...

Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը միտումնավոր ձգձգվում է

Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը միտումնավոր ձգձգվում է

Այսօր կրկին չկայացավ Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը:

Հուլիսի 17-ին նշանակվածն էլ տեղի չէր ունեցել և հետաձգվել էր, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չէր եկել մրցույթին։ Տեղի ունեցածից վրդովված՝ ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին Արարատի մարզպետարանի մոտ՝ բողոքելու դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի ձգձգումից։

Նրանք գրություն են հանձնել մարզպետին՝ ուշադրությունը հրավիրելով նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով չկայացած մրցույթի վրա։

Ձգձգումը միտումնավոր են համարում: Նորամարգի դպրոցի տնօրենի մրցույթին 3 թեկնածու է մասնակցում՝ արդեն նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը, ևս երկու հոգի Մասիս քաղաքից՝ Գոհար Սահակյանը և Գևորգ Մինասյանը։

Տնօրենի թեկնածուներից Ծովինար Գալստյանի կարծիքով՝ անհիմն պատճառներով մրցույթը չի կայանում:

«Թող թույլ տան, որ մրցույթը տեղի ունենա օրենքով սահմանված կարգով: Ճնշումներ են գործադրում մրցույթի խորհրդի անդամների վրա, տարբեր բաներ են առաջարկում: Տեսնում են, որ չի ստացվում՝ խորհրդի անդամներն անվերապահորեն իրենց սկզբունքները չեն դավաճանում, անցնում են այլ քայլերի, որ մրցույթը միտումնավոր տապալեն: Նախարարության ներկայացուցչին մրցույթին չեն ուղարկում: Մարդիկ առանց պատճառի չեն գալիս և անգործության մատնելով՝ տապալում են մրցույթը, որ հաջորդ քայլը լինի նշանակումը՝ մարզպետի առաջադրմամբ, փոխվարչապետի նշանակմամբ: Բնականաբար, փոխվարչապետը չի ճանաչում ո՛չ ինձ, ո՛չ մյուս թեկնածուներին և ո՛չ էլ իմ զարգացման ծրագիրը: Մարզպետն ում առաջադրի, նրան էլ նշանակելու է, այս ամենը հենց տեղի է ունենում նրա համար, որ դպրոցի տնօրենը ոչ թե մրցույթով ընտրվի, այլ նշանակվի»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց մրցույթին առաջադրված թեկնածուն:

Ծովինար Գալստյանն արդեն 16 տարի աշխատում է Նորամարգի դպրոցում: Կարիերան սկսել է ուսուցչի աշխատանքից, հետո մեթոդ-միավորման նախագահ, այնուհետև փոխտնօրեն է եղել, ուսմասվար և նոր միայն զբաղեցրել տնօրենի պաշտոնը: Ասում է՝ թեև աշխատել է նախորդ իշխանությունների ժամանակ, բայց իր անվան հետ որևէ չարաշահման դեպք չկա:

«5 տարվա մեջ դպրոցում ես արել եմ այնքան աշխատանք, որ ուրիշ դպրոցներ 30 տարվա մեջ այդքան աշխատանք չեն անում: Ես գտա բարերար, և նա 50 000 դոլարի ներդրում արեց՝ ամբողջությամբ հիմնանորոգելով դպրոցը»,- կատարած աշխատանքը ներկայացրեց նախկին տնօրենը:

Ասում է՝ մինչև վերջ պայքարելու են, իր կողքին է դպրոցի ամբողջ կոլեկտիվը, ծնողների աջակցությունը ևս ունի: Թակելու են բոլոր պատկան ատյանների դռները՝ մինչև արդարությունը վերականգնվի:

«Եթե մարդիկ կարող են միտումնավոր կերպով հասնել իրենց ուզածին, մենք էլ մինչև վերջ կպայքարենք: Եթե ես զգամ, որ ինձ սպառել եմ կամ համայնքն ինձ չի ընդունում, բացարձակ չեմ պայքարի: Բայց նրանց աջակցությունն ունեմ: Ես ծրագրեր ունեմ իրականացնելու և չեմ պատրաստվում այդ ամենից հետ կանգնել: Մարդիկ բռնել են մրցույթն անհիմն կերպով տապալելու ճանապարհը ու մինչև վերջ գնալու են»,- եզրափակեց նա:

Ի դեպ, «ՉԻ»-ի տեղեկություններով, Արարատի մարզպետարանում արդեն որոշում կա կայացված, որ առաջադրեն Գոհար Սահակյանի թեկնածությունը: Լուրեր են պտտվում, որ նա մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի մտերմուհին է: Մարզպետարանի գլխավոր քարտուղարուհին մտադրված է ընկերուհուն ամեն կերպ աշխատանքի տեղավորել: Երկուսն էլ Այնթապ համայնքից են:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ