...

Խոշոր առևտրի ցանցերը տեղական գյուղմթերք չեն գնում. ահազանգ

Խոշոր առևտրի ցանցերը տեղական գյուղմթերք չեն գնում. ահազանգ

Թուրքականը գերադասում են տեղականից 

Տեղական արտադրողները փակուղու առջև են հայտնվել: Հայկական արևահամ միրգն ու բանջարեղենը տեղական շուկայում չեն կարողանում իրացնել: Առևտրային խոշոր ցանցերը չեն գնում գյուղացու այգում աճած միրգը:

Այս մասին «ՉԻ»-ին ահազանգեց Արարատի մարզի Այգեստան համայնքի ֆերմերը, որն օրեր առաջ է այս խնդրին բախվել: Նա սառնարանային տնտեսություն ունի և այնտեղ պահված տանձը, սերկևիլը, արքայանարինջը, խաղողն ու նուռը չի կարողանում սպառել: Ֆերմերը չցանկացավ իր անունը հրապարակել, սակայն հայտնեց՝ առևտրի կենտրոնները նախապատվությունը տալիս են թուրքական արտադրանքին:

«Գերադասում են թուրքական միրգը գնել, տեղականը չեն ընդունում: Մոտ 10 օր առաջ «Երևան Սիթի» եմ գնացել ապրանքս վաճառելու, բայց պահեստավորված գյուղմթերքը չեմ կարողանում վաճառել»,- ծագած խնդրի մասին պատմեց ֆերմերը:

Հայկական մրգից հրաժարվելու պատճառաբանությունը հետևյալն է եղել:

«Տանում ես, գին են հարցնում, ասում եմ՝ տանձի մեկ կիլոգրամն արժե 700 դրամ: Սուպերմարկետից ասում են, թե ինչի համար տանք այդ գինը, երբ պետք է 27 տոկոս հարկ վճարենք: Ավելի լավ է թուրքական տանձը վաճառենք, քանի որ, երբ սահմանին մաքսազերծվում է, այլևս հարկ չի վճարվում»,- փոխանցեց տնտեսվարողը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել վերջին 1, 5 տարվա ընթացքում: Ըստ ֆերմերի՝ այս ամենը հարկային նոր քաղաքականության հետևանք է: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականություն մշակվեց: 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարել է սուպերմարկետների 11 խոշոր ցանցերում չարաշահումների մասին։ Օրինակ՝ «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացրել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ: ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:   

«Չեն ընդունում, չեն ուզում, որ տեղական միրգը վաճառվի, այսինքն՝ 27 տոկոս հարկ է գալիս:  Օրինակ՝ թուրքական տանձը մաքսազերծումից հետո արժեքը մոտ 650 դրամ է լինում, վաճառում են կիլոգրամը 750 դրամով: Հիմա, որ ես մեր ապրանքը տանում եմ, սուպերմարկետը 27 տոկոս պետք է հարկ տա, ստացվում է՝ թուրքականի ինքնարժեքից ավել, մոտ 150 դրամի տարբերություն է տալիս: Ինքը պետք է եկամուտ ստանա: Հարկեր տալով՝ դառնում է ահռելի գին, չի կարողանում վաճառել, գերադասում է  թուրքականը, ինքնըստինքյան մերը չի վաճառվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Գյուղմթերք վաճառող ֆերմերին նույն պատասխանը մնացած խոշոր առևտրային ցանցերում են տալիս:

Ներկրվածը տեղականի անվան տակ է վաճառվում 

Ստեղծված իրավիճակում ֆերմերները գյուղմթերքը ստիպված ինքնարժքով են վաճառում:

«Մեղրիի արքայանարինջը գնել ենք 500 դրամով, մեզ վրա 650  է նստել, հիմա 700 դրամով հազիվ կարողանում ենք վաճառել: Իսկ վրացական արքայանարինջը բերում են, այնտեղից գնում են կիլոգրամը 150-200 դրամով, այստեղ մաքսազերծում են և 400-500 դրամով խանութներին են տալիս: Մեր տեղականը արդեն չի վաճառվում: Ի դեպ, մեր տեղականի անվան տակ են վաճառում: Հարցնում ես՝ այս արքանարինջը որտեղի՞նն է, ասում են՝ Մեղրիին է, բայց վրացական է»,- նշեց տնտեսվարողը:

Ֆերմերները պահանջում են դադարեցնել ներկրումները, որպեսզի հայկական գյուղմթերքը իրացվի: Ասում են՝ հակառակ դեպքում հարցականի տակ է տեղական արտադրանքի ապագան:

«Թուրքական լոլիկը հիմա ի՞նչ իրավունք ունի մտնի Հայաստան: 600 դրամով այսօր թուրքական լոլիկ է վաճառվում, բայց տեղականը, որի վրա այդքան ծախս ենք անում՝ ջեռուցում և այլն, 800 դրամով չի վաճառվում, որովհետև թուրքականը շուկայում լիքն է»,- մտահոգություն հայտնեց տնտեսվարողը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ