...

Սադրում են, որ Ամուլսարի պահապաններին հանեն տարածքից

Սադրում են, որ Ամուլսարի պահապաններին հանեն տարածքից

Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ավելին՝ վերջին մի քանի օրերին թեժացել են:

Օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերության գույքի պահպանությունն իրականացնող պահնորդական նոր ընկերության զինված անդամները բեռնատար են մտցրել Ամուլսարի տարածք և սադրիչ գործողություններ հրահրել։

Ամուլսարի պահապանները պատմում են, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված Ամուլսարի պահակակետերում մնացել է 5 հսկիչ, մյուսները որոշել են որպես կամավոր մեկնել Տավուշ։ Ասում են՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ, առիթից օգտվելով, փորձել է բեռնատար մեքենա մտցնել Ամուլսարի տարածք։

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն Ամուլսարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներում քաղաքական ասպեկտ է տեսնում:

«Ինչքան էլ փորձում ենք քաղաքական երանգներ չտեսնել վերջին լարվածություններում, բայց միայն այն, որ իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցները չեն անդրադառնում տեղի ունեցող իրադարձություններին, մտածելու տեղիք է տալիս: Բացի դա, որ հայտարարեցինք՝ պահնորդական ծառայության աշխատակիցները հրազենին նմանվող կամ հրազենով կանգնած էին Ջերմուկ տանող մայրուղու վրա, ոստիկանությունը միջոցներ չձեռնարկեց զենքի զննության համար՝ արդյոք, դա իրենց կողմից նշված շարիկավոր խաղալի՞ք է եղել, թե՞ հրազեն: Բաներ կան, որ մեզ ստիպում են կասկածել: Չենք բացառում, որ այս գործողությունները հովանավորվում են իշխանության կողմից: Նախկիններից լիքը մարդիկ մեզ ասել են, որ Սահմանադրական այս փոփոխությունների հետ կապված նախագահը Փաշինյանին գործարք է առաջարկել՝ Ամուլսարը շահագործել, որ որոշումը ստորագրի: Մենք այս ամենի ապացուցման հիմքերը չունենք, բայց կան լարվածություն և սադրանքներ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչը:

Շիրակ Բունիաթյանը նկատում է, որ պահնորդական խումբը տարածք ոտք դնելուց հետո սկսել է սադրանքների դիմել: Նրա խոսքով՝ «Լիդիանի» պահնորդական զինված անդամներից 30-ը սադրիչ գործողություններ են հրահրել Ամուլսարի երկրորդ պահակակետում և քաշքշել սարի 5 պահապաններին։

«Նախ շան ձագերին սատկացրեցին: Իսկ երբ բնակիչները փորձել էին խոչընդոտել բեռնատարի մուտքը, պահնորդական ծառայության աշխատակիցներն իրենց կողմից պահպանվող տարածքից դուրս էին եկել և սկսել բնակիչներին քաշքշել: Իրենք անընդհատ փորձում են բախումներ հրահրել, սադրել: Մենք այս պայքարում արդեն եփվել ենք, գիտենք իրենց գործելաոճը և փորձում ենք չտրվել սադրանքներին: Այդ պահնորդները յուրօրինակ սադրելու տաղանդ ունեն: Եկել են ծեծ ուտելու, որ առիթ լինի մարդկանց մեկուսացնելու: Մենք նման միտում ենք տեսնում: Սադրում են, որ մենք էլ իրենց ծեծենք, դա էլ դառնա իրավական հիմք, որպեսզի մեզ ձերբակալեն: Իրավական հիմք են փորձում ստեղծել, որ մեզ՝ Ամուլսարի պահապաններիս, հանեն տարածքից»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամուլսարի պահապանները կրկին պնդում են, որ հետ չեն կանգնելու՝ պայքարելու են մինչև վերջ, և որ Ամուլսարը հանք չի դառնալու:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ