...

Ամբաստանյալ Քոչարյանի անհաջող փորձերը

Ամբաստանյալ Քոչարյանի անհաջող փորձերը

Երեկ ամբաստանյալ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ իրենց պաշտպանյալը կհրաժարվի Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումներից։ Նրա խոսքով` Քոչարյանն ասել է, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները ՍԴ-ից հետ վերցնեն դիմումները։ 

Այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, մերժվածներն ընկան հոգեխանգարմունքի մեջ։ Նույնիսկ ՍԴ անդամներն են հայտարարում, թե չեն հեռանալու։ Աննախադեպ է, երբ երկրի բարձր դատարանի անդամները չեն ուզում ենթարկվել օրենքին։ Այնքան են իրենց կորցրել, որ բարձր լեգիտիմություն ունեցող ԱԺ-ի ընդունած օրենքի հետ կապված ամբաստանյալ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյան ասել է․ «... Ռոբերտ Քոչարյանի և իրենց փաստաբանական թիմի մոտեցումները հստակ են՝ իրենք չեն ուզում որևէ առնչություն ունենալ Սահմանադրական կարգի տապալման գործընթացի հետ...» (Aravot.am, 25.06.2020թ)։ 

Պատկերացնո՞ւմ եք, սահմանադրական կարգի տապալումից խոսում են Քոչարյանն ու իր փաստաբանները, երբ իրենց պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։ Արամ Օրբելյանը երիտասարդ է և գուցե մի քիչ վատ է հիշում իր պաշտպանյալի ղեկավարման տարիները և ոչ միայն ղեկավարման տարիները, այլ նաև այն պահը, թե ինչպես ԺԵԿ-ի թղթով իր պաշտպանյալը գրանցվեց նախագահի թեկնածու և չհիշեց Սահմանադրության մասին, իսկ գրանցումից առաջ էլ երևի չգիտեր՝ 1998թ. ինչպես զբաղեցրեց նախագահի աթոռը, ինչն ի դեպ, ամբաստանյալը հաշալի է նկարագրել իր գրքում, Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերվող բաժնում (որ ժողովուրդը մասնակից չի եղել)։ 

Իսկ ինչո՞ւ է ամբաստանյալն ուզում հետ վերցնել դիմումները. պատճառը միանշանակ է. այսօրվանից ՍԴ-ը չի ղեկավարելու մերժվածների շահերը ներկայացնող Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանն ինքն է հայտարարել, որ ՍԴ վերջին բաստիոն է, խրամատն է, այսինքն՝ անթաքույց հայտարարում է, որ ՍԴ-ը սպասարկել է և սպասարկելու է նախկինների շահերը։ Իսկ ընդհանրապես դատաիրավական համակարգը նախկինների շահերն է ներկայացնում և ներկայիս մեծ աղմուկի պատճառը միայն դա է, որ հանցագործները չպատժվեն և թալանը հանգիստ վայելեն։ 

Հարցը բացառապես իրավական հարթությունում է, իսկ ամբաստանյալ Քոչարյանն այն քաղաքական հարթություն տեղափոխելու անհաջող փորձ է անում՝ ասելով, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները ՍԴ-ից հետ վերցնեն դիմումները։ Սա լսում է հայ հանրությունը, և հանրությանը հայտնի է (որին դժբախտաբար 10 տարի ղեկավարել է ամբաստանյալ Քոչարյանը), թե ինչքանով է նա հարգել և հաշվի նստել սահմանադրության և պառլամենտարիզմի կայացման հետ։ Ով-ով, բայց հայ հանրությունը հրաշալի գիտի ամբաստանյալ Քոչարյան երևույթին, թե ոնց է ոտնահարել թե՛ Սահմանադրական կարգը, թե՛ պառլամենտարիզմը նախագահի աթոռը զբաղեցնելու առաջին օրվանից մինչև ավարտը՝ արյունոտ մարտի մեկով՝ ըստ առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելով։ Ամենայն հավանականությամբ, որ հոկտեմբերի 27-ին օրը ցերեկով անարգել մտան ԱԺ և գնդակահարեցին պետությունը, իսկ ինքը որակեց «ուչաստկովիի գործ» ու մինչև այսօր կազմակերպիչները բացահայտված չեն, պառլամենտարիզմ էր կայացնում: Կամ էլ հոկտեմբերի 27-ից հետո, երբ հայտարարում էր պատգամավորների ականջից բռնել-քաղմաս տանելու մասին, պառլամենտարիզմի կայացման մասին էր մտածում։ Լինելով զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ քաղաքի սրտում կրակում էին խաղաղ ցուցարարների վրա միայն այն պատճառով, որ մարդիկ իրենց քվեարկության արդյունքներն էին պահանջում: Սահմանադրական կարգն էր պահպանում, երբ մարդկանց զրկում էին սեփականության իրավունքից և փողոց էին նետում և Հյուսիսային պողոտա էին կառուցում, որ մի քանի մարդ հարստանա։ 

Իհարկե, փաստաբան Օրբելյանն իր գործը հրաշալի է անում: Ինչքան էլ կիրթ երիտասարդը սիրուն բառերով ներկայացնի, ամբաստանյալ Քոչարյանի պարագայում հաջողություն չի ունենա։ Քոչարյանի թողած հետագիծն է սոսկալի, այնպես որ՝ բարեկրթության սահմանները երբևէ չհատող երիտասարդ Օրբելյանը ամբաստանյալին ոնց էլ ներկայացնի, վերջում անհարմար բան է ստացվելու։ Հուսանք, որ ԱԺ ուշացումով ընդունած Սահմանադրական փոքրիկ փոփոխությունները թույլ կտան, որ ՍԴ-ը հետայսու լինի երկրի և հանրության սահմանադրական իրավունքն ապահովող մարմին։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ