Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշեց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես գալ ուղերձով։ Էլի՛ լավ է, կարող էր ընդհանրապես ոչ մի ուղերձ էլ չհղել՝ փոխարենը շնորհակալություն հայտնելով Ալիևին, որը հենց ապրիլի 24-ին որոշել է թույլատրել իր տարածքով Հայաստան ներկրել 5 վագոն հացահատիկ (հուսանք՝ ոչ անասնակեր)։
Հիմա՝ այն մասին, թե ի՞նչ թաքնված ուղերձներ կային Նիկոլ Փաշինյանի ելույթում։
1․ «Մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է»։ Հասկանալի է, չէ՞, որ Օսմանյան կայսրությունն ինքն իր հպատակներին միջազգային խարդավանքների մեջ չի ներքաշել, ուրիշներն են ներքաշել։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է՝ Հայոց ցեղասպանությունը հենց այդ «ներքաշելու գործելակերպի» պատճառով է տեղի ունեցել, այսինքն՝ թուրքերն առանձնապես մեղք չունեն, հիմնական մեղավորն այդ «ուրիշներն» են։
Սա, ի դեպ, ճիշտ և ճիշտ այն է, ինչ Թուրքիայի պաշտոնական քարոզչությունը կրկնում է ավելի քան մեկ դար։
2․ «Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը»։
Առանցքայինն այստեղ «յուրաքանչյուրն ունի իր արդարությունը» ձևակերպումն է։ Նիկոլ Փաշինյանի ասածը սա է՝ «դե հիմա մեր կարծիքով անարդար էր, որ թուրքերը մեկուկես միլիոն հայ են կոտորել, բայց իրենց կարծիքով՝ լավ էլ արդար էր», այսինքն՝ նա հավասարության նշան է դնում Ցեղասպանության փաստի ընդունման պահանջի և թուրքական ժխտողականության միջև։ Ի դեպ, թուրքերը հավասարության նշան չեն դնում ու միայն ժխտելով չեն բավարարվում, նրանք հայտարարում են, թե «հակառակը՝ հայերն են մեզ ցեղասպանել», Իգդիրում էլ հսկայական հուշարձան են կանգնեցրել՝ «Հայերի կողմից ցեղասպանության ենթարկված թուրքերի հիշատակին»։
3․ «Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար․․․ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա»։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է հատկապես քաղաք-պետություն Սինգապուրի օրինակը բերում։ Հատկապես՝ այն ահազանգերի ֆոնին, որ եթե Ադրբեջանը 300 հազար «փախստականներ» բնակեցնի ՀՀ տարածքում՝ Հայաստանից մնալու է միայն Երևանը՝ որպես քաղաք-պետություն։ Նիկոլ Փաշինյանի ասածը հենց դա է՝ «ի՞նչ եք իրար խառնվել՝ տարածք հա տարածք, մենք կարող ենք նաև Սևանա լճի կեսի չափ տարածքում է՛լ բազմանալ-դառնալ 5 միլիոն և իրականացնել մեր մարդակենտրոն ձգտումները, այսինքն՝ կուշտ փորով պեռաշկի ուտել ու ֆեստիվառներում տժժալ»։
Սրանք էին Նիկոլ Փաշինյանի ելույթի թաքնված ուղերձները, և չենք զարմանա, եթե այդ ելույթը ծայրից ծայր թարգմանվի ու ցուցադրվի Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքներով։
Մարկ Նշանյան