...

20-25 միլիոն՝ ահա իշխանության գինը

20-25 միլիոն՝ ահա իշխանության գինը

ՌԵՎԱՆՇԻ ՓՈՂԸ

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ 17-ի միավորումը (իրենք իրենց անվանում են նաև արմատական ընդդիմություն) կատաղի պայքար է մղում իշխանության դեմ: Հռետորաբանությունը, պայքարի միջոցները և հաստատակամությունը, թե, միևնույն է, տապալելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարող է հանգեցնել այդպիսի տպավորության: Բայց մի փոքր ավելի մանրազնին դիտարկելու դեպքում, առնվազն հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն այդքան էլ ակնհայտ չեն:

Հայտնի է, որ 17-ը և նրանց թիկունքում գտնվող Քոչարյանն ու Սարգսյանը ահռելի գումարներ են ծախսում հայաստանյան և արտասահմանյան մեդիա տեռորի համար: Հայտնի է նաև, որ այդ ուժերը նույնքան ահռելի գումարներ են ծախսում փողոցային պայքարի և քաղաքական ակտիվիզմի նորահայտ մեթոդների վրա: Նրանց վրա պակաս էժան չի արժենում նաև մի շարք մտավորականների, շոու բիզնեսի և այլ հայտնի մարդկանց աջակցությունը:

Եվ այդ ամենն արդեն 2.5 տարի, իսկ վերջին ամսում ծախսերը աճել են երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ նորահայտ աջակիցներ են ի հայտ եկել:

Բայց այս ամենը երևացող մասն է: Իսկ չերևացողը այն է, որ ամեն ինչի պատրաստ ընդդիմությունը չի կարողանում իր կողմը թեքել իշխանական խմբակցության 20 անդամի: Այդ 20 պատգամավորը բավարար կլինեն պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանին, մինչ ինքը տեսական զրույցներ է վարում արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
Այս համատեքստում չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ գրեթե 2 տարվա ընթացքում «Իմ Քայլից» որևէ պատգամավոր դուրս չեկավ՝ պահպանելով մանդատը: Իսկ երկու ամսվա ընթացքում արդեն 5-ը գնացել են նման քայլի:

Ինչո՞ւ առաջ չէին անում նման բան: Պատերազմում կրած պարտությունը և այլն, դա միամիտների համար է: Առաջ չէին անում, որովհետև վախենում էին հասարակական արձագանքից: Իսկ հիմա չկա արձագանք: Հակառակը, նույն սոցիալական ցանցերում խմբակցությունը լքած պատգամավորների հասցեին արվում են բազում դրվատանքի խոսքեր, իսկ դատապարտումները չափազանց քիչ են, որպեսզի դրանցից ինչ-որ մեկը տխրի:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 17-ը, Քոչարյանը և Սարգսյանը գումարը ծախսում են մեդիա տեռորի և աննպատակ ակցիաների վրա, բայց չեն շահագրգռում ևս 20 պատգամավորի:

Իշխող ուժում կան մի քանի տասնյակ պատգամավորներ, որոնք ողջ էությամբ նվիրված են Փաշինյանին, առանց նրա չեն պատկերացնում իրենց քաղաքական կյանքը, բայց կան նաև այնպիսիները, որոնք հաստատ կքննարկեն շահավետ առաջարկները: Եվ ամենակարևորը՝ լավ շահագրգռվելու դիմաց, նեղության չեն ենթարկվի՝ ոչ պետական ապարատի կողմից, ոչ էլ հասարակական արձագանքի առումով:

Հաշվի առնելով այս հանգամանքը, կարող է լինել միայն մեկ բացատրություն: «17-ը և կոմպանիան» սպասում են հրահանգների և միայն դրանից հետո կանցնեն հիշյալ գործողության իրականացմանը:

Ի վերջո 20-25 միլիոն դոլարը խնդիր չէ ռևանշի ուժերի համար: Եվ սա առավելագույն արժեքն է նպատակին հասնելու համար:

Ամփոփելով կարելի է գալ եզրահանգման. մեդիաները և փողոցային պայքարը ընդամենը ուղեկցող ֆոն են ապահովում: Ֆոն, որ կհեշտացնի հիմնական արարի իրականացումը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ