...

ՀԷՑ-ն էլ արագիլների վրա է ինքնահաստատվում

ՀԷՑ-ն էլ արագիլների վրա է ինքնահաստատվում

Զորակի բախտի արագիլները

Արարատի մարզի Զորակ գյուղում քանդել են արագիլների բները:

Գյուղացիները «ՉԻ»-ին ահազանգեցին, որ արդեն 3 բույն է քանդել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Համայնքի բնակչուհի Սեդա Գրիգորյանի փոխանցմամբ՝ բներից երկուսը թեքվել էին: Նկատել են, զանգահարել Մասիսի էլեկտրացանց, խնդրել, որ քայլեր ձեռնարկեն: էլեկտրացանցի աշխատողներն էլ եկել են, եղաններով քանդել բների մնացած մասերը: Իսկ էլեկտրասյուների վերևում սուր երկաթներ տեղադրել, որ արագիլները նոր բույն հյուսել չկարողանան: Գյուղացիները կռվել են աշխատակիցների հետ՝ թույլ չտալով, որ բները քանդեն, բայց ապարդյուն:

«Մենակ տեսնեք՝ խեղճերը գալիս են, որ իրենց տեղը կանգնեն, չեն կարողանում, գոնե այդ սուր երկաթները չտեղադրեին: Այդպես են արել, որ արագիլներն էլ չկարողանան բույն դնել: Ստում են, որ ասում են, թե բները քանդված են եղել, մենք տեսել ենք, թե ոնց են քանդում: Համարյա բոլոր էլեկտրասյուների վրա այդ սուր երկաթներից են դրել»,- պատմեց բնակչուհին:

Արագիլները զորակցիների բարեկամներն են դարձել: Արդեն 25 տարուց ավել՝ գարնանն ու ամռանն իրենց տան մոտ են ապրում: Ասում են՝ բարի արագիլներից միայն լավություն են տեսել. հողամասից վնասատու միջատներին հեռացնում են: Հիմա էլ ուզում են, որ արագիլներին անտուն չթողնի:

«Ինչքան էլ մեզ վախեցրին, թե քրեական գործ կարող է հարուցվել, փորձեցինք տեղադրած երկաթները քանդել, հանել: Երկար փայտով փորձեցինք պոկել, մի քիչ թեքվեց, բայց չընկավ: Թռնում են, գալիս են, բայց բույն չկա, ձագերը սատկել են, ձուն էլ ընկել, ջարդվել է: Ահավոր վիճակ է, մեղք են»,- նեղսրտեց Սեդա Գրիգորյանը:

ՀԷՑ-ն արագիլների բները քանդել է

Արագիլների համար պայքարող գյուղացիները ենթադրում են, որ այս կերպ վարվելով թռչունների հետ՝ փորձում են նրանց վերացնել:

Թռչուններին օգնելու համար գյուղացիները դիմել են «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ին: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ ՀԷՑ-ն արդեն մեկ շաբաթ արագիլների բները քանդում է՝ պատճառաբանելով, որ կարող է հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվել:

Բնապահպանն ընդունում է, որ նման խնդիր կա, բայց, ասում է՝ դրա լուծումն էլ կա: 2 տարի առաջ Արմաշ և հարակից համայնքներում արագիլների համար հատուկ արհեստական բներ են տեղադրել:

«Կարելի էր այդ բները տեղափոխվել և արհեստական բներ տեղադրել: Դա մեծ գումարների հետ կապված չէ: Կարող էին համագործակցել բնապահպանների հետ և այդ խնդիրը լուծել, ոչ թե քանդել բույնը: 2 տարի առաջ Արմաշ գյուղում փորձում էինք արհեստական բներ տեղադրել, էլեկտրացանցից մեզ թույլ չէին տալիս: Երկար-բարակ բանակցելուց հետո, թույլ տվեցին, որ 8 արհեստական բներից 6-ը տեղադրենք, 2-ը ստիպված հետ բերեցինք»,- նկատեց նա:

Պատկան մարմինները ոչինչ անել չեն կարող

Սիլվա Ադամյանը արագիլների հարցով դիմել է պատկան կառույցներին՝ Շրջակա միջավայրի նախարարություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Հավաստիացրել են, որ անպայման կգնան և խնդրին տեղում կարձագանքեն: Պատասխանը եղել է այն, որ էլեկտրասյունները ՀԷՑ-ի սեփականությունն են, իրենք ոչինչ անել չեն կարող:

«Օրինակ, եթե ինչ-որ տեղ ՀԷԿ է կառուցված և կողքը ջրասամույրի բույն կա, կարող է դա խանգարել ՀԷԿ-ի տիրոջը: Հիմա պետք է բույնը քանդեն և պատասխանատվություն չկրե՞ն: Նախարարությունից էլ հավաստիացրել են, որ տեսչական մարմնի հետ կփորձեն այդ հարցը լուծել: Հիմա պրոցեսը շարունակվում է»,- նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավարը:

Սիլվա Ադամյանը հիշում է՝ տարիներ առաջ Մասիս քաղաքի Կայարան թաղամասում էլ է նման խնդիր առաջացել: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրություն է ուղարկել, որ պատրաստվում են արագիլների բները քանդել սյուների վրայից: Այս հարցի հետ կապված սկանդալ առաջացավ:

Բնապահպանի կարծիքով՝ խնդրին պետք է գրագետ լուծում տալ՝ թռչունների համար արհեստական բներ տեղադրելով:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ