...

Ազդեցության գործակալները բանակցում են Հայաստանի անունից

Ազդեցության գործակալները բանակցում են Հայաստանի անունից

Գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ նոր դիսկուրս է սկսվել: Ինչո՞ւ նոր: Որովհետև դեկտեմբերին հաղորդագրություն տարածվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը եկել են համաձայնության, ու գազի գինը չի փոփոխվի ամբողջ 2020 թվականի համար:

Եվ հիմա, հանկարծ առաջինը խոսակցությունը բացում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գործիչ, որն ի պաշտոնե պետք է զսպի մատակարար կազմակերպությունների ախորժակները՝ մինչև վերջ պաշտպանելով Հայաստանի շահերը: Բաղրամյանի արարքը նույն է, թե խանութի սեփականատերը մատակարարող կազմակերպություններից ավելի շուտ բարձրաձայնի ընդունվող ապրանքների թանկացման հիմնավորման մասին: Մոտավորապես այսպես. «այ ախպեր, ամեն ինչ թանկանում է, չեք ուզում մի քիչ էլ դուք թանկացնեք, ձեր վրա էլ ապրանքը էժան չի նստած: Էն որ շարունակելու եք ապրանքը նույն գնով ձեռք բերել ծագման երկրում, կապ չունի, այստեղ հազար ու մի ծախս ունեք»:

Բաղրամյանը պատահական անձ չէ: Նա ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի բաջանաղն է և հենց նրա միջնորդությամբ է նշանակվել այդ չափազանց պատասխանատու գործին:

Ռուսաստանը լուրջ հետևություններ է արել իր նախկին կացնային քաղաքականությունից, մասնավորապես ԱՊՀ տարածքում: Եվ հիմա ավելի զգուշորեն  և նրբանկատորեն է առաջ տանում իր շահերը և պարտադրում իր համար ցանկալի որոշումները:

Ստացվում է, որ Ռուսաստանն ուղղակիորեն չի թանկացնում գազը Հայաստանի համար, բայց միևնույն է այն թանկանում է՝ ստեղծելով խնդիրներ Հայաստանի կառավարության, տնտեսության և հասարակ քաղաքացիների համար: Եվ դա անում է իր ազդեցության գործակալների միջոցով, որոնք նախ կնպաստեն, որ գազը թանկանա, իսկ հետո կմեղադրեն Հայաստանի կառավարությանը ոչ ճիշտ քաղաքականություն վարելու և բանակցելու մեջ:

Այսինքն՝ սկզբից կստանան տնտեսական շահույթ, իսկ հետո նաև քաղաքական դիվիդենտներ:
Միայն նրա համար, որ Բաղրամյանը վաճառողից շուտ բարձրաձայնեց թանկացման հիմնավոր լինելու մասին, անհրաժեշտ է նրան պաշտոնանկ անել:

Մոլդովայի համար գազի գինը 2020 թվականին 10 տոկոսով էժանացել է, ամբողջ աշխարհում գազի գինն ընկնում է, Հայաստանի կողմից անհրաժեշտ է նոր բանակցողների ներգրավել, որոնք հազար ու մի թելով կապված չեն լինի նախկին իշխանությունների և Ռուսաստանի հետ: Գոնե այս մի դիմադրությունը սկսեք քանդել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ