-ի մեջ մտնում են և հետախուզությունը, և սահմանապահ զորքերը, և ծածկագրողները, և նախագահի անձնական թիկնազորը:

1998 թվից ԱԱՆ-ի նախարարը գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանն է: Նա երբեք առնչություն չի ունեցել պետանվտանգությանը: Ավարտել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Անցել է աշխատանքի ներքին գործերի մարմիններում և խորհրդային իշխանության օրոք հասել է մինչև ՆԳՆ 2-րդ քննչական բաժնի պետի պաշտոնին: Անկախությունից հետո Կառլոսը դարձել է ՆԳՆ քննչական վարչության ղեկավար: Երբ միլիցիան միավորեցին պետանվտանգության հետ, Պետրոսյանը զբաղեցրեց Ներքին գործերի և Ազգային Անվտանգության Նախարարության գլխավոր քննչական վարչության պետի պաշտոնը, իսկ այնուհետև՝ ԱԱՆ-ի: Վարել է «Դաշնակցություն» կուսակցության գործով քաղաքական դատավարությունը, որը ավելի հայտնի է որպես «31-ի» գործ:

Այս տարի Կառլոս Պետրոսյանը ներկայացրեց եկամուտների մասին հայտարարագիրը, որտեղ նշել էր, որ ունի ընդամենը մեկ բնակարան և 25մ2 բնակելի տարածք: Սակայն «Առավոտ» թերթի տվյալներով, Կառլոս Պետրոսյանին է պատկանում Ս. Ն. Մերգելյանի անվ. մաթեմատիկական մեքենաների ԳԱԱ-ի մերձակայքում գտնվող առանձնատունը, որը ավելի շուտ ամրոց է հիշեցնում:

Ահաբեկչությունը

Հայաստանի հատուկ ծառայությունների համար լակմուսի թուղթ դարձան 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները: Այդ ժամանակ ահաբեկիչների խումբը ներխուժեց հանրապետության Ազգային ժողովի շենք և գնդակահարեց 8 մարդ, այդ թվում Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանին և Յուրի Բախշյանին:

Տարօրինակությունները սկսվեցին արդեն հանցագործների հետ բանակցությունների ժամանակ: Պլյուս, որ ահաբեկիչներին վնասազերծելու համար Մոսկվայից կանչել էին «Ալֆա» խմբին: Երբ ահաբեկիչների ղեկավար Նաիրի Հունանյանը համաձայնվել էր հանձնվել, նրան, Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, թույլատրել էին... իր մոտ թողնել ատրճանակը (ընդ որում, ոճրագործը նախագահից անձնական անձեռնմխելիության երաշխիքներ ուներ): Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Հունանյանը ԱԱՆ-ի գործակալ է: ՆԳՆ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ «նա (Հունանյանը.- խմբ.) իսկապես եղել է հավաքագրված գործակալ և նույնիսկ ծածկանուն է ունեցել: Պետրոսյանի գերատեսչությունը նախ գերադասեց լռել, իսկ հետո հայտարարեց, որ ԱԱՆ-ը իսկապես աշխատել է Հունանյանի հետ, բայց հիմնականում մշակել են վերջինիս թուրքական շփումները: Ինքը՝ Հունանյանը, քննության ժամանակ անհասկանալի ցուցմունքներ տվեց, մեկ ահաբեկչության կազմակերպիչ նշելով Քոչարյանին, մեկ՝ զոհված խոսնակ Կարեն Դեմիրճյանին:

Եվ ահաբեկչությունը, և նրա հետաքննությունը Հայաստանում գնահատեցին որպես պետանվտանգության մարմինների կողմից լիակատար անկարողություն. լուծելու հիմնական խնդիրը՝ ազգային անվտանգության ապահովումը: Չնայած դրան, ահաբեկչությունից հետո ԱԱՆ-ում բավական տարօրինակ եզրահանգումներ արվեցին: ԱԱՆ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետին պարգևատրեցին շքանշանով: Պետրոսյանը անձամբ ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում: Եվ նույնիսկ ԱԱՆ հակահետախուզության վարչության պետ Սաշա Սահակյանը, որը ահաբեկչության նախապատրաստման մասին ոչինչ չիմանալու համար պաշտոնազրկվել էր, 2001թ. հունվարին նշանակվեց ԱԱՆ Արագածոտնի մարզի ռեգիոնալ վարչության պետ:

(տպագրվում է կրճատումներով)

«Չորրորդ իշխանություն», թիվ 386, սեպտեմբերի 6, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ