...

Քոչարյանի քարոզիչների անիմաստ տվայտանքները

Քոչարյանի քարոզիչների անիմաստ տվայտանքները

Քոչարյանական լրատվամիջոցներից ամենաառաջատարը, չդավաճանելով իր սկզբունքներին, այն ինչ անում էր մինչև աղետալի պատերազմը, նույնն էլ անում է պատերազմից հետո։ Այդ կայքը մշտապես մի զբաղմունք է ունեցել՝ վարկաբեկել Լևոն Տեր-Պետրոսյանին և հերոսացնել Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ու ձախողվելուց հետո Նիկոլ Փաշինյանին համարել Լևոն Տեր-Պետրոսյանի «անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ»։ 

Ահա այսպես՝ «7 օր» կայքը գրում է․ «...Անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինյանը, ով 2008-ին պաշտպանում էր Տեր-Պետրոսյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը և հանուն այդ ծրագրի կյանքի կոչման՝ դարձավ մարտի 1-ի 10 զոհերի պատճառ («7 օր», 1010․2021թ․)»։ Այնուհետև կայքը, դարձյալ չդավաճանելով իր սկզբունքներին, անցնելով պարկեշտության և բարոյականության սահմանները՝ գրում է․ «Այն, ինչ 2020-ին տեղի ունեցավ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տերպետրոսյանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինյանից այլ բան չէր սպասվում»։  

Եթե Նիկոլ Փաշինյանը 2008թ. պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին և այդ պատճառով Քոչարյանի քարոզիչները համարում են քաղաքական անբարոյական միջավայրի ծնունդ, ապա իրենց Քոչարյանը եղել է ՀՀՇ վարչության անդամ։ Սա իմիջիայլոց։ 

Փորձենք հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Քոչարյանի անբարոյական քաղաքականության միջավայրի ծնունդն է։ Իսկ հիմա ամեն ինչ հերթով։ Էս մարդիկ փորձում են ցանկալին մատուցել որպես իրականություն և մարտի մեկի իրադարձությունները գլխիվայր շրջում են, ինչը նույնպես իրենց ազնվության ու բարոյականության ապացույցը չէ։ Այն դեպքում, երբ իրադարձությունները զարգացել են հանրության աչքի առջև։ 2008թ․ կեղծված ընտրություններից հետո հանրությունը դուրս էր եկել և արդար ընտրություններ էր պահանջում, իշխանությունները կրակեցին խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում՝ 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, քաղբանտարկյալներ, որոնց հետագայում ՄԻԵԴ-ը արդարացրեց։ Տրամաբանության պահանջ է, որ սրանք մարտի մեկը չհիշեին, ինչն ավելի շահեկան կլիներ իրենց Քոչարյանի համար։ 

Անցնենք առաջ և տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ում ծրագիրն է իրականացրել, և Նիկոլ Փաշինյանի գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի անվան հետ կապելը քաղաքական անբարոյականությո՞ւն է, թե՞ ընդհանրապես բարոյականության հետ աղերս չունի։ 1998թ. Քոչարյանը եկավ ու սեփական կետից սկսեց բանակցությունները և Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից և Ստամբուլում էլ խարտիա ստորագրեց ու ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումն էլ՝ Ադրբեջանի ներքին գործ։ Իսկ եթե չլիներ 1998թ., Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված կլիներ, շրջափակումը չէր լինի, մենք էլ կլինեինք տնտեսապես զարգացած։ Հանրությունը հիշում է, երևի թե միայն քոչարյանի քարոզիչներն են «մոռացել», որ Վարդան Օսկանյանը հայտարարում էր, թե 100 տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններում, հայոց բառապաշարում ավելացավ ոչմիթիզականությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի լուծման փոխզիջումային տարբերակն էլ համարում էին «պարտվողական», իրենք էլ «հաղթողական» են ու մինչև Բաքու էլ կհասնեն։ Նիկոլն էլ եկավ ու շարունակեց Քոչարյանի ոչմիթիզականությունը, Քոչարյանի նման իր սեփական կետից էր ուզում բանակցությունները սկսել, դարձյալ Քոչարյանի նման պարտվողական էր համարում Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային տարբերակը, բանակցությունները տարավ փակուղի և Ղարաբաղի խնդրի լուծումը տեղափոխեց ռազմի դաշտ, ինչը և եղավ աղետի պատճառ։ 

Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը շարունակել և իրականացրել է Քոչարյանի ոչմիթիզականությունը, իսկ Քոչարյանի քարոզիչները անիմաստ տվայտվում և ուզում են Նիկոլ Փաշինյանին, որը շարունակել և իրականացրել է Քոչարյանի ոչմիթիզականությունը կապել Լևոն Տեր-Պետրոսյանի անվան հետ և դեռ քաղաքական անբարոյականությունից են խոսում։ Անշուշտ։ Ընթերցողը կասի՝ դեզինֆորմացիա տարածելը անբարոյականությո՞ւն է, թե՞ բարոյականություն։ Մեզ համար անչափ կարևոր է ընթերցողի կարծիքը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ