...

Անուղղելի լավատեսը

Անուղղելի լավատեսը

«Քանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունն ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության վերաբերյալ։ Ես ծանոթ եմ քննադատություններին, եթե քննադատություններին հետևենք՝ շատ ցավալի վիճակում ենք, բայց իհարկե այդպես չէ, ամեն լավի մեջ վատը տեսնել պետք չէ․ քննադատությունը պետք է լինի օբյեկտիվ, ինչից իշխանությունները միայն դասեր քաղեն և ավելի լավ աշխատանք կատարեն»,- ԱԺ-ում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պարզաբանելով հարցադրումը, թե կապ չի՞ տեսնում արդյոք Արցախում սահմանային լարվածությունների և ՀՀ  զորքերը Ղազախստան ուղարկելու միջև։ 

Շատ լավատես է Արման Սարգսյանը։ Նույն լավատեսությամբ էլ ՀՀ ոստիկանությունն էր ղեկավարում։ Գնում կանգնում էր հանցագործության վայրում՝ լավատեսությամբ նայում էր երկնքին, իսկ իրենից մի քանի մետր հեռավորության վրա դաժան հանցագործություն էր գրանցվում։ Եվ լավատես նախարարի ներկայությունը ոչ միայն չէր զսպում հանցագործներին, այլև նրանց նոր հանցագործությունների էր մղում։ Գավառում կրակոցներ էին հնչել։ Երկու հոգի սպանվել էր։ Սկսվել էր վենդետան։ Սպանվածների հարազատները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ ոստիկանները հսկում էին սպանության իրականացման ընթացքում վիրավորվածներին։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել էին ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք էին գործել այն սենյակ, որտեղ պառկած էին եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք։ Նրանց երկուսի վիզն էլ դանակով կտրել էին։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հիվանդանոց ներխուժման և վենդետայի իրականացման ժամանակ այնտեղ էր եղել: Հենց հիվանդանոցի բակում։ Այն ժամանակ լավատես նախարարին չքննադատեցին, դրա համար դարձավ լավատես ՊՆ փոխնախարար, և հիմա էլ լրագրողներին է դասեր տալիս՝ ինչպես քննադատել և որտեղ ինչ տեսնել։ Անդրանիկ Քոչարյանի «պրոտեժեն է», նույն ոճով էլ հարցազրույցներ է տալիս։ Մնաց՝ «ավելի լավ աշխատանք կատարի»։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ