...

Այլասերված բառի ներկայացուցիչները

Այլասերված բառի ներկայացուցիչները

Մամուլում հրապարակվել է Մտավորականների ինչ-որ միության կոչ-դիմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, որում մասնավորապես նշված է. «Դուք գնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի գծած ուղիով, որը վերջերս կրկին առաջարկեց հայությանը, որ հրաժարվի Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ պահանջատիրությունից, մոռանա 1915 թ․ ցեղասպանությունը, Հայ դատը, նրա համաշխարհային ճանաչումը։ Երբևէ չե՞ք մտածել, թե կարևորագույն հարցերում ձեր լռության, անտարբերության, պատասխանատվություն չստանձնելու արդյունքում ուր եք տանում երկիրը։ Դուք ձեզ երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չե՞ք զգում»:

«ՉԻ». Չգիտենք, թե սա ինչ միություն է: Անստորագիր մի տեքստ է: Պարզապես, քանի որ հրապարակվել է հեղինակավոր լրատվամիջոցում, դրա համար աչքներովս ընկավ: 

Այս տեմպերով, իհարկե, շուտով կդառնանք բնակչության մեկ շնչին ընկնող «մտավորականների» քանակով աշխարհի առաջատար երկիրը: Ընդ որում, այս մի տեքստի հեղինակները, որքան հասկանում ենք, մի 87-ից 90 տարեկան, քյարթու դեմքեր են, որոնք դեռ խորհրդային տարիներից անստորագիր նամակներ գրելու մեծ փորձ ունեն:

Բացառված չէ, որ սրանց թվում կան դեմքեր, որոնք ԽՍՀՄ տարիներին կոլեկտիվ նամակներ էին իբր ստորագրում՝ «Պաստերնակ չենք կարդացել, բայց դատապարտում ենք» վերնագրով: Եվ հիմա էլ. Տեր-Պետրոսյան չենք կարդացել, բայց դատապարտում ենք: Թե որտեղ է, օրինակ, Առաջին նախագահը կոչ արել մոռանալ Ցեղասպանությունը, դա, իհարկե, չեն ասի, քանի որ հնարավոր չէ չեղած բանը ասել: 

Այնպես որ, ոչինչ չի փոխվել: «Դանոսչիկի» ու զրպարտողի էությունը Սովետից հասցրել են մինչև մեր օրերը: 

Հ.Գ. Արամայիս Սահակյանն իր հուշերում գրել է, որ մի անգամ մեկի հետ վիճելիս, ասել է. «Ամոթ է, որ նման բան եք ասում, չէ՞ որ դուք մտավորական եք»: Այդ մեկը զայրացած պատասխանել է. «Խնդրում եմ, ինձ չվիրավորել»: Երգիծաբանն ասում է՝ մնացի զարմացած, թե որտեղ եմ վիրավորել: Ու հետո պարզել է, որ այդ մարդը մտավորական բառի ներքո հասկանում է հոգևորական: Իսկ Սովետի օրոք հոգևորականը այնքան էլ հարգի բառ չէր, մեղմ ասած: 

Հիմա այդ բառի իմաստը նորից այլասերվել է: Որ մի նորմալ մարդու ասես՝ մտավորական, կարող է նեղանալ, որովհետև կմտածի, թե իրեն համարում ես քծնող, շողոքորթ, տգետ, նյութապաշտ, խավարամիտ, պալատական ինտրիգան, հետույքապաշտ, երկերեսանի, կեղծավոր, դեմագոգ: Որովհետև այդպիսի հատկանիշներով են աչքի ընկնում այսօր մտավորականի անվան հետ խաղացողները, որպես մտավորական հանդես եկող դեմքերի մեծ մասը: Բնական է, որ նորմալ մարդը չի ցանկանա ասոցացվել այդպիսի հատկանիշներով օժտված երևույթների հետ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ