...

Ալենին հանգիստ թողեք, նա ընդամենը իր գազարն է վաստակում

Ալենին հանգիստ թողեք, նա ընդամենը իր գազարն է վաստակում

Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան է ասել արցախցիների՝ «չկռվելու և թողնել-փախնելու» մասին, ու արդեն երկու օր է՝ նրա հասցեին ով ինչ ասես ասում է։ Ոմանք հայհոյում են, ուրիշները փաստերով հիմնավորում են, որ նա սուտ է ասում, երրորդները հենց նրան ու իր շեֆին են մեղադրում Արցախի հայաթափման համար, և այլն։

Լսեք, դուք այդ կենսաբանական միավորից ի՞նչ եք ուզում։ Հասկանալի է, չէ՞, որ նա սեփական կենսագործունեության միակ նպատակը համարում է լավ ապրելը, հարստանալը, իշխանական վայելքներից օգտվելը, պարգևավճարները, ծառայողական մեքենաները, քարտուղարուհիները, աշխարհով մեկ «տժժալը» և այդպես շարունակ, հետևաբար՝ իր ցանկացած հրապարակային խոսք նա կառուցում է այդ տրամաբանությամբ․ կասի այն, ինչ դուր է գալիս շեֆին՝ իր ֆիզիոլոգիական պահանջմունքները կբավարարվեն, ուրիշ բան կասի՝ չեն բավարարվի։ Վերջ, սա է։ Պատկերացրեք՝ ճագարի առջև երկու կոճակ կա, թաթիկով կապույտը սեղմում է՝ անցքից գազար է հայտնվում, կարմիրը սեղմում է՝ մահակով գլխին խփում են, հասկանալի է, չէ՞, որ միշտ կապույտը կսեղմի։ Առանց մտածելու, առանց «սկզբունքայնության», առանց «արժեհամակարգի», առանց «բարոյական տվայտանքների»․․․ Նույնն էլ այս առանձնյակի դեպքում է։ Շեֆի համար դուրեկան բան ասի՝ կշարունակի «գազար» ստանալ, հակառակն ասի՝ մահակով գլխին կխփեն (պաշտոնանկ կանեն, քրեական գործեր կհարուցեն և այլն)։

Եվ, ի դեպ, բացարձակապես անիմաստ է նրան նախկինում իր իսկ արտաբերած բառերը հիշեցնելն ու անսկզբունքայնության մեջ մեղադրելը։ Ճիշտ հակառակը՝ այդ առանձնյակը միշտ հավատարիմ է եղել սեփական բնազդներին ու երբեք չի շեղվել իր վարքագծից, այն է՝ հանուն սեփական ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման արտաբերել այնպիսի բնաձայնային հնչյուններ, որոնք դուր կգան շեֆին։ Օրինակ՝ երբ ժամանակին լուսանկար էր հրապարակում ու տակը գրում «Աղդամը իմ հայրենիքն է», նա հո չէ՞ր մտածում, որ Աղդամն իսկապես իր հայրենիքն է, նա ընդամենը բնազդով զգում էր, որ շեֆին դուր կգա ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանի «բոստանը քար գցելը», հետևաբար՝ եթե այդպես ասի, կստանա հերթական գազարը։ Հիմա շեֆին դուր է գալիս Արցախի կորստի մեղքը «չկռված» արցախցիների վրա բարդելը՝ ինքն այդպես է ասում, վաղը շեֆն ասի «պետք է վերանայել քրիստոնեության նկատմամբ մեր ընկալումները»՝ ինքը տեսախցիկների առջև նամազ կանի։ Ու կհամարի, որ ճիշտ է արել, որովհետև եթե առաջնայինը «գազարն» է՝ ի՞նչ տարբերություն, թե ինչպես է հասնում դրան։ Այնպես որ՝ խնդիրը ոչ թե այդ ֆիզիոլոգիական գոյացությունն է, այլ շեֆի ճաշակը։

Իսկ թե ինչու չի հաջողվում փոխել շեֆին՝ բոլորովին այլ հարց է։ Հետաքրքրվողները կարող են այդ հարցի պատասխանը գտնել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի այն հատվածում, որտեղ հեղինակը «բացատրում է», թե 1915-ին ինչպես էին ընդամենը մի քանի զինված ասկյարներ կարողանում մահվան անապատները քշել հազարավոր հայերի։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ