...

Ապագա զիջումների գովազդային արշավը սկսված է

Ապագա զիջումների գովազդային արշավը սկսված է

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո․․․ առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց», կարգին բարկացրել է քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին։ Առաջին հերթին, բնականաբար, բարկացրել է այն բացահայտ ցինիզմը, որով Նիկոլ Փաշինյանը կեղծում է անցյալը՝ Արցախի կորստյան և Հայաստանի այսօրվա աղետալի իրավիճակի մեղքն ուրիշների վրա բարդելու նպատակով։

Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Հասկանալի է, որ դա ֆանտաստիկայի ժանրից է, բայց եկեք զոռ տանք մեր երևակայությանն ու պատկերացնենք, որ նա այս անգամ սուտ չի ասում, 1996-ի դեկտեմբերից հետո Արցախի հարց իսկապես էլ գոյություն չի ունեցել։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե ինքը գիտեր դա, ինչո՞ւ էր դրանից 25 տարի անց հայտարարում, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Կարող էր, չէ՞, դրա փոխարեն ազնվորեն դիմել ժողովրդին ու ասել «գիտե՞ք ինչ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, 1996-ից հետո Արցախի հարց գոյություն չունի, արցախցի մեր քույրերն ու եղբայրներն էլ կամ պիտի ինտեգրվեն Ադրբեջանին, կամ արտագաղթեն Հայաստան, որովհետև մեր հայրենիքը 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանն է»։ Էլ ինչո՞ւ 5 հազար մարդու «գլուխ կերավ» ու մի 200 քկմ տարածք էլ Հայաստանից կորցրեց։ Առաջին հերթին հենց այս հարցը պիտի բարձրացնել, որովհետև եթե նա «1996-ից հետո»-ի մասին ճիշտ չի ասում՝ ուրեմն ընդամենը սովորական ստախոս է, իսկ եթե ճիշտ է ասում՝ ուրեմն միտումնավոր, գիտակցաբար Հայաստանը տարել է պարտության, իսկ Արցախը՝ ոչնչացման։

Բայց Նիկոլ Փաշինյանի՝ այս առաջին հայացքից անհասկանալի «զեղումները» ոչ այնքան անցյալին են միտված, որքան ապագային։ Ինչո՞ւ է նա հանկարծ որոշել հայտարարել, որ իր իշխանության գալուց դեռ 22 տարի առաջ «Արցախը տված-պրծած էր»։ Որովհետև նրան անհրաժեշտ է համապատասխան քարոզչական ֆոն ապահովել՝ ապագա զիջումները նույնպես անցյալին վերագրելու համար։ Մասնավորապես՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել նրա հաջորդ հայտարարությունը, որը կլինի մոտավորապես այսպիսին․ «1997-ից սկսած՝ չի եղել կարգավորման որևէ տարբերակ, որտեղ ներառված չլինի փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, ուստի առնվազն 1997-ից հետո այլևս հնարավոր չէր հասնել կարգավորման՝ առանց Սյունիք ու Սևանի ավազան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի», իսկ դրան երևի կհաջորդի մեկ այլ հայտարարություն՝ «Սյունիքով արտատարածքային միջանցքի տրամադրման հարցն օրակարգային է դարձել դեռևս 1999-ին, և այդ պահից սկսած՝ հնարավոր չէր հասնել կարգավորման որևէ տարբերակի առանց ադրբեջանական կողմի այդ պահանջը բավարարելու»։ 

Խնդիրն ընդամենը այն է, թե ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կանի այդ հայտարարությունները, Սյունիքն ու Սևանի ավազանի մի մասը «թղթերով» փաստացի հանձնելուց առա՞ջ, թե՞ «կռվով» հանձնելուց հետո։ Իսկ մենք, ապագա աղետները կանխելու փոխարեն, կենտրոնացել ենք այն հարցի վրա, թե ինչպե՞ս բացահայտենք անցյալի վերաբերյալ նրա ստերը։ Իսկ նրան հենց դա էլ պետք է՝ «դուք զբաղվեք անցյալը քչփորելով, մինչև ես տեսնեմ՝ ո՞նց եմ էս գործը ավարտին հասցնում»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ