...

Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է գտել

Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է գտել

Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, երբ ԽՍՀՄ-ը դեռ չէր փլուզվել, այսպիսի անեկդոտ էին պատմում՝ իբր Մոսկվայում, Պոլիտբյուրոյի նիստի ժամանակ ներկաներից մեկն ասել է «չեմ հասկանում, էդ փոքրիկ Ղարաբաղն ի՞նչ է, որ բոլորին խառնել է իրար, Հայաստանն ու Ադրբեջանը չե՞ն կարողանում միանալ ու դրա հարցերը լուծել»։ Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ տասնամյակներ անց հենց դրա նման մի բան էլ տեղի է ունենալու, և «Ղարաբաղի հարցերը լուծվելու են»։

«Պոլիտբյուրո» ասեցինք՝ հիշեցինք․ այսօր արդեն տարբեր տրամաչափի իշխանական քարոզիչները հեղեղել են լրատվամիջոցներն ու սոցկայքերը, և, իրար հերթ չտալով, հիմնավորում ու փառաբանում են «ընկ․ Ն․Վ․ Փաշինյանի ծրագրային ելույթի» այն թեզերը, որոնց համաձայն՝ «որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանում պետության կայացում թույլ չտալու համար», դա 30 տարի շարունակ ներսից քայքայել է Հայաստանը, և այլն։ «Հիմնավորում» ասվածն էլ այն է, որ բարձրաձայնում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, անձամբ չէր կարող ասել ու ստիպված էր բավարարվել անորոշ ձևակերպումներով։ Իսկ ահա քարոզիչները կարող են բացել փակագծերն ու ասել, որ «որոշ ուժերը» Ռուսաստանի հրահանգները կատարող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, Հայաստանում ԼՂՀ Ազգային ժողովի ընդհատակյա նիստ անողները և այլն, այսինքն՝ «կապիտուլյացիայի իրական ստորագրողները», որոնք «Ղարաբաղի գլուխը կերան, հիմա էլ ուզում են Հայաստանի գլուխը ուտել»․․․ Իսկ հիմնական գաղափարն այն է, որ «Ղարաբաղի հարցը փակված չէ» ասողները սեպ են խրում Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձում են խանգարել խաղաղության հաստատմանը, որովհետև Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, փորձում են նորից Ղարաբաղը «կախել Հայաստանի ոտքերից», բայց մենք պետք է ազատվենք այդ բեռից, որպեսզի կարողանանք պետություն ունենալ։ Ահա այդպես։ Ղարաբաղը, փաստորեն, սեպ էր Հայաստանի և Ադրբեջանի (լավ է՝ չեն ասում «երկու եղբայրական ժողովուրդների») միջև։ 

Միայն մի հարց տանք։ Իսկապես էլ՝ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար եղել է տարածաշրջանի երկրների վրա իր ազդեցությունն ուժեղացնելու գործիք, ընդ որում՝ Ռուսաստանն իր ազդեցության գոտու տարբեր հատվածներում բազմաթիվ այդպիսի գործիքներ է ունեցել։ Բայց եթե Հայաստանն ուզում էր դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց ու ինքնիշխան պետություն ունենալ՝ տրամաբանական է ենթադրել, որ Ադրբեջանը նույնպես այդպիսի ձգտում ուներ։ Ուրեմն ինչո՞ւ «հանուն ինքնիշխանության» Ղարաբաղից հրաժարվեց ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը, թող իրե՛նք հրաժարվեին, առավել ևս՝ որ փաստացի արդեն կորցրել էին Ղարաբաղը։ Որևէ ՔՊ-ական՝ «ընկ․ Ն․Վ․ Փաշինյանից» սկսած, երբևէ պատասխանե՞լ է այս հարցին։ Չի էլ փորձել, որովհետև եթե պատասխանի՝ ստիպված կլինի ընդունել, որ Ադրբեջանը 1997-ին փաստացի լավ էլ հրաժարվե՛լ է Ղարաբաղից, ու այդ մենք ենք, որ մերժել ենք այդ հրաժարումը՝ համարելով, որ միայն Ղարաբաղը քիչ է, հարակից յոթ շրջաններից է՛լ պիտի հրաժարվի։ Ռուսաստանի դրդմամբ ենք արել, թե մի քանի արկածախնդիրների բութ իշխանատենչության ու անսահման ագահության պատճառով՝ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ՝ արժանապատիվ խաղաղության իրական հնարավորությունը մե՛նք ենք ձեռքից բաց թողել։

Իսկ Արցախն Ադրբեջանի կազմում (հետևաբար՝ արցախցիներին էլ որպես Ադրբեջանի քաղաքացիներ) ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, ու այս փաստը որևէ քարոզչությամբ մոռացության մատնել հնարավոր չէ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ