...

Ալիևի հետնորդը

Ալիևի հետնորդը

ԴՊՐՈՑ

Հայաստանում իրականացված «նախագահի ընտրություն» կոչվող ֆարսի գլխավոր դիրիժորը Սերժիկ Սարգսյանն էր: Ճիշտ է` առաջին փուլի արդյունքներից նրա «շեֆը» խիստ դժգոհ մնաց և երկրորդ փուլի համար ինքն անձամբ հանդիպեց և հստակ հանձնարարականներ տվեց իր «թիմի» ստորաբաժանումներին: Սակայն Ս. Սարգսյանը շարունակեց մնալ նրա ընտրական գլխավոր շտաբի ղեկավարի իր պատասխանատու պաշտոնում: Որպես այդպիսին էլ ահա պարտավորված էր «հաղթանակից» հետո արդյունքների հետ կապված մամուլի ասուլիս հրավիրել: 

Մինչ այդ հնչել էին միջազգային դիտորդների հայտնի գնահատականները, որոնք իրենց կոշտությամբ աննախադեպ էին, պետության համար վիրավորական, նրա իշխանության համար ամոթալի, նաև վտանգավոր: Թվում էր, որ եթե այս գնահատականների առիթով ինչ-որ բան կարելի էր ասել, ապա պաշտոնապես դա առաջին հերթին պետք է աներ ԿԸՀ նախագահը: Սակայն ընտրությունների իրական գլխավոր ճարտարապետը Ս. Սարգսյանն էր, և պատահական չէ, որ հենց նա պատասխան-բացատրություն տվեց: Իսկ պատասխանն էլ այն էր, որ ամեն ինչ պայմանավորված է եղել միայն ու միայն «ժողովրդի մենթալիտետով»: Ընդ որում, հարցը ոչ ձևական պատասխանն էր, ո՛չ էլ բացատրել-արդարանալը: Հարցը չքմեղանալն էր, հասցված վիրավորանքի, ամոթի ուղղությունը Քոչարյանից, իրենից, վարչախմբից դեպի ժողովուրդն ուղղելն էր, պատասխանատվությունը նրա վրա գցելը և դրանով իսկ հնարավոր վտանգը մեղմելը: 

Հանճարեղ այս տրյուկն արդյո՞ք Ս. Սարգսյանի ստեղծագործությունն էր: 

Պարզվում է, որ ոչ: Հետքերը տանում են դեպի... Ադրբեջան: Այն ճշգրիտ պատճենումն է Հեյդար Ալիևի նույնպիսի մի մտքի, որ գտնում ենք 2001թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի պառլամենտում ունեցած ելույթում: Ընթերցողին խնդրում ենք համեմատել և չզարմանալ. 

Հ.Ալիև. «Մեր ժողովուրդն ունի իր սեփական մենթալիտետը: Թող ոչ ոք չենթադրի, որ այսօր Ադրբեջանում կարող է լինել այնպիսի ժողովրդավարություն, ինչպիսին Ֆրանսիայում է»: 

Ս. Սարգսյան. «ԱՊՀ դիտորդները շատ ավելի են ծանոթ մեր մենթալիտետին, մեր իրականությանը, իսկ մարդիկ, որոնք ծնվել և ապրել են եվրոպաներում, նրանք երևի չեն կարող բացատրել մեր իրականության որոշ երևույթներ: Եվրոպացիներն ապրում են այնպիսի հասարակության մեջ, որտեղ այլ պատկերացումներ կան ժողովրդավարության մասին»: 

Կոմունիստական շրջանում էր, որ այսքան հարազատ կրկնում էին գլխավոր կամ առաջին քարտուղարներին: Մի տարբերությամբ, որ պարտաճանաչ և հպարտորեն հղում էին կատարում մտքի հեղինակին, նրանց համարում իրենց ուսուցիչը: Ս. Սարգսյանը որպես ընդունակ և երախտապարտ աշակերտ շարունակում է հավատարիմ մնալ իր ուսուցչին: Ժամանակներն ու իրավիճակն են այնպիսին, որ չի կարելի հիշատակել նրա անունը: 

Վ. Մարտիրոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 284, Ապրիլի 8, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ