...

Ադրբեջանը հինգ կետերը լրացրել է․ Հայաստանը դեռ ծանոթանում է

Ադրբեջանը հինգ կետերը լրացրել է․ Հայաստանը դեռ ծանոթանում է

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, իր հավաստի աղբյուրին հղում անելով, ներկայացրեց խաղաղության պայմանագրի մասին Ադրբեջանի մոտեցումները։ Հինգ կետերը սրանք էին․ 

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,
3. Միջանցք Հայաստանի տարածքով,
4․ Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Այսօր արդեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պաշտոնական շրջանակները խոսել են հինգ կետերի մասին։ Մասնավորապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ հայտարարել է, թե երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել 5 սկզբունքի շուրջ համաձայնության գալ։ Նա հավելել է, որ դրա արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը: Իր հերթին այսօր Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր։ Հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար․ այս մասին «NEWS.ru»-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս հստակեցրել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։

Այսօր Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն են հանդիպել: Հինգ կետերից երկուսը վերաբերում են Արցախին․ չի բացառվում, որ նրանց խոսակցության թեման հենց այս առանցքի շուրջ է զարգացել։ Ի դեպ, «հավաստի աղբյուրի» հրապարակումը իշխանությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։ Պարբերաբար կրկնում են, թե զարգացումների դեպքում հանրությանը տեղյակ կպահեն։ Բայց զարգացումների մասին  հանրությունը ավելի շուտ իմանում է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից։ Ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում էլ՝ մինչ ստորագրումը, ռուսական աղբյուրներն արդեն հրապարակել էին տեքստը, որը շատերի համոզմամբ՝ ապատեղեկատվություն էր։ Վերջում այդ ապատեղեկատվությունը դարձավ իրական համաձայնագիր։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ