...

Սա դեռ ժուռնալն է

Սա դեռ ժուռնալն է

Դեռ վեց ամիս առաջ պարզ էր, որ կրքերը չեն հանդարտվելու և սին են իշխանության հավաստիացումները, թե պատերազմից վեց ամիս անց կունենանք հանգիստ մթնոլորտ ու հնարավոր կլինի անցկացնել նորմալ ընտրություններ:

Սին էին, քանզի դրա համար կար առնվազն երկու հիմնավոր պատճառ:

Առաջին. Պատերազմում կրած պարտությունը և դրա հետևանքները համեմատելի չեն որևէ այլ ներքաղաքական լարվածության հետ: Իշխանությունները ընտրություններ չէին կեղծել, որ ընդդիմությունն էլ մի քանի հանրահավաք անցկացներ, մի քիչ բողոքեր, բայց տեսնելով, որ բան չի փոխվում, համակերպվեր և սպասեր հաջորդ ընտրություններին: Կրքերը չեն հանդարտվում նաև այն պատճառով, որ ոչ միայն պարտության դառը հետևանքներն են մնացել, այլև մեծ է նոր պատերազմի հավանականությունը: Ուստի բնական է, որ հանրության մի ստվար հատված սարսափում է, որ գործող իշխանությունների ղեկավարությամբ երկիրը կարող է նոր պատերազմ մղել: Եթե դավաճանության մասին պնդումները զուտ քաղաքական պայքարի հռետորաբանություն են, զուրկ փաստական հիմնավորումներից, ապա անկազմակերպ, փնթի ղեկավարում իրականացնող իշխանության առկայությունը չի կարող չանհանգստացնել մարդկանց և հանդարտեցնել կրքերը: Հանրությունը տեսավ, թե իշխանությունը ինչպես է մի ծայրահեղությունից ընկնում մյուսի գիրկը, ինչպես է ֆեյսբուքյան արձագանքների ազդեցության տակ, մի քանի ժամվա ընթացքում փոխում իր մոտեցումները և ցավալի կորուստների մասին բարձրաձայնումներից 12 ժամ հետո հայտարարում, որ որևէ դեպքում չենք հանձնվելու և մինչև վերջ պայքարելու ենք: Ինչ եղավ վերջում, բոլորս շատ լավ գիտենք:

Երկրորդ. Գործող ընդդիմությունը տարբերվում է նախորդ երեսուն տարիների ընդդիմությունից: Տարբերվում է թե՛ արժեհամակարգային, թե՛ ռեսուրսների տնօրինման առումներով: Ինչպես իշխանության ժամանակ խնդիր չէին տեսնում սադրիչների միջոցով քաղաքական նպատակներ սպասարկելուց, այնպես էլ հիմա որևէ բարոյական արգելք չունեն ցանկացած գնով հասնելու իրենց նպատակներին: 50 հոգի սադրիչ կարելի է գտնել Հայաստանի ցանկացած բնակավայրում: Եթե սյունեցի 50 սադրիչը չի արժանանում խիստ հակազդեցության, ապա հաջորդ բնակավայրերում 50-ը կարող է դառնալ 100 կամ 200:

Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է՝ սկզբում հոխորտալ, հետո համակերպվել՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ ժամանակ շահել: Սյունիքի դեպքերը դեռ կինոն չեն, ինչպես ընդունված է ասել, դա ժուռնալն էր: Եթե առաջիկա օրերին հստակ քայլեր չիրականացվեն և հստակ մեսիջ չհղվի, որ քաղաքական պայքարը և ակտիվիզմը նույնական չեն խուլիգանության հետ, ապա հայտնի կենտրոններից ուղղորդվողները է՛լ ավելի սանձարձակ են դառնալու և չեն բավարարվելու հայհոյելով: Սովորաբար հայհոյելուն կոնկրետ քրեական հանցագործություններ են հաջորդում:

Այս պայմաններում գնալ ընտրությունների կնշանակի ոչ թե ժողովրդի իշխանության պահպանում և ժողովրդի դատին ներկայանալու իրողություն, ինչպես հայտարարում են իշխանությունները, այլ ընտրությունները իսկական մղձավանջի վերածելու հեռանկար: Ինչպես «Մարտի 1»-ի գործն անցկացրին բոլոր «օրինական» ընթացակարգերով և հետո պարզեցին, որ 2008 թվականի իշխանությունները ամեն ինչ արել են օրենքի սահմաններում, այնպես էլ ընտրությունները կանցկացնեն և կպարզվի, որ ժողովուրդը ընտրել է սադրիչների հովանավորներին:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ