...

Այդպես էլ մնաց կիսապաշտպան

Այդպես էլ մնաց կիսապաշտպան

Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին խիստ զայրացրել է այն փաստը, որ կառավարության որոշումով 30 մլն միանվագ նպաստ է տրվելու Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։

«Անշուշտ, շատ լավ էր, որ Մարտի 1-ի զոհերին Կառավարությունն ուշադրություն է դարձնում: Հիմա շատ անշնորհակալ գործ է դա մեկնաբանել, որովհետև մյուս կողմը՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքները, ցավագին են ընդունում ցանկացած անդրադարձ: Իրականում, եկեք հստակեցնենք, որ ամենամեծ հարցերը ծագում են հենց Կառավարության որոշումից՝ այդ որոշումն ինչի՞ց է ծնվել: Քաղաքական դաշտը ենթադրություններ է անում, որ մեղքի զգացում ունեն, ուզում են ինչ-որ ձևով մեղմացնել ցավը: Հարցադրումը ես ուրիշ ձև կդնեմ. երբ որ թիվը ասում են՝ պետք է հիմնավորում լինի. կարող է՝ պետք է 50 միլիոն դրամ տային: Ինչի՞ց է գալիս այդ 30 միլիոնը:
Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը: Նրանք ինձ զանգում ու հարցնում են՝ բա մեզ մոռացե՞լ են: Մենք էլ ենք կորցրել շատ ավելի դաժան իրավիճակներում: Համոզված եմ՝ Կառավարությունը սկզբից պետք է հրավիրեր խոցելի խմբերին ու ասեր, որ ցանկանում են այդպիսի բան անել»,- ասել է տիկին Ալավերդյանը:

Ուրեմն, Շենգավիթի դատարանում մարտի 1-ի գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանի առջև Քոչարյանի «ֆան-կլուբը» հավաքված վանկարկում էին, պաստառներ պարզում: Այնքան հետաքրքիր էր, որ հիմնականում պարզել էին երկու հոգու լուսանկարներով պաստառներ՝ Ռոբերտ Քոչարյանի ու ... Լևոն Տեր-Պետրոսյանի: Վանկարկումներն էլ երկու տեսակի էին. պահանջում էին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին ու ձերբակալել Առաջին Նախագահին:

Հարցնում ես, բայց ի՞նչ կապ ունի Տեր-Պետրոսյանը, թե բա՝ թալանել է երկիրը, սա է արել, նա է արել, ու այս կարգի այլ զառանցանքներ: 

Ասում ես՝ բայց Ռոբերտ Քոչարյանը 10 տարի երկրի ղեկավարն էր, ձեռից ո՞վ էր բռնել, թող Տեր-Պետրոսյանի հարցերը լուծեր, ինչ զավթել էր իշխանությունը, մի քանի տարի շարունակ ամբողջ դատախազությունով, քննիչներով, ԱԱԾ-ով ընկած, Առաջին Նախագահի և նրա թիմակիցների գործունեությունը ծայրեծայր քրքրել են, մինչև վերջին հաշիվ-ֆակտուրան ստուգել են, մի կոպեկի տարբերություն էլ չէին գտել, հիմա ումի՞ց ինչ եք պահանջում: Թե որ Տեր-Պետրոսյանը հանցագործ էր, ուրեմն՝ Քոչարյանը հանցագործ է ու հանցագործ, քանի որ հանցագործություն է պարտակել:

Հիմա Լարիսա Ալավերդյանն է. 20 տարի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանն է եղել, մի պահ Մարդու իրավունքների կիսապաշտպան էլ դարձավ, եկել, այսօր Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների համար այս իշխանություններից փող է պահանջում, թե բա՝ մեզ մոռացել են: Բա 20 տարի ո՞ւր էիր, ինչո՞ւ այս հարցը չէիր բարձրացնում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առջև: Հավաքեիր Սումգայիթի սպանդի զոհերի իրավահաջորդներին, գնայիր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ կազմակերպեիր: Ոնց որ դա տարիներ շարունակ անում էին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները: 

Գոնե մեկ անգամ Լարիսա Ալավերդյանը այս հարցով բողոքի ակցիա կազմակերպե՞լ է, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին քննադատե՞լ է. իհարկե ոչ: Հետները ջան-ջիգյար, ջան ասել է, ջան լսել, իր ՀԿ-ի համար փողերը ստացել է, գոհ ապրել է: 

Հիմա պայթում է, թե ինչու են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փող տվել: Ենթադրությունն ընդհանրապես ապշեցուցիչ է. մեղքի զգացում ունեն, ուզում են ինչ-որ ձևով մեղմացնել ցավը: Իբր Նիկոլ Փաշինյանը մեղքի բաժին ունի մարտի 1-ի ոճրագործությունում, հիմա որոշել է փողով լռեցնել զոհերի հարազատներին: 

Որ ասում են՝ ամեն մեկն իր արշինով է չափում, դա Լարիսա Ալավերդյանի մասին է: Ասում է նույն բանը, ինչ վերջին օրերին ամենասրբապիղծ ձևերով տարածում են Քոչարյանի մանկլավիկները, իբր մարտի 1-ի զոհերի հարազատները 30 մլն դրամով ծախեցին զոհերին, ծախվեցի Հուդային ու այս կարգի այլանդակություններ: 

Ահա այսպիսի իրավապաշտպաններ ենք ունեցել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ