...

Վերադարձ բարոյական հաղթանակների ռեժիմին

Վերադարձ բարոյական հաղթանակների ռեժիմին

Վերջապես հայ ազգային-ազատագրական հասարակական-քաղաքական «միտքը» վերականգնեց հոգեկան հավասարակշռությունը և վերադարձավ իր համար սովորական՝ բարոյական հաղթանակների ռեժիմին։

Իրական հաղթանակների բեռը 26 տարի շարունակ ճնշում էր նրանց, ու նրանք իսկապես ահավոր դիսկոմֆորտի մեջ էին՝ անսովոր էր, որ աշխարհը փորձում է իրենց հետ հաշվի նստել, իրենց հետ քաղաքական լեզվով է խոսում, իրենցից ինչ-որ բան է պահանջում․․․ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ոչ հաղթանակը կա, որի ձեռքը կրակն էին ընկել, ոչ փաստացի անկախ Արցախը կա, որի ճակատագրով պետք է մտահոգվել, աշխարհը մեզ հետ խոսելու փոխարեն ընդամենը խղճում է մեզ, նորանոր բարոյական հաղթանակների հնարավորություններն էլ կտրուկ մեծացել են։ Հիրավի երանելի վիճակ ավանդական ազգայնական մտքի համար։ Առավել ևս, որ Բայդենն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ու քանի որ Արցախում էլ ռուս խաղաղապահներն են՝ հիմա արդեն կարելի է զարգացնել ավանդական տնտեսությունը և, օրինակ, նոր արտադրություն հիմնել՝ «ազգայնականի կոմպլեկտ», որում կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, 100 գրամ բենզին և մի տուփ լուցկի։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով ոգևորվելուց առաջ երևի պետք է փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Եթե այդ ճանաչումը լիներ թեկուզ մեկ տարի առաջ՝ դա իսկապես մեծ նշանակություն կունենար մեզ համար, որովհետև մեկ տարի առաջ դեռևս գոյություն ուներ փաստացի անկախ Արցախ՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ու բավականին լուրջ բանակով, խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հույս կար, և այդ ճանաչումը, հնարավոր է, կօգներ աշխարհի համար ավելի հասկանալի դարձնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Իսկ հիմա այդ ճանաչումը մեզ առանձնապես ոչինչ չի տա։ Որովհետև, եկեք անկեղծ լինենք, հիմա արցախյան խնդիրը զուտ ձևականորեն է միջազգային խնդիր, փաստացի այդ հարցը ռուս-թուրքական տիրույթում է, ընդ որում՝ այդ երկու երկրներն էլ հայտարարում են, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», հետևաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակն այս պահին իրատեսական չէ։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումն Արցախի հարցում «կապիտալիզացնել» հազիվ թե հաջողվի։

Մեծ հաշվով՝ այդ ճանաչումը Հայաստանի հետ էլ առանձնապես կապ չունի, դա ավելի շատ ամերիկա-թուրքական և ամերիկա-ռուսական հարաբերությունների տիրույթում է։ Ըստ երևույթին ԱՄՆ-ին դուր չի եկել, որ Ռուսաստանն ու Թուրքիան առանց իրեն ամրապնդվել են Հարավային Կովկասում, ու հիմա իրենք փորձում են իրենց բաժինը ստանալ՝ օգտագործելով հայկական խաղաքարտը։ Այո, մեր տարածաշրջանը տուրբուլենտության փուլում է, հնարավոր է՝ լուրջ վերաձևումներ են նախապատրաստվում, և Միացյալ Նահանգները Հայաստանը նույնպես ներքաշում են այդ գործընթացների մեջ։ Ընդ որում՝ ներքաշում են առանց մեզ հարցնելու։ Ի վերջո՝ այնպես չէ, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կամ սփյուռքյան կազմակերպությունների շնորհիվ էր (այդ ուղղությամբ մենք այս տարի չենք արել որևէ քայլ, որ չէինք արել նախորդ տարիներին, ու ոչ էլ խնդիրը Բայդենի խոստումն էր՝ իրենից առաջ էլ գրեթե բոլոր թեկնածուներն այդպիսի խոստում տալիս էին, բայց չէին կատարում)։

Պարզ ասած՝ մենք, մեր կամքից անկախ, ներքաշվում ենք մի խաղի մեջ, որտեղ որևէ բան շահելու որևէ շանս չունենք։ Ընդ որում՝ ներքաշվում ենք մեզ համար ամենածանր պահին, երբ ո՛չ բավականաչափ հզոր բանակ ունենք, ո՛չ կայուն տնտեսություն, երկիրն էլ ղեկավարում են մեղմ ասած՝ անփորձ բախտախնդիրները։ Նման իրավիճակում որևէ բան շահելու հույսեր փայփայելը, մեղմ ասած, մանկամտություն է։ Հայտնի ասացվածք կա, չէ՞․ խոտի համար միևնույն է՝ փղերը կռվո՞ւմ են, թե՞ սիրում իրար։ 

Այնպես որ՝ մեզ համար լավագույն ելքը լինելու է նոր աղետներից խուսափելը։ Ինչն, ի դեպ, նույնպես շատ բարդ է լինելու, որովհետև դրա համար առնվազն պիտի հմուտ ու գիտակից իշխանություններ ունենալ։ Հակառակ դեպքում ընդամենը նորանոր բարոյական հաղթանակներ տոնելու շանսերն են ավելանալու։

Արմեն Բաղդասարյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ