...

Վիտալի Բալասանյա՛ն, դե ձեն հանի

Վիտալի Բալասանյա՛ն, դե ձեն հանի

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացրել սեպտեմբերի 8-ին կայացած Արցախի ՏԻՄ ընտրություններում, իրենց տպավորություններն ու գնահատականներն են ներկայացրել ընտրությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Լ. Բարսեղյանը նշել է, որ շատ լավ տպավորություն է ստացել ընտրությունների ընթացքից՝ լինելով Ստեփանակերտի թվով 11 և Մարդակերտի շրջանի 4 գյուղական տեղամասերում:  «Էապես մաքուր ընտրություններ էին այն ֆոնին, ինչ տեսել ենք Հյաստանում մինչև հեղափոխությունը, շատ նման էին Երևանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններին: Խախտումները հիմնականում տեխնիկական բնույթի են և ոչ կանխամտածված, պլանավորած կամ դիտավոր»: 

Մեծ հաշվով, նույնն ասել է նաև Դանիել Իոաննիսյանը, որ ընտրություններում թերությունները հիմնականում տեխնիկական բնույթի են եղել, մի տեղ քվեատուփի որակը լավ չէր, մի տեղ միջանցքը նեղ էր և այլն: Բայց բուն քվեարկության և ձայների հաշվարկման հետ կապված՝ ոչ մի դիտողություն:

Թերևս այսքանը ընտրությունների ընթացքի և գնահատականների մասին:

Հիմա ցանկանում ենք հարց տալ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որը համարյա համաշխարհային դավադրություն էր որակել այն, որ Արցախում Հայաստանից երկու կազմակերպություն, մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», դիտորդական առաքելություն պետք է իրականացնեին: Որ դա Արցախի ներքին գործերին ուղիղ միջամտություն է, որ արցախյան հանրությունն ընդդիմանալու է այդ կազմակերպությունների գործողությունների դեմ և առաջիկա ընտրություններում արդեն դրա դրսևորումները կտեսնենք, որ Արցախի և Հայաստանի պետականությունը վտանգված է: Այդ  ամենից հետո, չգիտես ինչու, նաև հայտարարել էր, որ ոչ թե Քոչարյանն է սահմանադրական կարգը տապալել, այլ՝ Նիկոլ Փաշինյանը:

Վիտալի Բալասանյանն ինքը թող պատասխանի. պրծա՞վ Արցախը, կործանվե՞ց, անցա՞վ գետնի տակը: Դիտորդական առաքելությունները Արցախում ոչ մարդ են սպանել, ոչ Ստեփանակերտ զորք են բերել, ընտրատեղամասերում քաղաքացիներին չեն ծեծել, սուտ մատնություններ, զրպարտություններ չեն արել: Այն, ինչ 20 տարի արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում և Արցախում կայացած ցանկացած մակարդակի ընտրությունների ժամանակ: Ու 20 տարի Վիտալի Բալասանյանը բազմաթիվ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ծպտուն չի հանել, միշտ ասել է՝ «սաղ օքեյ ա», իսկ այս երկու դիտորդական առաքելությունները հանկարծ ու ամենամեծ վտանգը դարձան Արցախի համար:

Թե՞ Վիտալի Բալասանյանի մոտ լրիվ թարս պատկերացնումներ են ընտրություններ հասկացության մասին: Իր իմացած «ճիշտ» ընտրությունները նրանք են, որոնց արդյունքները դրանից մի երկու ամիս առաջ արդեն մի տոկոսի ճշտությամբ հայտնի են լինում. գծված, մշակված, սցենարները հղկված, ով քանի տոկոս պիտի հավաքի, ով անցնի, ով չանցնի խորհրդարան, ընտրատեղամասերի վրա պլանները դրած, կեղծարարների ու ծեծողների բանդաները կազմ ու պատրաստ, «Գազելները» յուղած, ընտրակաշառքների գումարները հավաքած: Հակառակ դեպքում գոնե մի անգամ կասեր, որ ընտրությունների արդյունքները՝ Հայաստանում կամ Արցախում, չեն արտացոլում իրական պատկերը, կամ որ բանակը չպետք է միջամտի ընտրություններին:

Ընդհակառակը, մի հատ էլ նոր բան է մոգոնել. թե բա մարտի 1-ի իրական կազմակերպիչները, պատասխանատուները ընդդիմության առաջնորդներն են եղել: Հա, երևի ընդդիմությունն է Արցախում տարածքներ կորցնելու գնով սահմանից զորքերը հանել, բերել Երևան: 

Ու չես էլ կարող ասել, թե «դուխը չի հերիքում», որ քննադատի Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակների հանցավոր երևույթներ, կամ ովքեր են մարտի 1-ի իրական կազմակերպիչները: Ի վերջո, Արցախի հերոս է, ու ղարաբաղյան պատերազմի ակնառու դեմքերից է: Ոչ, ուղղակի սկսել է զբաղվել քաղաքականությամբ, բայց թե ինչի է որոշել, որ քաղաքականությունը՝ դա ստախոսության և զրպարտության արվեստն է, թողնում ենք իր խղճին:

Իսկ Արցախում ընտրությունները կայացան, և կյանքն այնտեղ շարունակվում է այնպես, ինչպես մեկ օր, մեկ շաբաթ, մեկ տարի առաջ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ