...

Անիմաստ հարցազրույցներով հանրությանը թող չհիշեցնի իր ղեկավարման տարիները

Անիմաստ հարցազրույցներով հանրությանը թող չհիշեցնի իր ղեկավարման տարիները

Ժամանակ առ ժամանակ մեղադրյալ Քոչարյանի ծավալուն հարցազրույցներն են հրապարակում իրեն աջակցող լրատվամիջոցները։ Այս անգամ հրապարակել է «Հրապարակ» օրաթերթը։ Հարցազրույցում առանձնապես նոր բան չկա, ասել է այն, ինչ շարունակ հայտարարում են իր աջակիցները. որ իրեն սխալ են բռնել։ Նորությունն այն է, որ իրեն ներկայացնում է ապագա կառուցող, որ բնակչության զգալի մասը պահանջել է նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ վերնախավին։  Բայց ինչպես գիտենք Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն չեն նստել։ Մարդը ցանկացել է ապագա կառուցել և անցյալի դեմ չի պայքարել ու իր կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ չի հաղորդել: Ինչպիսի հումանիզմ։ 

Այս մասին մի փոքր ավելի ուշ։ Իրավապաշտպան նախկին համակարգին էլ ֆեյք է համարում, արդարադատությունից է դժգոհում, որ կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին։ Արցախի հարցից է խոսում, երբ Արցախը դուրս է մղել բանակցային գործընթացից  և խնդրի լուծումը փակուղի է տարել։ Եվ վերջապես ամենազվարճալին՝ իշխանության լեգիտիմությունից է խոսում և սպասում է արտահերթ ընտրությունների։ Ինչպես որ սպասում էր թեժ աշնան։ Ի՞նչ իմանաս, կարող է «Վերնատուն» ակումբի ղեկավարն է հուսադրել, որ արտահերթ ընտրություններ են լինելու։ Էյֆորիա։ Ամենայն հավանականությամբ հաղթանակի տարիները, որ անվանեցին «ցրտի ու մթի», կառուցողական էմոցիաների բաղադրիչներից էր, Պողոս Պողոսյանի սպանությունը, որ բարևելու պատճառով կուկուները քացու տակ գցելով սպանեցին, նույնպես կառուցողական էմոցիաների շրջանակներում է եղել, և պատասխանատվության չենթարկվեցին, ավելին՝ հայտարարեց. եթե կենդանի լիներ, ինքն էլ բան կունենար ասելու, պատճառը՝ արդար դատավորներն ու դատախազներն էին։ Գոնե լեգիտիմություն, իրավունք, արդարություն նման բաներից չխոսեր։ 

Իսկ հիմա տեսնենք, թե մեկ տասնամյակ ում ապագան էր կառուցում։ Այո՛, իր զավակների և մերձավորների համար հրաշալի ապագա է կառուցել, որ զրոյից դոլարային միլիոնատեր են դարձել։ Բա՞ երկրի համար։ Երկրի հերն էլ անիծած։ Տխրահռչակ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց օտարին և ՀՀ պետությունը հասցրեց «ֆորպոստի» կարգավիճակի։ Ղեկավարման տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ, Հոկտեմբերի 27, որի կազմակերպիչները ևս մինչ օրս բացահայտված չեն։ Իրեն սպասարկող իրավական համակարգը անչափ արդար է եղել։ Հետաքրքիր է, տեսնես երբևէ հիշում է Կենտրոնի բնակիչներին, որոնց ունեզրկելով փողոց էր նետում, մարդիկ ինֆարկտ ու ինսուլտ էին ստանում և յուրայիններով Հյուսիսային պողոտա էր կառուցում ու տնտեսական աճ ներկայացնում։ Այս բոլորը արդար դատավորների և դատախազների միջոցով է իրականացվել։

Հեռացավ արյունոտ Մարտի մեկով։ Ու սա եկել է և ապագա կառուցելուց է խոսում։ Հիշո՞ւմ եք, 1998թ. երբ ինքը զբաղեցնում էր նախագահի աթոռը, կուսակցական չէր և հայտարարում էր, թե իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է անհեթեթությունը։ Ամենայն հավանականությամբ, հիմա էլ իրեն թվում է, թե ենթադրյալ իր կուսակիցներն են պահանջել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն նստեն։ Կամ էլ կարո՞ղ է Կենտրոնի բնակիչներն էին պահանջում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն նստեն։  

Քոչարյանի հիշողության հետ հաստատ ինչ-որ բան այն չէ։ Դե մեկուսարանում է գտնվում, պատահում է։ Մոռացել է, որ, 10-ամյա լռությունից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, հանրությունը ցնծությամբ ընդունեց և 2008թ-ի նախագահական ընտրություններում դարձյալ հաղթեց։ Քոչարյանը նույնիսկ իր գրքում նկարագրում է, թե ինչպես է տեղի ունեցել Առաջին նախագահի հրաժարականը, որը պալատական հեղաշրջումից բացի այլ բառով բնութագրելն անհնար է։ Այս մասին Հայաստան.com-ը բարձրաձայնել է։ Լևոն Տեր-Պետրոսյանին ժողովուրդը չի հեռացրել և հրաժարականի մասին իմացել է Հ1-ից։ Եվ եթե առաջին նախագահի և նրա թիմակիցների վրա մի փոքրիկ փաստ ունենային, անշուշտ նրանք հայտնված կլինեին այնտեղ, որտեղ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանն էին ցանկանում։ Ապացույցը, որ նախագահին կից վերահսկողական ծառայություն ստեղծեց և ղեկավար նշանակեց Վազգեն Մանուկյանի մերձավորներից Դավիթ Վարդանյանին։ Իսկ հիմա ներկայանալ, թե ինքն ապագա է կառուցել և ապակառուցողական էմոցիաներ չի հաղորդել իր կողմնակիցներին, անկեղծ չէ։ 

Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա մի բան պետք է հասկանա, որ ընտրություններն արտահերթ կլինեն թե հերթական, ոչ մի կապ չի ունենալու իրեն առաջադրված ծանրագույն մեղադրանքի հետ և ինքն իր հզոր փաստաբանական թիմի հետ անմեղությունը պետք է ապացուցի դատարանում։ Կարևորը դատարանի բակում «հերոս» գոռացող պիցցայակերների պակաս էլ չունի։ Վերջում մի շատ կարևոր բան էլ, անիմաստ հարցազրույցներով հանրությանը թող չհիշեցնի իր գոյության մասին։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ