«Ամենայն ուրախությամբ դարձյալ կգայի Խորհրդային Միություն, բայց անելիք շատ ունեմ: Մեր վիպասանները ֆրանսացի հրատարակիչների համար փնտրված հեղինակներ են: Պետք է,- հրաժեշտ տալով ասաց թուրք առաջադեմ գրողը (նա հակաամերիկյան թրքական շարժման գործուն մասնակիցներից է),- վերջացնեմ ձեռքիս գործը և սկսեմ աշխատանքը վաղուց մտածված մի գրքի վրա, որ լինելու է քսանական թվականներին իմ ժողովրդի վարած ազգային-ազատագրական պատերազմի մասին:
Քսան թվականներին նրա ազգային-ազատագրական բանակը Շիրակում ոչնչացրեց երկու հարյուր հազար հայ: Միլիոնատիրոջ որդի է, ուժեղ երկրի ներկայացուցիչ է, Թուրքիայի հետամնացությունը այս արագ քսաներորդ դարում այսօր-վաղը լուծվող հարց է, երեսուներեք միլիոն են և աճում են, հիսուն միլիոն են,- ի՞նչ է ասելու այս Նեֆզատ Ուստյունը իր ազգային-ազատագրական բանակի վայրագության մասին. ասելու է «երկու հարյուր հազար զավթի՞չ ոչնչացրին», մեկ միլիոնից երկու հարյուր հազարս զինվո՞ր էինք: Ասելու է «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել», ասելու է «լա՞վ ենք արել»: Դու և քո խիղճը, Նեֆզատ Ուստյուն, դու և քո խիղճը, ուրիշ ոչ ոք քեզ ոչինչ չի կարող ասել»:
Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»
«Մեծամոր»- ի սկիզբն է։ Հրանտ Մաթևոսյանը «Մեծամորը» գրել է խորհրդային տարիներին, երբ ազգային խնդիրների մասին բաց խոսելը վտանգավոր էր։ «Մեծամորում» Հայաստանի ազգագրական վիճակն էլ է ներկայացվում։ Այն ժամանակ արդեն մեր հայրենիքում դեմոգրաֆիական խնդիր ունեինք։ Հայաստանաբնակ ադրբեջանցիները բազմազավակ էին, հայերը՝ ոչ։ Մեծ գրողին սա՛ էր մտահոգում։
Իսկ հիմա՝ ըստ էության։ Այս փոքրիկ հոդվածի առիթը հետևյալն է։
Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի տարին է։ Հուշեր պատմելու, սեփական անձն այդ հուշերում կարևորելու գայթակղությունը մեծ է։ Պատմելու են։ Հրանտ Մաթևոսյանին երբևէ առնչված լինելու փաստն օգտագործելու են թե՛ անձնական, թե՛ քաղաքական նպատակներով։ Փա՞ստ եք ուզում։ Ահա՛։ 2024-ի դեկտեմբերի 18-ին՝ գրողի մահվան տարելիցի օրը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «22 տարի առաջ այս օրը մեզնից հեռացավ Հրանտ Մաթևոսյանը:Նա հեռացավ մեզնից, որովհետև մենք Վարպետին «չմարսեցինք»: Հրանտը մեզ պետք չեկավ, այդ պատճառով էլ գնաց: Թե չէ՛ ի՞նչ տարիքում էր, որ չապրեր: Հրանտն էր չէ՞, որ առաջինն էր ու գրեթե միակը հրապարակավ տխրում էթնիկ միատարր երկիր դառնալու հեռանկարից: Մենք բոլորս հրճվում էինք, իսկ Հրանտը մտածում ու մտահոգվում»: Սա գրառումից մի հատված է։ Մնացածը նույն ոգով է։ Կարծում ենք՝ կարիք չկա բացատրելու, թե ինչպես է չարչարվում Ն․ Փաշինյանին հավատարիմ պաշտոնյան Հրանտ Մաթևոսյանին վերագրված «մտահոգությունը» շեֆի քաղաքականությանը հարմարեցնելու համար։ Ինչպե՛ս և ինչո՛ւ։ Պրն Հակոբյանը շատ լավ հասկանում է, որ թշնամի երկրի ղեկավարի պահանջով Հայաստանը կզրկվի «միատարրությունից»։ Հասկանում է, որ դա ձեռնտու է իր անմիջական գործատուին։ Համոզված ենք՝ հասկանում է նաև, որ սա արհավիրք է երկրի համար, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի։ Եվ ահա ապացուցում է, որ իրեն ոչ թե Մաթևոսյանի «մտահոգությունն» է հուզում, այլ սեփական պաշտոնիկը։
Իսկ եթե դուք, սիրելի՛ ընթերցողներ, ուզում եք տեսնել այսպիսի պնդման ստահոդությունը, կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը»։ Ուշադի՛ր կարդացեք։ Հուշեր, տպավորություններ պատմողներն էլ թող կարդան։ Գուցե իրենք իրենցից ամաչեն։
Զարուհի Գաբրիելյան