«Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում». Հրանտ Մաթևոսյան
Այսօր հայ գրականության հսկաներից մեկի՝ տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Կոմիտասի անվան պանթեոնում կրկին մաթևոսյանական շունչն էր՝ շաղախված մեծ գրողի մեծագույն սիրով ու մարդասիրությամբ: Այստեղ էին մեծ գրողի ընտանիքի անդամները, հարազատներ, արվեստագետներ։ Հուզիչ էր Հրանտ Մաթևոսյանի բարեկամությունը վայելած կենդանի լեգենդներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և անվանի ռեժիսոր Ռոման Բալայանի ներկայությունը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին, պատմեցին հուշեր Մաթևոսյան մարդու և արձակագրի մասին:
Գրողի կնոջ՝ Վերժինե Մովսիսյանի խոսքով՝ Հրանտ Մաթևոսյանը հայ ժողովրդինն էր, նրա հարազատ զավակը. «Այնքանով եմ հանգիստ, որ նրա գրականությունը ապրեցնող է, ապրում է և դեռ կշարունակի ապրել։ Ազնիվ, բարոյական ու օրինակելի մարդ էր Հրանտը, մարդկային վեհ արժանիքների կրող։ Ինչ վերաբերում է հոբելյանին, այս տարին մեր ընտանիքի համար կրկնակի հոբելյանական էր, քանի որ այն համալրվեց ևս երկու լույս-բալիկներով: Նրանցից մեկը կրում է ՄԵԾ պապի՝ Հրանտի անունը»: Անդրադառնալով մեծ լոռեցիներին՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Գարեգին Ներսիսյանը նշեց.
- Լոռվա զավակներ Հրանտ Մաթևոսյանն ու Հովհաննես Թումանյանը մեծություններ են: Մենք՝ լոռեցիներս հպարտ ենք, որ ունենք այդ մեծերին: Ես անձամբ շփվել եմ Հրանտ Մաթևոսյանի հետ, շատ բարի ու մեծատառով մարդ էր, իսկական լոռեցի: Հիշում եմ, համագյուղացի աշակերտների հետ հանդիպումներից մեկի ժամանակ մեկը Հրանտ Մաթևոսյանին հարց տվեց, թե՝ ինչո՞ւ «Մենք ենք մեր սարերը»-ի մեջ իմ պապի անունն եք գրել՝ որպես ոչխարի գողի, Մաթևոսյանը հանգիստ ու հստակ պարզաբանեց, որ այդ ժամանակ իր շրջապատը իր գյուղի ժողովուրդն էր, իսկ եթե հիմա գրեր, այլ մարդկանց անուններ կգրեր: Այնքան պարզ ու մատչելի պատասխան էր, որ աշակերտը լիովին բավարարված էր: Այդպիսին են մեր մեծերը:
Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը, յուրովի կարևորեց այս տարին.
- Հոբելյանական տարին առանձնացավ նրանով, որ ունեցանք թանգարանին օժանդակողներ և աջակցողներ: Շատերին դիմեցինք, քչերից աջակցություն ստացանք, բայց շնորհակալ եմ բոլորին: Կարծում եմ՝ քիչ էր, բայց բավարար էր՝ հասկանալու համար, որ Մաթևոսյանին գիտեն և թանգարանին փորձում են սատարել: Էլի արձագանքներ կունենանք, չենք պատրաստվում կանգ առնել, չենք պատրաստվում իննսունով սահմանափակվել, շարունակաբար աշխատելու ենք և հաջորդ տարիներին էլ ունենալու ենք նոր գործընկերներ և նոր հաղթանակներ, որովհետև Մաթևոսյանի խոսքը, Մաթևոսյանի հրապարակախոսությունն ու արձակը բարձր իրականություն են ձևավորելու, որի արդյունքում ունենալու ենք այլ Հայաստան, քան այս պահին ունենք:
Անդրադառնալով թանգարանի գործունեությանը՝ Դավիթ Մաթևոսյանը նշեց.
- Հատկանշական է, որ տասնյակ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ներկա լինելու մեր ցուցադրություններին Հրանտ Մաթևոսյանի անունը կրող մշակութային օջախում, և անչափ կարևորում եմ Երևանում նման մշակութային կենտրոն-թանգարանի առկայությունը, որը շատ բան կփոխի Երևանի և երևանցիների կյանքում, ինչպես, օրինակ, Ահնիձորում Մաթևոսյանի տուն-թանգարանի ապագա ներկայությունը կարող է մի ամբողջ իրականություն փոխել հենց Ահնիձորի, Լոռվա և Մոտկորի համար: Կարծում եմ՝ դա մեր հաջորդ և առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի:
Մելանյա Ծառուկյան
Հ.Գ….Դժվար է մեծերի մասին խոսել անցյալ ժամանակով։ Որովհետև իր մեծությամբ, իր գրական-ստեղծագործական ժառանգությամբ ու իր հայեցի տեսակով Հրանտ Մաթևոսյանը հավերժական ներկա է հայ գրականության ու հայ իրականության մեջ։ Եվ նրա խոսքերը` որպես իմաստնությունից ծնված մարգարեություն, չափազանց դիպուկ են բնութագրում մեր այսօրը. «Մենք ծառերի պես անջատ կանգնած ենք ամեն մեկս իր համար: Այդ ինչպես է լինում, որ անտառի պես լռիկ կեցած աշխարհը դառնում է շնանոց»…