...

Թխսկանը լավն է, բայց ճտերն աշնանն ենք հաշվելու

Թխսկանը լավն է, բայց ճտերն աշնանն ենք հաշվելու

ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Այն, թե ինչ պատահեց, երբ Ռոբերտ Քոչարյանի փառահեղության և անխորտակելիության շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց, տեսան բոլորը: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման՝ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի և մյուսների օրենսդրական նախաձեռնությունը պարզկա երկնքում ամպրոպ էր նաև խորհրդարանի իշխանական կիսագրագետ ու պատեհապաշտ զանգվածի և իրենց բիզնեսն անձեռնմխելիությամբ պատնեշող վայ-օրենսդիրների համար: 

Նախաձեռնությունն անակնկալ էր անգամ Ռոբերտ Քոչարյանի համար: Նրանցից ոչ ոք վաղօրոք գրված հնգամյա սցենարում նման կտրուկ և անկանխատեսելի շրջադարձ չէր սպասում, և դա, կարելի է ասել, նախաձեռնության ամենագլխավոր դրական կողմն է: Եվ երջանիկ պատահականությամբ պահն էլ շատ հարմար էր ընտրված, այսինքն՝ վերջին եռօրյայում, խոչընդոտելով ռեժիմին սատարող ուժերի կողմից նախաձեռնության քննարկումն ԱԺ օրակարգ մտցնելու ու տապալման փորձերին, իմփիչմենթ նախաձեռնողները Քոչարյանին թողեցին առկախ վիճակում՝ մինչև սեպտեմբեր: Իսկ մինչև սեպտեմբեր ինչեր ասես, որ չեն կարող կատարվել: 

Ի դեպ, ոչ ոք չէր կարող կանխատեսել նաև, որ 1998թ. փետրվարին «Հանրապետություն» խմբակցությունն այնպես կպառակտվեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի համար տրամպլին հանդիսանար: Իսկ չէ՞ որ դրան նպաստող ուժերից մեկը հենց ներկայիս նախագահամետ տարոնականներն էին: 

Ինչևէ: Գուցեև ընդդիմությանը չհաջողվի մինչև սեպտեմբեր խորհրդարանական շրջանակներում «բեղմնավոր» աշխատանք տանել, սակայն այն, որ 1998թ. սցենարը կրկնվում է, շատ ուշագրավ է: Դա առավել լավ ընկալելու համար անհրաժեշտ է վերլուծել այն հանգամանքները, որոնք կարող են այս կամ այլ կերպ նպաստել ընդդիմության նախաձեռնության իրականացմանը: 

Փաստ 1 

Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանում շատ քչերն են սիրում: Այս միտքը կարելի է պնդել թեկուզ հենց այն պատճառով, որ Քոչարյանին պարզապես չի կարելի միաժամանակ սիրել և այդչափ վախենալ նրանից: Իսկ խորհրդարանականներն, իրոք, հասկանում են, որ այս պահին Քոչարյանի ձեռքում է ոչ միայն նրանց հետագա «քաղաքական» ճակատագիրը, այլև մանր-մունր դուքյաններն ու տնօրինվող երթուղային գծերը: Ուստի լուռ ու մունջ հետևում են նրա ձեռքի շարժմանը: Սակայն այստեղ ավելի շատ գործում է «որքան երկար, այնքան լավ» սկզբունքը, քանի որ և՛ ագրոարդյունաբերողները, և՛ այսպես կոչված տարոնականները, և՛ իշխանամետ մանր-մունր մնացած պատգամավորները շատ լավ գիտակցում են, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում իրենք, հաստատ, այլևս պատգամավոր չեն լինի՝ դրանից բխող բոլոր քաղաքական և, որ իրենց համար ավելի կարևոր է, տնտեսական հետևանքներով: Ուստի նրանց պետք են որոշակի երաշխիքներ: Ամառվա ընթացքում կհաջողվի՞, կամ ավելի ճիշտ կցանկանա՞ ընդդիմությունը նման երաշխիքներ տալ այս պատգամավորներին, արդեն 13-ի որոշելիք խնդիրն է: 

Փաստ 2 

Խորհրդարանը ցրել չի կարելի: Ինչպես վերջերս հայտարարել էր մի քաղաքական գործիչ, ընդդիմությունը պարելով կընդունի ԱԺ լուծարման մասին լուրը: 13-ի ֆորմատը և նրա առանձին ներկայացուցիչներ երբեք ավելի շատ չեն վայելել ժողովրդի վստահությունը, քան հիմա, ու բոլորին էլ հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կրկնվելու է 1999թ. պատմությունը, և ձևավորված ԱԺ-ն Ռոբերտ Քոչարյանին դարձնելու է անգլիական թագուհի: Իսկ նրանց դիմակայող այլընտրանքային ուժեր Քոչարյանն այդպես էլ չհասցրեց ձևավորել, սեփական իմիջմեյկերների արջի ծառայության շնորհիվ, աջ ու ձախ ժապավեններ կտրտելու վրա վատնեց ողջ ետընտրական ժամանակահատվածը: 

Բայց եթե նախագահն, այնուամենայնիվ, ցանկանա ցրել խորհրդարանը, ապա ստիպված կլինի դա անել մինչև սեպտեմբեր, քանի որ սեպտեմբերին նրա այդ լիազորությունները սահմանափակվում են ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ մինչև սեպտեմբեր Քոչարյանին նման հնարավորություն չի ընձեռվի, քանի որ ԱԺ-ն կարելի է լուծարել միայն վերջինիս անգործունակության դեպքում, իսկ առջևում օրինական անգործությունն է՝ արձակուրդներ: 

Փաստ 3 

Ներիշխանական ճամբարում հակասություններ կան: Որքան էլ հերքվի այս իրողությունը և՛ իշխանության, և՛ նրան սատարող ուժերի, և՛ անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սա իր գոյությունը բազմիցս անուղղակիորեն և ուղղակիորեն փաստած իրողություն է: Իհարկե, պաշտպանության նախարարի և Քոչարյանի այդ հակասությունը դժվար է համարել գաղափարական: Այն ավելի շատ տնտեսական է և վերաբերում է քաղաքական և իշխանական դաշտում ազդեցության ոլորտներին: 

Փաստ 4 

Միջազգային հանրությունն ավելի ու ավելի զգայուն է դառնում տարածաշրջանում Հայաստանի ապակայունացնող դիրքի նկատմամբ: Դրա լավագույն ապացույցն ԱՄՆ պետդեպարտամենտի երեք հայտարարություններն էին Հայաստանի մասին, որոնցից ամենացնցողը, թերևս, վերջինն էր, ըստ որի՝ Միացյալ Նահանգները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի անքակտելի մաս: Բնականաբար այս ամենը չի կարող կապված չլինել Քոչարյանի անձի հետ, քանի որ նրա վարած քաղաքականության հետևանք է: 

Փաստ 5 

Ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք փաստում են, որ Փարիզում քննարկված, այսպես կոչված, «փարիզյան սկզբունքների» հիմքում ընկած է եղել Մեղրին Լաչինով փոխանակելու մասին դրույթը: Այս հանգամանքը վերջնականապես և հիմնովին փաստարկվելուց հետո լուրջ մեղադրանք կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի հասցեին: 

Փաստ 6 

Հասարակության մեջ գնալով խորանում է այն համոզմունքը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ անմասն չեն նաև գործող իշխանությունները և մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այն, որ շատ իրազեկ մարդիկ դրանում լիովին համոզված են, նույնպես հերքման ենթակա չէ: Այս հանգամանքը կարող է լուրջ դեր խաղալ իմփիչմենթի իրականացման գործընթացում, քանի որ, առնելով իշխանափոխության հոտը, զինդատախազությունը կարող է երևան հանել գոյություն ունեցող և առայժմ «մոռացված» բազմաթիվ հարցեր: 

Այս ամենը վկայում է, որ իշխանափոխության համար իրոք բավարար հիմնավոր պայմաններ են ստեղծված, որոնք կարող են հիմք հանդիսանալ 1998թ. իշխանափոխության սցենարի կրկնության համար՝ անբավարար սոցիալական մակարդակ, ծախվելու և ճամբարը փոխելու պատրաստ պատգամավորներ, սուպեր նախարար-նախագահ հակամարտություն, միջազգային հանրության բացասական վերաբերմունք գործող իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև՝ հիմնավորված քաղաքական դրդապատճառ՝ ի դեմս հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ դեր ունենալու և Մեղրիի հարցի առկայության: Այնպես որ, առաջիկա քաղաքական ամառն ամենաուշագրավն է լինելու՝ անդրկուլիսյան խարդավանքների, փոխադարձ պայմանավորվածությունների և բանակցային գործընթացների առումով: Իսկ ճտերն աշնանն ենք հաշվելու: 

Զավեն Լուսինյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 374, հունիս 2, 2002 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ