...

31 տարվա հեռատեսություն

31 տարվա հեռատեսություն

Երեկ Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է չեղարկել Լիտվայի անկախությունը ճանաչելու մասին՝ ԽՍՀՄ Պետխորհրդի որոշումը: Ըստ նախագծի հեղինակի՝ այդ որոշումը անօրինական է, քանի որ այն ընդունած ԽՍՀՄ Պետխորհուրդը սահմանադրությամբ չնախատեսված մարմին է:

Շատերը կարող են ուսերը թոթվել, թե ինչի համար ենք այս մասին գրում: Մինչդեռ սա չափազանց կարևոր է. Ռուսաստանը 31 տարվա վաղեմության հարցի է անդրադառնում, և դա կարող է պրոբլեմ դառնալ հետխորհրդային շատ երկրների համար, բայց ոչ՝ Հայաստանի:

Շատերը կարող են չհիշել կամ չիմանալ, որ երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ը ԳԿՉՊ-ից հետո փլուզվեց, նրա կազմում գտնվող հանրապետությունները հերթով սկսեցին հայտարարել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու մասին: Անկախանալու և Միութենական պետությունից դուրս գալու այդ գործընթացը պարզապես հետևանք էր Կրեմլի՝ այդ գործընթացները կանխելու անզորության:

Իսկ ահա Հայաստանի իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այլ ճանապարհով գնացին: Մեր իշխանությունները Հայաստանի անկախության գործընթացը նախաձեռնեցին՝ ԽՍՀՄ գործող սահմանադրության օրենքներին ու տառին համաձայն: Այսինքն՝ Հայաստանի անկախ պետականություն հռչակելու գործընթացը ամբողջությամբ լեգիտիմ է եղել, չի խախտվել այն ժամանակ գործող և ոչ մի օրենք: 

Եվ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել մեր անկախության գործընթացի լեգիտիմությունը: 

Դա ահռելի տարբերություն է. մեր դեպքում եղել է անկախացման իրավական գործընթաց, մյուս միութենական հանրապետությունների դեպքում՝ քաղաքական գործընթաց: Սրանց դեպքում Ռուսաստանը կարող է շահարկել, կասկածի տակ դնել այդ պետությունների անկախացման իրավական հիմքերը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն՝ այն, ինչ արել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը:

Սա գրում ենք նրա համար, որ հասկանալի լինի, թե ինչ ամուր հիմքերով է Հայաստանի անկախությունը կայացել, և 31 տարի առաջ Հայաստանի իշխանությունները ինչ հեռատեսություն են ցուցաբերել: Իսկ այն ուժերը, որոնք այդ իշխանությունների արածները ուրացել են, վարկաբեկել, այն ժամանակ «անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլային»: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ