...

Խաղողագործները ռուսական շուկան կորցնելու վտանգի առաջ են

Խաղողագործները ռուսական շուկան կորցնելու վտանգի առաջ են

Բերքը քիչ է, գինը՝ ցածր

Հայ խաղողագործները ռուսական շուկան կորցնելու վտանգի առաջ են կանգնած: «ՉԻ»-ին ահազանգեցին Արմավիրի մարզի խաղողագործները: 

Սեղանի սորտի խաղողը հիմնականում արտահանվում է կամ էլ տեղական շուկայում է իրացվում: Հայաստանից խաղողն արտահանվում է հետևյալ ուղղություններով՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Բելառուս։  Արտահանվող խաղողի առույծի բաժինը, սակայն, դեպի ռուսական շուկա է գնում: Հայկական կարմիր «Քիշմիշ» տեսակի խաղողի սիրահարներ են ռուսները: Այն մեծ պահանջարկ ու լավ վաճառք է ունեցել մանավանդ Սոչիի մեծածախ շուկայում: Խաղողագործների պնդմամբ, սակայն, այս տարի պատկերը փոխվել է: Թեև «Քիշմիշն» այս սեզոնին քիչ բերք է տվել, բայց բերքատվության ցուցանիշի համեմատ ավելի ցածր գնով է արտահանվել:

««Քիշմիշն» այս տարի կիլոգրամը 400-500 դրամով  է Ռուսաստան արտահանվել, անցյալ տարի 500-700-ով են տարել: Գինը ցածր է, մարդիկ տանում են, տակ տված հետ են գալիս»,- դժգոհեց Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Գևորգ Դանիելյանը:

Այստեղ դեռ կան խաղողագործներ, որոնց բերքը չի վաճառվել՝ արկղերում է մնացել: Որոշներն էլ, որպեսզի բերքը չփչացնեն, շուկայական արժեքից ավելի ցածր գնով՝ կիլոգրամը 135 դրամով, վերամշակող գործարաններին են հանձնել:

«Արտահանման առումով այս տարի շատ վատ վիճակ է: Այս սեզոնին մարդիկ գերադասում են սեղանի սորտի խաղողն էժան գներով չվաճառել, փոխարենը պահեստավորում են սառնարաններում: Վերավաճառողները 200 դրամով մեզանից խաղողը գնում են, տանում են 350-450 դրամով վաճառում և արտադրողից ավելի շատ աշխատում»,- նկատեց խաղողագործը:

Ինչո՞ւ են կրճատվել ՌԴ արտահանվող խաղողի ծավալները

Փշատավան համայնքի ղեկավար Ազատ Քյարամյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ իրենց մոտ 1500 տոննա վաճառքի ենթակա սեղանի խաղողի տեսակներ կան: Անցյալ տարի նա իր այգու խաղողն արտահանել է Պյատիգորսկի շուկա, այս սեզոնին չի տարել:

Նրա խոսքով՝ ռուսական շուկան հագեցած է մոլդովական, բուլղարական, ուզբեկական, ադրբեջանական, տաջիկական խաղողով: Խաղող են մատակարարում նաև Ղրիմը, Կրասնոդարը, այդ թվում՝ այնտեղի հայազգի խաղողագործները, որը ՌԴ շուկաներում խփում է հայկական թարմ սեղանի սորտերի արտահանմանը:

«Ուզբեկական խաղողի կիլոգրամը 120 ռուբլով գնում են, իսկ մերը 50-55-ով չեն առնում: Հայկական խաղողը որակապես շատ ավելի լավն է»,- մատնանշեց նա:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցած տվյալների համաձայն՝ 2019 թվականին ավելի քիչ խաղող է ՌԴ արտահանվել:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ դեպի ՌԴ արտահանվել է 8126 տոննա խաղող, անցած տարի նույն օրը՝ 9996 տոննա: Իսկ ընդհանուր առմամբ, 2019 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 9010 տոննա խաղող։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածի դրությամբ արտահանման ցուցանիշը կազմել է10573 տոննա։ 2018 թվականի ընթացքում հանրապետությունից արտահանվել է 15541 տոննա խաղող։

Խաղողագործները դժգոհում են՝  ՌԴ-ում խաղողը ցածր գնով վաճառելու դեպքում այն ձեռնտու չէ. այնտեղ հասցնելու համար լրացուցիչ ծախսերի տակ են ընկնում: Նրանց հաշվարկներով՝ վաճառքից գոյացած գումարով էլ հազիվ կարողանում են ծախսերը փակել:

«Կիլոգրամը 40-50 ռուբլով է վաճառվում, հայկական դրամով կիլոգրամը 350 դրամ է ստացվում, բայց կիլոգրամի մեջ 150 դրամ ծախս է արվում՝ մեքենայի համար, շուկայի գումար և այլն: Ռուբլու կուրսն էլ ցածր է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նույն վիճակում են հայտնվել այն համայնքների խաղողագործները, որտեղ սեղանի սորտեր են աճեցվում: Չիրացված բերք կա Գետաշենում, Ջանֆիդայում, Արևիկում և այլ համայնքներում:

Առավել վատ վիճակում են արևիկցի խաղողագործները: Այստեղ այգիների մեծ մասի բերքը սեղանի խաղողի սորտեր են:

Փշատավանի ղեկավարը պատմեց, որ Արևիկի համայնքապետը մոտ 12 օր առաջ իր այգու խաղողը ՌԴ վաճառքի է տարել: Մի քանի օր առաջ է գործընկերոջ հետ խոսել: Ասում է՝ վաճառք չկա, 2 ֆուռից չորրորդ օրվա ընթացքում միայն մեկ բեռնատարի խաղողն է մոտ 30 տոկոս վաճառել:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ