...

Անհնար է առանց գնահատման մոդելի

Անհնար է առանց գնահատման մոդելի

«ՉԻ» զրուցակիցն է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանը

- Տիկին Դավթյան, հեռավար կրթության գնահատման հարցի հետ կապված աղմուկ բարձրացավ: Մտահոգություններ կան, որ աշակերտների իրավունքները խախտվում են. այդպես որոշ աշակերտներ, որոնք առաջին և երկրորդ կիսամյակում ցուցաբերել են անբավարար առաջադիմություն, հեռավար կրթության ընթացքում կարողացել են ստանալ դրական գնահատականներ, բայց վերջին գնահատականները հաշվի չեն առնվում, հետևաբար այդ աշակերտները երկրորդ կիսամյակը և տարեկանը ևս փակում են անբավարար։ Համաձա՞յն եք այս տեսակետին:

- Կարծում եմ՝ այո, մինչև մշակույթը փոխվի, որ աշակերտը սովորի ոչ գնահատականի համար, այլ գիտելիքի: Իսկ դրա համար որոշ ժամանակահատված է պետք, որպեսզի այդ ադապտացիան անցնի: Ինքս էլ ականատես եմ եղել դեպքերի, որ նախկինում երեխան չէր սովորել, բայց հեռավար կրթության ժամանակ, քանի որ նաև ծնողներն են եղել տանը և սկսել են զբաղվել երեխաներով, սովորել են:

Այդ աշակերտներին խրախուսելն անհրաժեշտություն է, որ շարունակեն այդպես սովորելը: Մյուս կողմից, մենք շատ տրամաբանական եզրահանգման կարող ենք գալ, որ նույնիսկ դասարանային համակարգում սովորելիս 20-25 տոկոս չսովորող աշակերտներ կան: Բայց մենք երբեք դրա վրա չենք հիմնվում՝ մյուսներին չգնահատելու համար: Պատասխանատվությունը ուսուցիչների բավականին բարձր է իրենց աշխատանքի նկատմամբ, սկսեցին նոր մեթոդներ ձեռնարկել, ավելի շատ ժամանակ տրամադրել աշակերտների հետ անհատական աշխատանքին:

Եվ այդ ամենի գնահատման այլ ձևաչափ առայժմ գոյություն չունի, բացի աշխատանքը գնահատելու միավորից: Եվ այսօր արդեն ինչ-որ առումներով բոլորը սպասում էին իրենց միավորներին՝ օբյեկտիվ գնահատմանը, բայց չեղարկվեց և դրա համար էլ աղմուկ բարձրացավ: Դրական կողմեր էլ կային, բացասական էլ: Բայց հենվել բացասականի վրա և չեղարկել, դա միշտ էլ կա: 

- Բարձրացված աղմուկից հետո նախարարությունը վերանայում կկատարի՞:

- Խնդրի մասին բարձրաձայնվելուց հետո նախարարությունը կարծես մնաց իր որոշմանը: Թե հետագայում ինչ ազդեցություն կունենա, չեմ կարող ասել: Սակայն, գնահատման հետ կապված նոր մեթոդաբանությունն առաջին հերթին պետք է գիտական հիմքերով մշակվի, որովհետև պետք է ոչ թե բարիդրացիական ցանկություններ արտահայտել, այլ նախագիծ պետք է մշակվի գնահատման համակարգի վերաբերյալ, եթե ուզում են փոփոխություններ իրականացնել: Իսկ այդ առումով մանկավարժության, հոգեբանության տարբեր մոտեցումներ գոյություն ունեն և պետք է հիմնավորվել, թե որ մոտեցման հիման վրա է գնահատում իրականացվելու: Երկրորդը՝ շատ ժամանակ կպահանջի, որովհետև ամբողջ համակարգն այսօր ընդգրված է հազիվ անցում կատարած 10 բալանի համակարգում: Դժվար ճանապարհ անցավ այդ համակարգին անցում կատարելու համար՝ մինչև ուսուցիչներն ադապտացվեին, հիմա էլ՝ նոր մեթոդաբանության վերաբերյալ առաջարկներ են հնչում: Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ խառնաշփոթի կվերածվի, որովհետև գնահատումը միայն գնահատական՝ միավոր չէ, գնահատումը դա աշխատանքի վերահսկողության ձևաչափ է պետական մակարդակով: Պետք է ուղղակի ճիշտ գնահատելու մշակույթ լինի, ոչ թե հղկելու փոխարեն հանել: 

- ԿԳՄՍՆ-ի հեղափոխական մեկ այլ նախագծով առաջարկվում է, որ 1-4-րդ դասարաններում գնահատական չնշանակվի: Ինչ եք կարծում՝ ուսումնական գործընթացում կարևոր է գնահատական նշանակե՞լը, թե՞ առաջնայինը գիտելիքն է:

- Գնահատման տարբեր ձևեր կան: Եթե միավորային գնահատումը հանվում է, դա պետք է փոխարինենք մեկ այլ գնահատման ձևով՝ օրինակ, աստղիկ են տալիս, խրախուսման այլ սիմվոլ: Դա էլ է գնահատում: Գնահատումն ինքը հոգեբանական գործոն է: Յուրքանչյուր անձ, երբ ինչ-որ բան է անում, այդ արածի սոցիալական նշանակությունը չափելու համար օգտագործում են գնահատումը: Եթե հանում ես միավորային գնահատումը, դա չի նշանակում, որ դու չպետք է գնահատես այլ ձևաչափով: Պետք է գնահատվի երեխան, որպեսզի իմանա, թե ինչ չափով է աշխատել մյուսի համեմատությամբ, որքանով է տարբեր՝ ավել կամ պակաս: Միջին մակարդա՞կ է, ցա՞ծր, թե՞ բարձր, պետք է ուսուցչի աշխատանքն երևա: Չի կարող ամբողջ դասարանը չգնահատելով ուսուցչի աշխատանքը երևալ: Դե, եթե այդպես է, թող առհասարակ վերացնեն բոլոր քննությունները, գիտական աստիճանակարգի շնորհումը, թող վերացնեն բոլոր գնահատման ձևերը, որովհետև հոգեբանորեն ես համարում եմ, որ ինչ-որ մեկը շատ ավելի գիտելիք ունի, քան մյուսը: Թող վերացնեն ընդհանրապես գնահատումը, դա չի աշխատելու: Այլ հարց է՝ տարրական կրթության համակարգում երեխայի մեջ ձևավորել գիտելիքահեն մոտեցում, բայց այստեղ էլ առանց գնահատման անհնար է: Ես որպես մանակավարժ-հոգեբան եմ դա ասում: Ուսուցիչը հարկադրված է լինելու իր անհատական գնահատման սիստեմը մշակել՝ անկախ պետական համակարգից, որովհետև աշակերտներին խրախուսելու, գիտելիքների չափելու մակարդակն անհնար է առանց գնահատման ինչ-որ մոդելի: Գնահատել է պետք երեխայի գրավոր աշխատանքը՝ քերականական սխալները, ի՞նչ չափով պետք է ուսուցիչը չափի երեխան գրագետ է գրում, թե՝ ոչ: 

- Տեսեք՝ քիչ չեն դեպքերը, երբ ծնողը տարեվերջին փորձում է կարգավորել երեխայի գնահատականը: Արդյո՞ք նոր նախագիծը հնավորություն չի վերացնել այս ոչ ազնիվ տարբերակները:

- Հավասարությունը մոտիվացիայի խոչընդոտ է հանդիսանալու: Չափորոշիչն ինքնին ենթադրում է գնահատականի առկայություն: Եթե դու չափորոշիչ ես դնում, պետք է ինչ-որ չափ ունենաս չափելու այդ գիտելիքը համապատասխանում է չափորոշիչին, թե՝ ոչ: Եթե մենք վերացնում ենք գնահատականը, պետք է չափորոշիչն էլ վերացնենք: Իսկ չափորոշիչը վերացնում ենք, երեխան ասում է՝ ես ավելի շատ պատասխանեցի, մյուսը՝ չպատասխանեց, ո՞նց կարող ենք հավասար լինել: Դա հոգեբանական գործոնն է: Անհավանական հայտարարություններ են ուղղակի, կան ինչ-որ երկրներ, ինչ-որ մոդելներ, բայց անգամ այդ մոդելների մեջ կան ոչ միավորային գնահատման ձևեր: Եթե կա ոչ միավորային գնահատման ձևը, դա էլի նշանակում է, որ մենք գնահատում ենք: Իրենք էլ են գալու եզրահանգման, որ չեն կարողանալու որոշեն այս կամ այն աշակերտը որքան յուրացրեց: 

- Հեռավար ուսուցումը փորձաշրջան էր: Այն ինչպե՞ս հաղթահարեցին ուսուցիչները:

- Կարծում եմ, որ հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացվեցին ուսուցիչների կողմից: Ես տեսնում էի՝ ինչ քրտնաջան աշխատանք էին տանում իմ շրջապատում եղած երեխաներն իրենց ուսուցիչների հետ: Ուսուցիչները նոր ծրագրեր յուրացրեցին, էլեկտրոնային նյութեր պատրաստելու նոր հմտություններ ձեռք բերեցին՝ արդյունավետ դարձավ կարճ ժամանակահատվածում շատ ինֆորմացիա տալու և ստանալու հնարավորությունը: Բայց անտանելի հոգնեցնող էր թե՛ ընտանիքի համար, թե՛ հենց մասնագետի համար: Ես դասախոս եմ և ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնելով՝ անտանելի գլխացավեր եմ ունեցել, բայց հաղթահարել ենք: Ստիպված էինք ավելի լավ աշխատել, քան եթե դպրոցում լինեինք: Չնախատեսված այս իրավիճակը հաղթահարվել է, իհարկե, ոչ 100 տոկոսով: 

- Հեռավար կրթությանն ինչպե՞ս ներգրավվեցին աշակերտները՝ հաշվի առնելով, որ հատկապես մարզերում համակարգչի, կապի հետ խնդիրներ կային:

- Աշակերտների մոտ էլ բավական դրական ազդեցություն ունեցավ: Կարծում եմ՝ միջին մակարդակով աշակերտների ներգրավվածությունը ուսումնական գործընթացին ապահովվել է: Սակայն հենց չգնահատվելու հարցը բարձրացավ, 50-70 տոկոսով ընկավ մոտիվացիան: 

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ