...

Ազնիվ ու ազնվական որակի չգոյությունը

Ազնիվ ու ազնվական որակի չգոյությունը

Մեր մեծերի բախտը չի բերել։ Հարյուրավոր տարիներ Խորենացի ենք կարդացել ու չենք հասկացել։ Տասնյակ տարիներ է Թումանյան ենք կարդում ու չենք հասկանում։ 

Ծննդյան տարեդարձները նշում ենք՝ սոցցանցերը ողողելով նրանց խոսքով։ Եվ ի՞նչ։ Ամեն մեկն իր փչացածության չափով է հասկանում։ Ապացույցն էլ չուշացավ։ Վրդովվել եք տարիներով խեղճացած ուսուցիչների պահվածքից։ Քծնում են։ Դա ի՞նչ քծնանք է երկրիս վերնախավում նստածների արածի համեմատությամբ։ Դա ի՞նչ է այն լռության համեմատությամբ, որով իրենց խղճուկ գոյությունն են ապահովում հայոց մտավորականները։ 

Հրանտ Մաթևոսյանից մեջբերումներ անելիս մեկ-մեկ որ կարդաք գրածը, ձեր «չքնաղ» պատկերն էլ կտեսնեք։ Թումանյանի «Քաջ Նազարը» կրկին ու կրկին կարդացե՛ք․ ոչ ոքի չի՞ հիշեցնում։ 

Իբր կարդացել եք, իբր սիրում եք։ Մաթևոսյանի կենդանության օրոք զանազան մանր-մունր փնթիներ բանսարկություններով էին զբաղված, իսկ դուք ծամում էիք, որովհետև, տեսե՛ք-տեսե՛ք, մեծ գրողը նախկինների դեմ չի խոսում, իսկ նախկինները Լևոնն ու Վանոն էին։ Հիմա նույնիսկ Վանոյից եք մեջբերումներ անում։ 

Եթե կարդացած ու հասկացած լինեիք/լինեինք, Հայաստանն այսօր ոչնչացման եզրին չէր հասնի։ Եթե իմաստուն խոսքի նկատմամբ հարգանք ունենայինք, «մեծարգո» վարչապետին լսող չէր լինի, նա չէր լինի վարչապետ։

Ձեր պիոներական ասմունքը, ձեր մեջբերումներն այնքան ողբերգական չէին լինի, եթե դրանցով չլցնեիք երեխաների գլուխը։ Տարիներ շարունակ աղավաղել եք մեր մեծերի խոսքը։ Էժանացրել եք։ Ամեն ինչ եք էժանացրել։

Հայ մտավորականի դասական կերպարը ցայսօր Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բանաստեղծն է։ Եվ բնավ նշանակություն չունի՝ քանի կոպեկ կամ դոլլար կա նրա հաշվեհամարին։ 

Արցախի կորստից հետո Արցախին ձոներ նվիրած, Արցախում նկարված և այդ նկարներով հպարտացող քանի՞ մտավորական ծպտուն հանեց։ Չէ՞ որ նրանք վստահաբար Թումանյան, Չարենց ու Մաթևոսյան են կարդացել։ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։ Ձեր հիշողությունն են ուզում ջնջել։ Իսկ դուք սսկվել եք, որովհետև կարող եք զրկվել կերից։ «Երազումս մի մաքի․․․»․ սա բոլորդ գիտեք։ Ձեր երազում զոհված զինվորներին չե՞ք տեսնում, Բաքվի բանտերում տանջվող մեր տղաներին չե՞ք լսում։ Ո՞նց եք արածող կովի նման հանգիստ «ապրում»։ 

«Չերչիլն ասում էր՝ ազնվականությունը իր արյունով Լամանշը կլերդացնի ու թշնամու ոտքը Բրիտանիա չի թողնի: Ցավալի է, իհարկե, որ մենք այդ խավը, այդ վերնախավը այդպես՝ իր արյունով հայրենիք սահմանող, իր վարքով երկիրը սահմանադրող, մտավորականության այդ խավը չունենք ու չենք ունեցել, ավելի ցավոտը սակայն մարդկային այդ ազնիվ ու ազնվական որակի անկումն է, այդ հատկանիշի նահանջը, որ ամենքիս ու յուրաքանչյուրիս անկապտելի բաղադրիչն էր լինելու, որ հարյուրավոր բերաններով հազար-հազար գիշերներ դյուցազներգություն է վիպել, և մի անգամ մի տեղ մի անպարկեշտ բառ չի սպրդել, որ չափ է դրել մեր գործին ու խոսքին և բնազանցից ու չափազանցից խորշել որպես իրական բորից»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը, և դուք/մենք, համոզված եմ, բազմիցս եք/ենք կարդացել։

Բայց հասկացե՞լ ենք, որ անկախ Հայաստանում, մանավանդ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի ֆոնին մենք կարո՛ղ էինք ստեղծել այդ ազնվականությունը, եթե մանր-մունր, խեղճուկրակ, արծաթասեր և, անշուշտ, օտարից ոգեշնչվող կամ սնվող որդերը չկրծեին հասարակության հոգին ու միտքը։ Պետք է կարողանայինք, չարեցինք։ Հետևաբար ունենք համապատասխան վերնախավ։ 

Ավարտեմ։ Ափսոսում եմ թե՛ Թումանյանին, թե՛ Չարենցին, թե՛ Մաթևոսյանին, որ դուք իբր կարդում, բայց համառորեն չեք հասկանում։

Զարուհի Գաբրիելյան                         

ՎԱՐԿԱՆԻՇ

   1402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ