...

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կոռուպցիոն ռիսկեր կարող է ձևավորել

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կոռուպցիոն ռիսկեր կարող է ձևավորել

Առաջիկայում մի շարք փոփոխություններ են նախատեսվում՝ հանրակրթական դպրոցներում գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու, ուսուցիչների ատեստավորման հետ կապված:

Թեմայի շուրջ «ՉԻ»-ը զրուցել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանի հետ:

- Տիկին Դավթյան, այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, այն ի՞նչ հետևանք կունենա վատ սովորողների հետագա կրթության որակի վրա:

- Համամիտ եմ այս գաղափարի հետ, որովհետև ես չեմ ընդունում, որ կա վատ սովորող աշակերտ, կա վատ սովորեցնող ուսուցիչ: Ըստ էության, եթե մենք խթանում ենք ուսուցիչների աշակերտների նկատմամբ անհատական մոտեցումը, ցանկացած աշակերտի կարելի է սովորեցնել և գնահատել իր կարողությունների համեմատ: Սակայն, այս դեպքում պետք է սահմանել յուրաքանչյուր երեխայի համար անհատական չափանիշներ և այդ շրջանակում էլ գնահատել, որը ենթադրում է չափել, թե ուսման ընթացքում երեխան որ կետից որ կետն է հասել:

Նորմալ եմ համարում, որ երեխան չպետք է մնա նույն դասարանում, եթե կան նախադրյալներ, հենց առաջին և երկրորդ ամիսներից պետք է արդեն խթանել երեխաների հետ անհատական աշխատանքի ինստիտուտը, որպեսզի երեխան չհասնի նրան, որ տարեվերջում մնա նույն դասարանում: Կան մանկավարժական մոտեցումներ ու մեթոդներ, որոնց կիրառությունը հնարավորություն կտա զարգացնել կրթության այս մոդելը, որպեսզի նման երևույթներ չլինեն: Եթե աշակերտին կեղծ գնահատականով տեղափոխեցին հաջորդ դասարան, դա էլ ողջունելի երևույթ չէ, ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն նրա, այլև մյուս՝ ուսումնական հաջողություններ ունեցող սովորողների վրա ևս: Եթե ուսման վատ առաջադիմություն ունեցող աշակերտի հետ առանց անհատական աշխատանքներ տանելու տեղափոխում են հաջորդ դասարան, դա խաբեություն է երեխայի հանդեպ: Եթե այդ ամենն արվի մանկավարժական աշխատանքների ծավալման զուգահեռ, կլինի հումանիստական մոտեցում: Սակայն, այն նպատակահարմար է կիրառել ԿԱՊԿՈւ և առանձնահատուկ օժտվածությամբ դեպքերի համար:

Այս փոփոխություններով յուրաքանչյուր աշակերտի համար է պետք սահմանվեն ըստ նրա կարողության զարգացման շեմեր 1-10 սանդղակում, որն ասեմ ձեզ բավական բարդ գործընթաց է: Այդ մասին վկայում է ներառական կրթության համակարգում անհատական ուսումնական պլաններում դրանց կիրառման դառն ու դեռևս չկայացած փորձը: Եթե այդպես մոտենանք, ապա հանրակրթության դպրոցների 80 տոկոս աշակերտների համար պետք է սահմանել անհատական չափանիշներ, որը ուսուցիչների և մասնագետների համար անտանելի ծավալի, անհնարինության մակարդակի ու աբսուրդի ժանրից աշխատանք է ենթադրում: Չխոսեմ էլ որակի մասին: Յուրաքանչյուր երեխա ու ծնող պահանջելու է օբյեկտիվություն, որն ապահովելը գրեթե անհնարին կլինի:

- ԿԳՄՍՆ-ի հեղափոխական մեկ այլ նախագծով առաջարկվում է, որ 4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չստանան, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն լինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։ Ինչ եք կարծում՝ ուսումնական գործընթացում կարևոր է գնահատական նշանակե՞լը, թե՞ առաջնայինը գիտելիքն է:

- Գնահատականն ունի մի քանի գործառույթ. կարևոր հոգեբանական գործառույթը մոտիվացիոնն է: Դա կարող է լինել և՛ միավորով, և՛ խրախուսման այլ միջոցներով՝ աստղիկներով, ծաղիկներով և այլ սիմվոլներով: Ինչ էլ որ դնում են, միևնույն է, այն կոչվում է գնահատում: Միջոցն էական չէ, երևույթը կոչվում է գնահատում: Այլ հարց է միավորային գնահատումը, որը հնարավորություն է տալիս քանակական և որակական ցուցանիշներ ապահովել՝ պետական պատվերի կատարման վերահսկողության առումով, որպեսզի չափելի լինի, թե աշակերտն ինչ չափի գիտելիքներ, կարողություններ, հմտություններ է ստացել: Գնահատման այդ համակարգը դարեր շարունակ մշակվել, հղկվել և կիրառվում է հազարավոր երկրներում: Չեմ կարողանում պատկերացնել, թե 4 տարի երեխայի կրթության որակը ինչպես են պատրաստվում վերահսկել, հաշվետու լինել, թե նա ինչ մակարդակով է ավարտելու տարրական դպրոցը, անցնելու միջին, չեմ հասկանում նման մոտեցման տրամաբանությունը:

Եթե որոշումը լիներ հիմնավորված, մանկավարժական, հոգեբանական կամ որևէ հայեցակարգով, ես դա ողջունելի կհամարեի: Կան հայեցակարգեր, որոնք հենվում են երեխայի կարողությունների զարգացումների վրա և միավորային գնահատումը չեն դիտում որպես առանցքային երևույթ: Բայց նման հայեցակարգեր պետական հանրակրթական համակարգերում շատ քիչ են, որովհետև դրանք նպատակահարմար չեն վերահսկողության և հանրակրթական մասշտաբի որակի ապահովման առումով, դյուրին չեն կիրառման համար, ծավալուն են ու աշխատատար, հատկապես, երբ դասարանները գերծանրաբեռնված են: Դա կարող է լինել, օրինակ, մասնավոր դպրոցներում: Եթե պետությունը որդեգրում է գնահատման համակարգ, ինքը պետք է վերահսկի այն: Գնահատականն ինքնանպատակ չպետք է լինի՝ կրթության որակի տեսանկյունից: Այն պետք ունենա որոշակի որակի և քանակի չափելիության գործակից: Այսօր գնահատականը մեր երկրում դարձել է շահարկման թեմա: Ես չեմ պատկերացնում, թե այդ հայտարարություն անող նախարարությունը ինչպես է վերահսկելու սովորողների կրթության որակը: Այլ է, եթե ստեղծվի միասնական համակարգ՝ դպրոց և բուհ: Բայց սա էլ է բանավեճի թեմա:

- Ստացվում է, որ կրթության համակարգն ուսման պրոցեսում ավելի շատ առաջնորդվում է գիտելիք փոխանցելով, ոչ թե գնահատելով: Սա սովորողների մոտիվացիաի վրա կազդի՞:

- Միայն կողջունեմ, բայց ինչպես են վերահսկելու՝ փոխանցե՞լ են այդ գիտելիքը, թե՞ ոչ: Մոտիվացված աշակերտը որքան սովորեց, չմոտիվացվածը՝ որքան: Ուսման պրոցեսի վերահսկումն առանց գնահատականի ես չեմ պատկերացնում: Ինչպե՞ս են հաշվետու լինելու ծնողին, միջին դպրոցին, ավագ դպրոցին, հետո՝ բուհին:

Հավասարությունը երբեք լավ մոտիվացիա չէ զարգացման հարցում: ՆԴ հաստատությունից դպրոց այլ է, այստեղ մենք մեծ ծավալի ԳԿՀ համակարգի հետ չենք առնչվում, այլ բազայինի, իսկ տարրական դպրոցում կա, օրինակ, գրավոր աշխատանքների, մաթեմատիկայի ոլորտի գիտելիքների չափելիության անհրաժեշտություն, ուստի ուսուցիչը ստիպված է լինելու ինքնագործունեությամբ զբաղվել, ստեղծել սեփական գնահատման համակարգ: Իսկ բնութագրականների դեպքում՝ կանխատեսում եմ ծավալուն գրավոր աշխատանք, որը ուսուցչի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է և նոր բողոքի ալիք կբարձրացնի:

- Անդրադառնանք նաև ուսուցիչներին, որովհետև փոփոխություններ կան նաև նրանց վերաբերյալ: Ուսուցիչները կստանան 30-50 տոկոս ավելի բարձր աշխատավարձ, եթե կամավոր ատեստավորում անցնեն: Փորձագիտական շրջանակները մի շարք խնդիրներ են առանձնացնում այս հարցում: Դուք ի՞նչ տեսակետ ունեք:

- Այստեղ, միանշանակ, շատ հարցեր կան. ո՞վ է անցկացելու այդ ատեստավորումը, ի՞նչ սկզբունքներով, որովհետև մենք այդպիսի ոչ մի ինստիտուցիոնալ կառույց չունենք: Առաջինը՝ չեմ պատկերացնում, թե ատեստավորումն ինչպես է տեղի ունենալու: Եթե նախարարությունն այդ ամենն ինքն իր վրա է վերցնում, դա նշանակում է, որ որակի ոչ մի երաշխիք չենք կարող ունենալ՝ գործադիրը չի կարող մասանգիտական ինստիտուցիոնալ գործառույթ իրականացնել, դա նաև հակասում է նրա իրավասություններին:

Եթե սրանով փորձում են խթանել ուսուցիչների ինքնազարգացմանը, որ վերապատրաստվեն, ատեստավորվեն, սահմանված չափանիշներին համապատասխանեն և իրենց աշխատավարձը տոկոսներով բարձրանա, ապա այս հարցում ևս մտավախություն ունեմ: Մի մասը կարող է հնարավորություն ունենալ ու խիստ ոգևորվել և անընդհատ ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ, մի մասը, հատկապես կենսաթոշակային տարիքին մոտ ուսուցիչները, դժվարանալով հաղթահարել այդ դժվարությունները՝ կօտարվեն և կմնան չմոտիվացված:

Իմ կարծիքով, պարտադիր ատեստավորումն ավելի մեծ խթան է հավասարաչափ, կայուն զարգացում ապահովելու հարցում, որի հետ, իհարկե, կամավորը ևս կարելի է համատեղել, բայց ոչ պարտադիր ատեստավորումը հանել, նպատակահարմար չեմ գտնում: Չեմ բացառում, որ պասիվ կոմֆորտը գերադասող և ցածր աշխատավարձին հարմարվողներ էլ կլինեն, որը կրթության որակի բարելավման հարցում չի կարող դրական ազդեցություն ունենալ: Էլ չասեմ մանկավարժական կոլեկտիվներում ներքին մրցակցային անառողջ մթնոլորտի ձևավորման վտանգների մասին: Բայց կրկին ասում եմ, որ քանի դեռ մեխանիզմներն ու կառույցը պարզ չեն, դժվար է կանխատեսել դրա ընթացքը: Չեմ բացառում նաև կոռուպցիոն մեծ ռիսկային գործոնների ձևավորումը. որտեղ գումար, այնտեղ կոռուպցիա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ