...

Աղվան Հովսեփյանի երազը

Աղվան Հովսեփյանի երազը

Ինքը հայտնվել է դժոխքում: Ընդունարանում լրացնում է անկետային տվյալներն ու ներս մտնում: «Փո՜ւֆ, էս ի՞նչ հոտ ա գալիս»,- քիթը բռնում է ինքը:

Անմիջապես մի քանի չարք իր թևերը ոլորում են, տանում են դժոխքի Կենտրոնի բաժին, այնտեղ սկսում ապտակել:

«Մի րոպե, ինչի՞ համար»,- խառնվում է ինքը: «Զազրախոսության»,- պատասխանում է չարքերից մեկը: 

Ամբողջ օրն իրեն սոված-ծարավ պահում են, հետո վրեն ակտ են գրում, տանում՝ անկյուն կանգնեցնում:

Հաջորդ օրն իրեն բռնում, տանում են դժոխքի քննչական բաժին: Հենց ներս է մտնում, սկսում են դաժան ծեծի ենթարկել: Խփում են որտեղ պատահի, հատկապես՝ պոչկեքին: Մի ուրիշ ձև արյունլվիկ են անում: «Բա հիմա ի՞նչ եմ արել»,- հեծկլտում է ինքը: «Մեր շարքային չարքերից մեկին անպատվել ես, հետո դիմադրություն ես ցույց տվել»,- պարզաբանում է քննչական բաժնի պետը:

«Սուտ ա, տենց բան չի եղել»,- հայտարարում է ինքը: «Ո՞նց թե սուտ է, կանչեք էն շարքային չարքին»:

Մոտենում է մի լղար, պուճուր կոտոշիկներով ջահել սատանա. «Այո, հաստատում եմ, էս Աղվանն ինձ խփել է ու քրֆել»: «Արա´, էս ո՞ւմ ախպորն ես դիմադրել»,- զայրանում է բաժնի պետն ու էլի իր պոչկեքին խփում: «Մի րոպե, մի մարդու ցուցմունքի հիման վրա ո՞նց եք գլխիս գործ սարքում»,- վհատված հարցնում է ինքը:

«Նախ, ինքը մարդ չի,- բացատրում է պետը,- և հետո, հո սուտ չի՛ ասում»:

Ամբողջ օրը քացու տակ են քցում, կիսամեռ շպրտում գետնին, օրվա վերջում բժիշկը գալիս է, զննում է իրեն և ասում. «Ոչ մի գանգատ չունի, առողջ է, որևէ վնասվածք չկա, կապտուկներ չեմ տեսնում» և անհետանում:

Օր երրորդ. իրեն տանում են դժոխքի հատուկ նշանակության հրաձգարան: Իրեն կանգնեցնում են՝ որպես թիրախ ու սկսում վրեն կրակել: Մագազին մագազինի հետևից շարում են: Հետո ատրճանակներով վերջում «դաբիտ» են անում: Ինքը բզկտված, քրքրված, արնաշաղախ, փլվում է գետնին: Մոտենում է դատաբժիշկը, ստուգում և հայտարարում. «Արտառոց բան չկա, սովորական ինքնասպանություն է: Էս որովայնի հատվածում 139 հրազենային վնասվածքներն ինքն աջ ձեռքով է կրակել, իսկ գլխի 86 վնասվածքները՝ ձախ ձեռքով»:

Օր չորրորդ. պարանից կապելով, քարշ են տալիս, քցում դժոխքի ԿՊԶ: Աչքերը բացում է, տեսնում է մի առյուծ: Աչքերը մի քիչ վարժվում են մթին, սարսափով նկատում է, որ էս առյուծը պառկած է Ռոբերտ Քոչարյանի վրա: «Էս ի՞նչ ես անում ստեղ»,- հարցնում է ինքը Քոչարյանին: «Չե՞ս տեսնում, սելֆի եմ անում»,- պատասխանում է առյուծը, հետո երախը բացում է ու քմծիծաղ տալիս. «Պատրաստվիր, հեսա քո հետ էլ եմ սելֆի անելու»:

Ինքը վախից ընկնում է գետնին, բայց գետինը ճաք է տալիս ու ինքն ընկնում է դժոխքի ԿԳԲ-ի պադվալ:

Արթնանում է առողջության հետ համատեղելի խնդիրներից: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ