...

Անհապաղ կարող են միայն ստորանալ

Անհապաղ կարող են միայն ստորանալ

Քսանհինգ հասարակական կազմակերպություններ, կարելի է ասել՝ բոլոր խոշոր, գործող և դեռ մի բան էլ ավելին, հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ «Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության՝ սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը»,- ասված է հայտարարության առաջին մասում։ ՀԿ-ները այս համատեքստում հիշեցրել են, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ «Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությունը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին», նշել են հայտարարության հեղինակները՝ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) պահանջելով այս ամենի մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին, ինչպես նաև դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:

Լավ հայտարարություն է, իհարկե։ Ուրախալի է, որ ֆինանսավորման տարբեր աղբյուրները, հանրային տարբեր խմբերի իրավունքներ պաշտպանող կառույցները միասնական և բավական կոշտ հայտարարությամբ են հանդես եկել։ Կոշտ՝ Հայաստանի իշխանությունների մասով։ Համարյա ասել եմ, որ այս իշխանության դիրքորոշումները մեր պետության հետ կապ չունեն։ Եվ իսկապես՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջանի է պատրաստվում, իրեն՝ ի՞նչ, որ մի դժգույն քաղաքում կարող են մշակութային կոթողներ ոչնչացվել։ Փաշինյանը արցախահայության լինելիությունը այդ տարածքների վրա չի պատկերացնում, և նա դրա մասին բացահայտ ասել է։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառունները գերիներին այլևս մարդ չեն համարում, շնչող-ապրող մարդը նրանց համար մեռած է, էլ ուր մնաց՝ քարե շինությունը կամ այլ նյութերից պատրաստված հուշակոթողն ու գերեզմանը։ Ասում են՝ անհապաղ դիմեք։ Այս մարդիկ անգամ շատ դանդաղ կամ ուշացած չեն կարողանում հրապարակային խոսք ասել ու զսպել Ալիևին։ Ալիևը՝ մի կողմ, ասենք՝ Լուկաշենկոյին։ Այս մարդիկ անհապաղ միայն կարողանում են ստորանալ, մինչև վերջ ու ամբողջ ողնաշարով։ Անհապաղ սպասումով հետևենք տեսնենք՝ հիմա ի՞նչ են անելու։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ