«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․․․ ուզեցել եմ այն աշխատանքը կատարել, որ մտնեմ հայկական պատմության մեջ, բայց այդ գործընթացը չստացվեց. ի դեպ՝ առաջին անգամ եմ այս խոսակցությունը բացում»,- հայտարարել է Տիգրան Արզաքանցյանը 168.am կայքի հետ զրույցում:
«ՉԻ». Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ արտգործնախարար է փնտրում: Հաստատ ավելի ներկայանալի տեսք ունի, քան վերջին մի քանի արտգործնախարարները: Տիգրանը և Նատալյա Ռոտենբերգը այնպիսի ֆուռոր կանեն, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցները միայն Հայաստանի մասին կգրեն:
Իմիջիայլոց, հանկարծ չկասկածեք, որ Արզաքանցյանը խոսել է Ալիևի հետ: Ի տարբերություն հայերենի՝ Տիգրան Արզաքանցյանը շատ լավ տիրապետում է ռուսերենին, այլապես չէր կարողանա սիրահետել տիկին Ռոտենբերգին:
Մնում է հասկանալ, թե Արզաքանցյանը ինչ է առաջարկել Ալիևին Արցախը հանգիստ թողնելու փոխարեն. կոնյա՞կ, թե՞ Ռոտենբերգի փողերը:
Ինչ վերաբերում է պատմության մեջ մտնելուն: Մի անհանգստացեք. դուք արդեն այնտեղ եք: Վերջին 20 տարում հայերից ոչ մեկին չէր հաջողվել այդքան մոտենալ Պուտինի ամենամտերիմ ընկերներից մեկին: